«Հրապարակ»-ը գրում է․ Անշարժ գույքի հարկի բարձրացումը տարեցտարի քաղաքացիներն իրենց մաշկի վրա ավելի են զգալու: 2024-ին արդեն բավականին բարձր գույքահարկ վճարած քաղաքացիները սկսել են հասկանալ, որ պետությունն իրենց որոշել է հարստահարել եւ իրենց պապական, հայրական տների համար չափից դուրս մեծ հարկ է ուզում գանձել` առանց որեւէ պարտավորություն ստանձնելու:
Չկա շաբաթ, որ մեր խմբագրությունը գույքահարկի թանկացման վերաբերյալ ահազանգ չստանա։ Նախորդ շաբաթ խմբագրություն էր զանգահարել մի թոշակառու եւ ասում էր, որը սովետական ժամանակներից բնակվում է այժմ շատ հայտնի եւ պոպուլյար Ձորաղբյուր թաղամասում: Գանգատվում էր, որ նախորդ տարիներին իր տան համար վճարել է 70 հազար, հիմա ստիպված է լինելու վճարել տարեկան մոտ 400 հազար դրամ։
Սա դեռ քաղաքի ծայրամասում գտնվող տարածքի գույքահարկի գինն է, կենտրոնում ապրողների վիճակն ավելի բարդ է․ օրինակ, Կասկադում ապրողը եթե տարիներ շարունակ գույքահարկի համար վճարել է 50 հազար դրամ, 2025-ին կվճարի 600, իսկ 2026-ին՝ մոտ 900 հազար դրամ։
Կադաստրի կոմիտեից «Հրապարակ»-ի հետ զրույցում ասացին՝ 2021 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետությունում իրականացվել են անշարժ գույքի հարկման համակարգի բարեփոխումներ։
Նկատենք, որ այս իշխանությունը բարեփոխում է անվանում ցանկացած թանկացում: Ըստ Կադաստրի կոմիտեի, ներդրվել է անշարժ գույքի միասնական գնահատման եւ հարկման համակարգ, որի արդյունքում անշարժ գույքի հարկման նպատակով կադաստրային արժեքը ձեւավորվում է հողամասի եւ դրա վրա առկա շինությունների կադաստրային արժեքների հանրագումարից, իսկ հարկումն իրականացվում է այդ միասնական գնահատված արժեքից։
Ըստ նրանց՝ ընդունված փոփոխությունների հետեւանքով՝ անշարժ գույքի հարկման բազա է սահմանվել անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքը։ Երեւանի տարբեր հատվածների անշարժ գույքի հարկման գնային տարբերությունը, ըստ Կադաստրի կոմիտեի, պայմանավորված է գոտիավորմամբ, այսինքն՝ Նորքի զանգվածում եւ կենտրոնում ապրողը նույնատիպ բնակարանի համար չի կարող նույն հարկը վճարել։
2020-ի փոփոխություններով՝ գույքահարկը մարդիկ վճարել են աստիճանաբար բարձրացող գներով՝ սկզբում 25 տոկոսով է աճել գումարի չափը, հետո30, 2026-ին արդեն 100 տոկոս կմուծեն բարձրացված հարկը․
«Սահմանվել է ամբողջական հարկմանն անցման անցումային ժամանակաշրջան, ըստ այդմ՝ կատարված փոփոխությունների հիմքով անշարժ գույքի ամբողջական հարկմանն անցումը (100 տոկոսի չափով) կատարվելու է 2026 թվականին, իսկ 2021 թվականին հաշվարկվել է դրա 25 տոկոսը, 2022 թվականին՝ 30 տոկոսը, 2023 թվականին՝ 35 տոկոսը, 2024 թվականին՝ 50 տոկոսը, 2025 թվականին՝ 75 տոկոսը»։ Մնում է ՀՀ քաղաքացին պարզի արդյո՞ք իր եկամուտները 2021-ին աճել են 25, 22 թվին 30 եւ 25 թվին 75 տոկոսով:
Նշենք, որ անշարժ գույքի հարկի տարեկան գումարները անշարժ գույքի գտնվելու վայրի համայնքի բյուջե են վճարում մինչեւ հարկային տարվա դեկտեմբերի 1-ը ներառյալ:
Չվճարելու կամ մասամբ վճարելու դեպքում յուրաքանչյուր հաջորդ օրվա համար մայր գումարին նաեւ տույժ է գումարվում։ Տույժի դրույքաչափը յուրաքանչյուր չվճարված օրվա համար 0,04 տոկոս է։ Եթե քաղաքացին մինչեւ դեկտեմբերի 1-ը վճարումը չի կատարել, ապա համայնքն իրավունք ունի ԴԱՀԿ-ի միջոցով գանձել գումարը։ Ինչը նշանակում է, որ մի քանի տարի գույքահարկ չվճարած անձանց բնակարանները պետությունն ուղղակի խլելու է մարդու ձեռքից` չվճարած գույքահարկի եւ տույժ-տուգանքների դիմաց:
Նյութի աղբյուր