Արտգործնախարարն ահազանգում է․ Նիկոլ Փաշինյանը նույնպես միացավ արտգործնախարարին․ Ի՞նչ է պատահել

ԱԺ- կառավարություն հոկտեմբերի 2-ի հարցուպատասխանի ընթացքում «խախտվել» է նախորդ հարցուպատասխանի ժամանակ արձանագրված «անդորրը»՝ իշխանության ու ընդդիմության, կամ ավելի շուտ՝ վարչապետ Փաշինյանի և ընդդիմության միջև: Ընդ որում՝ անդորրը եղել էր այնքան ակնառու, որ չէր վրիպել լրատվամիջոցների աչքից:

Հոկտեմբերի 2-ի հարցուպատասխանի ընթացքում ամեն ինչ վերադարձավ իր «բնականոն շրջան», և Նիկոլ Փաշինյանն ու Հայաստան խմբակցության պատգամավորները վերստին «հաղորդակցվեցին» բավականին սուր հռետորաբանությամբ, ինչի թեման Ադրբեջանի հետ գործընթացն էր: Ըստ էության՝ դիտարկումները ցույց են տալիս, որ Հայաստանի խորհրդարանում այդ թեմատիկայի շուրջ Փաշինյան-ընդդիմություն սուր բռնկումները պայմանավորված են լինում արտաքին միջավայրում եղած մարտահրավերների բավականին բարդ ռեժիմով:

Ընդ որում՝ խորհրդարանում հոկտեմբերի 2-ի հարցուպատասխանի առնչությամբ դա դրսևորվեց նաև այն հաստատումով, որ վարչապետ Փաշինյանն արեց արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Վարշավայում արած հայտարարության կապակցությամբ: Իսկ Միրզոյանը դրանից ժամեր առաջ Վարշավայի անվտանգության ֆորումում ասել էր, որ կա մտավախություն, որ Ադրբեջանը ռազմական ծրագրեր ունի Հայաստանի նկատմամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է խորհրդարանում, որ այն, ինչ ասել է Միրզոյանը, ճիշտ է ասել: Մեծ հաշվով, Արարատ Միրզոյանը Ադրբեջանից բխող այդ ռիսկերի մասին խոսել էր նաև ամռանը՝ հունիսին, սակայն Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ չէր հաստատել Միրզոյանին, չէր փնտրել դա անելու որևէ առիթ: Մինչդեռ այսօր օգտագործում է հաստատելու առիթը ժամեր անց, ինչը ևս մեկ անգամ վկայում է, որ, ըստ ամենայնի, մթնոլորտը բավականին սուր է:

Ավելին, Փաշինյանը հայտարարել է նաև, որ նորություն չէ Հայաստանի Հանրապետություն չլինելու Ադրբեջանի ցանկությունը: Հնարավոր է, որ սպասումները լարվել են իրանաիսրայելյան տիրույթում նախօրեին տեղի ունեցածի ֆոնին: Միևնույն ժամանակ, բացառելի չէ, որ Փաշինյանը այնքան էլ գոհ չէ Էրդողանի հետ հանդիպման արդյունքից:

Գուցե Էրդողանը հավաստիացրել է, որ Թուրքիան Ադրբեջանին չի մղի լարվածության կամ չի աջակցի, բայց նաև չի կանգնեցնի կամ խանգարի, եթե Բաքուն որոշի լարել իրավիճակը: Համենայն դեպս, Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ ամբիոնից՝ «լավ ասենք, որ լավ լինի» արտահայտությունը հնչեցնող Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ին Հայաստանի խորհրդարանի ամբիոնից, կարծես թե, չի ասել լավը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *