Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնել է, որ մինչև նոյեմբերի 2-ը ներառյալ երկիրը գտնվելու է անտիցիկլոնի ազդեցության գոտում:
Նրա խոսքով՝ հանրապետության ողջ տարածքում կդիտվի առանց տեղումների եղանակ, օդի ջերմային ֆոնում էական տատանումներ չեն կանխատեսվում:
«Ներկա պահին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կլիմայական նորմայից ցածր է մոտ 3-5 աստիճանով: Վերջին 10 օրերին արձանագրում ենք տարվա այս ժամանակահատվածին ոչ բնորոշ բավականին ցածր ջերմային ֆոն, հատկապես՝ գիշերային ժամերին լեռնային բնակավայրերում, ինչպիսին է՝ Աշոցքը, Գավառը և այլն. վերջին օրերին գիշերային ժամերին դիտվել է մինչև -10 աստիճան ցուրտ, Արարատյան դաշտում վերջին երեք օրերին գրանցվել է մինչև -2-4 աստիճան ցուրտ: Եթե անցյալ տարի Արարատյան դաշտում առաջին բացասական ջերմաստիճանները գրանցվել էին նոյեմբերի 23-ին, ապա այս տարի՝ հոկտեմբերի 23-ին, այսինքն՝ ջերմային ֆոնով, անցյալ տարվա հետ համեմատած, մեկ ամիս ավելի մոտ ենք ձմռանը»,- մանրամասնել է Սուրենյանը:
Հարցին՝ կարելի՞ է ենթադրել, որ այս տարի կլինի ավելի ցուրտ ձմեռ, վերջինս պատասխանել է. «Նախնական գնահատականով՝ այս տարվա պրոցեսները և աշունը բավականին նման են 2016 թվականին, որին հաջորդել է 2017 թվականի ցուրտ ձմեռը, բայց սա վերջնական եզրակացություն չէ ձմռան կանխատեսման, դա պարզ կլինի նոյեմբերի 3-րդ տասնօրյակում: Ամեն դեպքում կրկնեմ, որ, նախնական տվյալներով, մթնոլորտի շրջանառությունը շատ նման է 2016 թվականին»:
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նաև տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ից սկսած՝ Սև ծովից եկող պրոցեսներ կլինեն, որոնք այս պահի դրությամբ այդքան ինտենսիվ չեն. «Առանձին հատվածներում հնարավոր են տեղումներ, բայց՝ ոչ ինտենսիվ և ոչ համատարած, այսինքն՝ դրանք կլինեն կարճատև՝ ՀՀ առանձին հատվածներում: Նոյեմբերի 5-ից կունենանք ջերմաստիճանի հավելյալ անկում՝ մոտ 3-4 աստիճանով այս օրերի համեմատ, այսինքն՝ եղանակի տաքացման պետք չէ սպասել, նվազման պրոցեսը, նախնական գնահատմամբ, կշարունակվի»:
Նրա խոսքով՝ այս պահին հարավային լայնությունից եկող տաք օդային հոսանքներ չեն նկատվում, օդային հոսանքները հատկապես հոկտեմբերի 17-ից հետո հյուսիս-արևմուտքից են՝ հյուսիսային լայնություններից, Ռուսաստանի եվրոպական մասից, որոնք համարվում են արկտիկական օդային հոսանքներ, և դրա համար էլ օդի ջերմաստիճանը բավականին ցածր է:
Խոսելով աշնանացանի ու ցրտահարության դեպքերի մասին՝ Սուրենյանը նկատել է, որ աշնանացանը դիմանում է մինչև -15 աստիճանի, սակայն նման ջերմաստիճան դեռևս չի գրանցվել:
«Ցրտահարման դեպքեր, կարելի է ասել, չեն եղել, բայց -8, -10 աստիճանը ոչ թե համարվում է ցրտահարություն, այլ՝ անբարենպաստ պայման աշնանացանի համար, իսկ Արարատյան դաշտում եղավ ուշ աշնանային ցրտահարություն, առաջինը՝ հոկտեմբերի 23-ին, հետո՝ 25, 26, 27-ին, և արդեն ամեն օր էլ բացասական ջերմաստիճաններ գրանցվում են: Անցած գիշեր էլ Արարատի, Արմավիրի մարզերում մինչև 2-4 աստիճան ցուրտ ենք ունեցել, բայց քանի որ Շրջակա միջավայրի նախարարությունը տարածել էր հատուկ նախազգուշացում, հուսով եմ՝ առանձնապես վնասներ չեն եղել»:
Սուրենյանը գյուղատնտեսության սպառնացող որևէ վտանգավոր կանխատեսում չի տեսնում, ընդհակառակը, նրա խոսքով, դիտված առատ տեղումները բավականին բարենպաստ են ազդում հատկապես աշնանացանի վրա՝ և՛ ցորենի, և՛ գարու:
Վերջինս նաև նկատել է, որ տարին տեղումնառատ է եղել, ինչը բարենպաստ է ազդել Սևանա լճի ջրային ռեսուրսների վրա. «Ուղղակի այս տարին աչքի է ընկնում բուռն պրոցեսներով՝ ակտիվ ցիկլոններով, առատ տեղումներով, ուժեղ ամպրոպներով և վերջին օրերին էլ՝ ցածր ջերմային ֆոնով»:
Սուրենյանը հավելել է, որ այս պահին ոչ մի բնակավայրում ձնածածկույթ չկա: Այն մեկ օր է տևել:
Նյութի աղբյուր