Ինչպես հայտնել էինք, օգոստոսի 1-ին՝ ժամը 06:15-ի սահմաններում Շիրակի մարզի Ոսկեհասկ գյուղում պայթյունի հետևանքով սեփական տուն է փլուզվել:
Պատահարի հետևանքով 12-ամյա Լուսինե Խաչատրյանը մահացել է:
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Ոսկեհասկի վարչական ղեկավար Մուշեղ Սահակյանն ասել է՝ երեխան փլատակների տակ էր մնացել:
Հարևանները պատմել են, որ դեպքի պահին՝ լուսաբացին, տան տատիկը՝ Փառանձեմն ու հարսն են արթուն եղել: Հարսը փորձել է սուրճ պատրաստել, պայթյունն այդ պահին է եղել:
«Չէր երևա երեխեն, օգնելու հնար չկար, պատը փլվել էր վրեն: Փրկարարներն եկան, հարևաններն էլ, հանեցինք երեխուն, բայց մահացել էր: Մյուսները լուսամուտից դուրս էին եկել: Իրանց աշխատանքով ապրող մարդիկ էին»,- պատմել է հարևանը:
Գյումրի ԲԿ-ի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը լրատվականին հայտնել է, որ բուժօգնության են տեղափոխվել 31 և 56 տարեկան կանայք: Ընտանիքի հարսին ամբուլատոր բուժում է նշանակվել, տուն կգնա: Տիկին Փառանձեմը կմնա հիվանդանոցում:
«Տուժածն ունի 20 տոկոս այրվածքներ՝ դեմքի, վերին շնչուղիների և ձեռքերի հատվածում՝ 2-3-րդ աստիճանի»,- ասել է Խաչատրյանը:
Տունը ենթակա է հիմքից քանդման, քանի որ ամբողջովին վնասվել է: Վարչական ղեկավարի խոսքով՝ տարբերակներ են քննարկվում ընտանիքին նոր բնակարանով ապահովելու համար: Վնասվել է տան բակում կայանված ավտոմեքենան:
Նախնական տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել հեղուկ գազի բալոնից արտահոսքի պատճառով՝ տան բնակչի կողմից գազօջախը միացնելու ընթացքում։
Նյութի աղբյուր