«Միշտ մեծ ուրախությամբ ենք նշել այս օրը, իրենք էլ էին այդպես սիրում»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց Արցախում զոհված զույգ եղբայրների հայրը։
2020 թվականի 44-օրյա պատերազմում զոհված զույգ եղբայրներ Արմեն և Ռուբեն Շահինյաններն այսօր կդառնային 23 տարեկան։
«Իրենց վերջին ծննդյան օրը նրանք ծառայության մեջ են եղել։ Հեռախոսով ենք շնորհավորել, նրանք պոստերում էին։ Չէին ուզում ցույց տալ։ Ինձ առանձին խնդրեցին, որ կնոջս չասեմ, որ պոստերում են։ Այդպես կինս զանգեց, շնորհավորեց, անգամ չհասկացավ, որ երեխաները դիրքերում էին»,- ասաց Գեղամ Շահինյանը։
Հերոսների հայրը մեզ հետ զրույցում նաև հիշատակեց իր և տղաների վերջին խոսակցությունը ողբերգական դեպքից առաջ։
«Վերջին անգամ խոսել էինք հոկտեմբերի 28-ին։ Մեկ շաբաթ չէին զանգել, շատ անհագիստ էինք։ Զանգեցին, թե բա՝ պապ ջան ո՞նց եք։ Ասացին, թե հարմար չէ, դրա համար չեն զանգել։ Վերջում էլ ասացին, որ երեք օր չեն զանգի, բայց հենց վերադառնան, նորից կզանգեն։ Եվ դա եղավ վերջին զրույցը։
Երեկ գիշերը՝ ժամը 12-ին, էլ ենք գնացել տղաներիս շիրիմին, այսօր էլ ենք գանլու։ Մեր երեխաների հետ զոհված տղաների ծնողներներն էլ գալու»,- եզրափակեց հերոսների հայրը։