Տպավորություն է, որ միջազգային բոլոր ազդեցիկ դերակատարներն սպասում էին, որ Իսրայելը կհարվածի Իրանին: Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի գնահատմամբ՝ դա պետք է լինի երկու երկրների միջև վերջին փոխանակվող հարվածը:
Իրանը հայտնել է առնվազն երկու զինվորականի կորուստի մասին և ավելացրել, որ պատասխան հարվածի իրավունք միշտ ունի: Իրանի դեմ Իսրայելի գիշերային հարձակումը տարածաշրջանի երկրներից դատապարտել է միայն Սաուդյան Արաբիան: Ռազմական փորձագետների գնահատմամբ՝ Իսրայելի օդուժը չի մտել Իրանի տարածք, հրթիռային հարվածները հասցվել են Հորդանանից:
Ռազմական առումով, հավանաբար, Իրանին հասցված վնասը մեծ չէ: Եվ, ըստ երևույթին, իսրայելա-ամերիկյան այդ համատեղ գործողությունը նման նպատակ չի էլ հետապնդել: Խնդիր է դրվել, երևի, միջազգայնացնել, որ Իսրայելի հետ էքզիստենցիալ դիմակայության մեջ Իրանը գործնական դաշնակիցներ չունի:
Ավելին՝ Լիբանանի վերականգնման հարցով Ֆրանսիայի նախաձեռնած խորհրդաժողովում Լիբանանի վարչապետը չափազանց կարևոր դիտարկում է արել այն մասին, որ Իսրայելի հետ սահմանին պետք է մնան միայն երկրի օրինական զինված ուժերը:
Տասնամյակներ ի վեր Իրանը հսկայական միջոցներ և դիվանագիտական ջանքեր է ներդրել, որպեսզի ձևավորի այսպես կոչված դիմադրության առանցք: Այս առումով նրա «հարվածային ուժերից» է «Հեզբոլլան»: Վերջինս Լիբանանի ներքին կյանքում շատ ազդեցիկ դերակատար է: Եվ եթե Լիբանանի կառավարությունը «Հեզբոլլային» Իսրայելի հետ սահմանից հեռացնելու խնդիր է շոշափում, պետք է հասկանալ, որ Իրանի արտաքին գործերի նախարարի, ապա և խորհրդարանի նախագահի Բեյրութ այցելությունները, մեղմ ասած, հաջողությամբ չեն պսակվել:
Իրանին, ըստ երևույթին, չի հաջողվել նաև իսլամական համերաշխության քարոզչությամբ Իսրայելի դեմ տրամադրել նաև Պարսից ծոցի արաբական երկրներին, իսկ Հորդանանն առհասարակ հանդես է գալիս որպես հրեական պետության դաշնակից:
Խիստ զգաստացնող է, որ Իսրայելի հարձակումից ժամեր առաջ Իրանը հայտարարություն է տարածել, որ բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ուժերը բերվել են մարտական թիվ մեկ պատրաստության և վճռական են՝ ճնշելու երկրի կայունությունը խաթարելու ցանկացած փորձ, լինի դա էթնիկ հողի վրա, թե այլ շարժառիթներով:
Նույն ժամերին՝ հոկտեմբերի 25-ի երեկոյան, Թուրքիայի ԱԳՆ սոցիալական X հարթակում Իսրայելի վարչապետ Նաթանյահուին և նրա ռազմական կաբինետին անվանել է տարածաշրջանում խաղաղության և կայունության «միակ խոչընդոտ»: Անկարան դատապարտել է օկուպացիայի և անեքսիայի միջոցով տարածաշրջանը փոխելու Նաթանյահուի ծրագիրը և վճռականապես հայտարարել, որ թույլ չի տա իր սահմանների մոտ ահաբեկչական պետություն ստեղծել:
Խոսքը, անկասկած, Սիրիայի հյուսիսում քրդական պետության մասին է: Որքանով հասկացվում է, Թուրքիան ակնարկում է, որ ի հակակշիռ Պաղեստինի ճանաչման գործընթացի, Իսրայելը փորձում է օկուպացիայի և անեքսիայի միջոցով քրդական պետության համար նպաստավոր պայմաններ ստեղծել: Դա, ինչ խոսք, Նաթանյահուի «տրամաչափի» նախագիծ չէ: Մերձավոր Արևելքի ի՞նչ ստատուս քվո կհամաձայնեցնեն միջազգային ազդեցիկ ուժերը: Բայց կհամաձայնեցնե՞ն: Իսրայելն Իրանի հարվածել է հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովների կանոնադրությունը Երևանի և Բաքվի կողմից պաշտոնապես վավերացնելուց գրեթե ժամեր անց: Ինչո՞ւ:
Նյութի աղբյուր