Պուտինի Բաքու այցից հետո Հայաստանում «ամերիկյան զորք է տեղաբաշխվել»

Galiber.az-ի տեղեկությունը, որ Հայաստանում ամերիկյան զորքեր են տեղաբաշխվել, հիմարություն է: Ադրբեջանի Հանրային հեռուստատեսության հարցազրույցում ասել է Բաքվում Միացյալ Նահանգների դեսպան Մաքս Լիբին, հաղորդում է «Թուրան» գործակալությունը: Դեսպանը դիտարկել է, որ «ոմանք, ներառյալ Galiber.az-ը, ձգտում են կրակ վառել, Հայաստանի և Ադրբեջանի միջև դժվարություններ ստեղծել այնպիսի նպատակներով, որոնց մասին ես կարող եմ միայն կռահումներ անել»:

Նրա կարծիքով՝ «ակնհայտորեն պարզ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության բացակայությունն է, թեև առաջնորդները լավատեսական հայտարարություններ են անում»: Դեսպան Լիբինը չի մեկնաբանել սադրիչ հարցը՝ «արդյո՞ք Հայաստանի սահմանադրության դրույթները չեն խոչընդոտում խաղաղության պայմանագրին»: Նա միայն ասել է, որ «կողմերն ինքներս պիտի գտնեն լուծումները»:

Դեսպանին նաև փորձել են ներքաշել «Ազատության աջակցության Ակտի» 907-րդ ուղղման շուրջ բանավեճի մեջ, ինչին նա պատասխանել է, որ Ադրբեջանում կարող են պատճառաբանել, որ հարաբերությունների բարդության պատճառը դա է, բայց ինքը համոզված է, որ խնդիրը «մարդու իրավունքներն են, լրագրողների ձերբակալությունները, ՀԿ-երի և քաղաքացիական հասարակության բռնաճնշումը»:

Փաստացի գործ ունենք շատ պարզ իրավիճակի հետ. Ռուսաստանի նախագահի Բաքու այցից հետո Ադրբեջանի իշխանությունների, պետական կառույցների և հատկապես ռազմական գերատեսչության ու Պետական անվտանգության ծառայության հետ լիովին աֆիլացված Galiber.az-ը Հայաստան «ամերիկյան զորքեր տեղափոխելու» մասին լուր է հաղորդել։ Բաքվում ԱՄՆ դեսպանը պահանջել է հնարավորություն տալ, որպեսզի այդ բոլոր առումներով սադրիչ ապատեղակատվությունը հերքի։

Որքան էլ ավտորիտար և սանձարձակ՝ Ալիևը չէր կարող Միացյալ Նահանգների դեսպանին այդ հնարավորությունից զրկել, և Մաքս Լիբին փաստացի հայտարարել է, որ խնդիրը Galiber.az-ը չէ, այլ՝ նրանք, ովքեր Հայաստանի և Ադրբեջանի միջև «ձգտում են կրակ վառել»: Բաքվում ԱՄՆ դեսպանատունը, անշուշտ, Ադրբեջանի ներքին կյանքին քաջատեղյակ է: Դեսպան Լիբինը ըստ էության Իլհամ Ալիևին մեղադրել է այնպիսի մտադրություններ ունենալու մեջ, որոնց վերաբերյալ ինքը «կարող է կռահումներ անել»:

Անցած օրերին Բաքվում ԱՄՆ դեսպանատունը և պետական դեպարտամենտը դիվանագիտական ի՞նչ կոմունիկացիա են ունեցել Ադրբեջանի ԱԳՆ-ի և Իլհամ Ալիևի աշխատակազմի հետ՝ կարելի է միայն ենթադրել։ Բայց ինչու՞ Բաքվի հատուկ ծառայությունները տեղեկատվական սադրանք են կազմակերպել հատկապես Միացյալ Նահանգների դեմ։ Վլադիմիր Պուտինի Բաքու այցին նախորդած ամիսներին ալիևյան քարոզչությունը Հարավային Կովկասում «պատերազմի հրձիգ» էր անվանում Ֆրանսիային։

Պուտինի հետ բանակցություններից Ալիևը տպավորություն է ստացել, որ Մոսկվայի հիմնական թիրախը Միացյալ Նահանգներն է, թե ուղղակի ցուցում է ստացել, որպեսզի Վաշինգտոնն անվանարկվի որպես Հարավային Կովկասում անկայություն հրահրող: Բացառված չէ, որ տեղեկատվական այդ սադրանքն արվել է ի աջակցություն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Թրամփի, որը մրցակից դեմոկրատների կարող է մեղադրել Միացյալ Նահանգների «ռազմավարական գործընկեր Ադրբեջանի դեմ քայլեր ձեռնարկելու» մեջ:

Ամեն դեպքում դեսպան Լիբինի դիտարկումը, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «կրակ վառելու նպատակների մասին կարող է կռահումներ անել», շատ զգաստացնող է և որոշակի առումով կարելի է գնահատել Պուտին-Ալիև բանակցություններից ածանցված: Բաքվի իշխանական լրատվամիջոցը, թվարկելով Հնդկաստանից Հայաստանի «ձեռք բերած» սպառազինությունները, հանգել է հետևության, որ «տարածաշրջանում ուժերի բալանսի վերականգնում թույլ չտալու համար Ադրբեջանը կարող է դիմել պրևենտիվ գործողությունների»:

Որքան էլ Ռուսաստանը Միացյալ Նահանգներին մեղադրի Հարավային Կովկասում «երկրորդ ճակատ բացելու և այդ նպատակով Հայաստանը որպես պլացդարմ օգտագործելու» մեջ, աշխարհաքաղաքական իրավիճակն այնպիսին է, որ մեր տարածաշրջանում, Հայաստանի և Ադրբեջանի միջև «կրակ վառելու» սցենարը ձեռնտու է առաջին հերթին հենց Մոսկվային:

Այս տեսակետը հիմնավորելու մի ամբողջ շարք փաստարկներ կարելի է բերել: Տեղ և ժամանակ խնայելու համար նշենք միայն վերջին օրվա իրողությունը. Իրանի նորանշանակ արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին հեռախոսազրույցներ է ունեցել տարբեր գործընկերների, այդ թվում՝ Գերմանիայի արտգործնախարար Բերբոկի և անվտանգության ու արտաքին հարաբերությունների հարցերով Եվրամիության բարձր հանձնակատար Բորելի հետ: Ռուսաստանի արտգործնախարար Լավրովի հետ Արաղչին դեռևս շփում չի ունեցել: Իսկ Իրանի և Հայաստանի արտգործնախարարների հեռախոսազրույցը կայացել է: Նույն օրն Իրանի արտգործնախարարը չի շփվել նաև Ադրբեջանի պաշտոնակցի հետ:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *