Ռոբերտ Ամիրխանյանը` Voice of Turan-ում հայ երգչուհու հաղթանակի մասին

Voice of Turan («Թուրանի ձայնը») երգի միջազգային մրցույթում Հայաստանի մասնակցությունն ու Հայաստանը ներկայացնող երգչուհի Սյուզաննա Մելքոնյանի հաղթանակն այս օրերին տարբեր քննարկումների տեղիք է տվել։

Voice of Turan երգի միջազգային մրցույթն անցկացվել է Ղազախստանի Հանրապետության Թուրքեստան քաղաքում, որին մասնակցել են 18-35 տարեկան կատարողներ Ղրղզստանից, Ուզբեկստանից, Թաթարստանից, Ադրբեջանից, Վրաստանից, Բելառուսից, Հայաստանից, Կիպրոսից, Թուրքիայից, Բուլղարիայից, Կոսովոյից, Ինդոնեզիայից, Իսպանիայից, Կուբայից, Վենեսուելայից և այլ երկրներից։
Հայ երգչուհու մասնակցությունն այս մրցույթին քաղաքականացվեց, հետո նաև քննադատվեց ու քննարկվեց սոցիալական ցանցերում, մարդիկ զայրացան՝ «այդ երբվանի՞ց դարձանք Թուրանի մաս», կամ՝ այդ տրամաբանությամբ «մի օր էլ Հայաստանը կմասնակցի «Ադրբեջանի ձայնը» մրցույթին ու ոչ մի խնդիր չի տեսնի դրանում»։

Հատկանշական է, որ փառատոնի հիմնական նպատակների մեջ, բացի միջազգային ասպարեզում ղազախական երաժշտության և մշակույթի հանրահռչակումից, ձեւակերպված է նաեւ մեկ այլ նպատակ․ «Ուշադրություն հրավիրել Թուրքեստանի՝ որպես թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաքի վրա»։

«Հրապարակ»-ը կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվել է, թե որքանով է նպատակահարմար Հայաստանի մասնակցությունը մի մրցույթի, որի նպատակներից մեկը թյուրքական աշխարհի հոգևոր մայրաքաղաքի ու նրա երաժշտության հանրահռչակումն է։

«Մշակույթի ասպարեզն ազատ է քաղաքական հասկացությունների որոշ սահմանափակ պատկերացումներից: Եթե հայ պատանին կամ աղջիկն այդպիսի շնորհ ունի, ես գտնում եմ, որ ոչինչ չի խանգարում նրան` ելույթ ունենալու համար, եթե հանգամանքները նրան արդեն, բերել հասցրել են այդ կոնկուրսին: Կոնկրետ ես դրա մեջ ոչ մի քաղաքական, նեգատիվ բան չեմ տեսնում»,- նշել է Ամիրխանյանը:

Եթե նմանատիպ մրցույթ Բաքվում կազմակերպվի, կողմ կլինի՞ Հայաստանի մասնակցությանը։ «Կյանքը շարունակվում է, ջանիկս…, այսպիսի բաներ մեր պատմության ընթացքում անընդհատ եղել են, պետք է այս հարցին նայել այսպես, որ տաղանդավոր հայ տղան ուրիշի տանն էլ, բակում էլ կարող է ապացուցել, որ ինքը նրանցից ավելի տաղանդավոր է:

Ուրիշ բան, որ ես ոչ մի կերպ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է հայ մարդը նրանց հետ հաղորդակցվել, նրանց մշակութային իրադարձություններին մասնակցել, որովհետեւ նրանք մի խնդիր ունեն` ցեղասպան խնդիր` հայոց գործոնն աշխարհից վերացնել, ու ոչ մի խաղաղության խաչմերուկ չի կարող նրանց հետ կանգնեցնել իրենց այդ անմարդկային վերաբերմունքից: Մեզ մնում է միայն բռունցքվել, հավաքվել, վերացնել մեր մեջ եղած բոլոր տարաձայնությունները եւ կառուցել մեր պետականությունը, հեռանալ ստրկությունից, մոռանալ, որ ինչ-որ մեկից կախված ես, ու կառուցել քո ինքնուրույն կյանքը: Մենք պետք է կարողանանք մեր ազգային համաձայնությունը կերտել»,- ասել է կոմպոզիտորը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *