Օգոստոսի 26-ին բացահայտվել է Երևանում առանձնակի դաժանությամբ կատարված սպանության դեպք։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, օրեր առաջ ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից որոնվում էր որպես անհետ կորած, Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Իշխան Սիմոնյանը։ Վերջինս դուրս էր եկել տանից և չէր վերադարձել:
2 օր նրան որոնելուց հետո Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ նրա մասին տեղեկություններ ունենալու համար ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել՝ այդ թվում «02» հաղորդաշարով։
Ոստիկաններն ու քննիչները օրեր շարունակ կատարել են հսկայածավալ օպերատիվ հետախուզական, քննչական գործողություններ և օպերատիվ տվյալներով ճշտել են, թե վերջին անգամ որտեղ և ում հետ է եղել Ի․ Սիմոնյանը։
Պարզվել է, որ նա եղել է նաև Արարատի մարզի բնակիչ 25-ամյա Սոկրատ Ս․-ի հետ ու ոստիկանները մեկնել են վերջինիս բնակության հասցե, սակայն նա տանը չի եղել։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով ոստիկանները 1 օր նրա բնակության վայրը հսկողության տակ են վերցրել, որպեսզի երբ հայտնվի սպանություն կատարելու կասկածանքով նրան բերման ենթարկեն։
Օգոստոսի 26-ին Սոկրատ Ս․-ն այլ ելք չունենալով ինքնակամ ներկայացել է ոստիկանություն և հայտնել, որ սպանությունը ինքն է կատարել ու պատրաստակամություն է հայտնել մատնացույց անել այն վայրը, որտեղ այն կատարվել է:
Աղբյուրի տեղեկություններով նա ոստիկանների ու քննիչների ուղեկցությամբ մեկնել է դեպքի վայր։ Ջրվեժ թաղամասից դեպի Նուբարաշեն տանող ճանապարհահատվածում նա մատնացույց է արել դիակի տեղը։
Նյութի աղբյուր