Հայաստանի ԱԳ նախարարության խոսնակը լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի՝ Ջաբրայիլում հնչած հերթական ագրեսիվ հայտարարությանը: Իսկ Ալիևը հայտարարել է, թե Հայաստանը պետք է «դադարեցնի վտանգավոր խաղերը» և խաղաղության փոխարեն չսպառազինվի: Դժվար չէ պատկերացնել, թե ինչ սպառնալիքներ են հաջորդել դրան:
Հայաստանի ԱԳՆ խոսնակը հայտարարում է, որ Երևանը հավատարիմ է խաղաղության օրակարգին և վկայակոչել է Սահմանադրական դատարանի վերջին որոշումը՝ սահմանազատման և սահմանագծման կանոնակարգի վերաբերյալ: Խոսնակը հիշեցել է նաև, որ Հայաստանը ընդհուպ հայտարարել է, որ չունի իր տարածք մտած ադրբեջանական ստորաբաժանումներին ուժով հեռացնելու մտադրություն և ակնկալում է այդ հարցերը լուծել սահմանազատման խաղաղ գործընթացով:
Երևանը նաև հայտարարել է, որ ինչպես ցանկացած երկիր, ինքն էլ ունի ինքնապաշտպանության իրավունք: Վստահաբար հնարավոր է ասել, որ Ալիևին չեն հետաքրքրում այդ հայտարարությունները, որքան էլ դրանք լինեն հիմնավոր ու համոզիչ: Ադրբեջանը, երբ կասկածի տակ է դնում Հայաստանի հավատարմությունը խաղաղության օրակարգին, դա լոկ այն պատճառով է, որ այս կասկածով փորձում է ծածկել խաղաղության սեփական մտադրության բացարձակ բացակայությունը:
Հետևաբար, բուն հարցն այն է, թե Հայաստանի պատասխանները որքանով են հետաքրքրում միջազգային դերակատարներին, որոնք կարող են օժանդակել ռեգիոնալ կայունությանը, եթե, իհարկե, կամենան: Եվ այստեղ է առանցքային հարցը՝ իսկ արդյո՞ք Ադրբեջանի նախագահի և պաշտոնյաների այդ հայտարարությունները, արդյո՞ք նոր պահանջը՝ «պատժել» արցախյան շարժման հերոսներին և կարևոր դերակատարներին, չի բխում հենց այն հանգամանքից, որ Ադրբեջանը զգում է միջազգային դերակատարների կամ անտարբերություն, կամ անկենսունակություն: Թե՞ Ալիևը պարզապես բարձրացնում է խաղադրույքը:
Ըստ ամենայնի՝ մեծ հավանականությամբ նա փորձում է հենց դա՝ տեսնելով, որ այսօր գործնականում բավականին դինամիկ ձևով ծավալվում է խաղադրույքների բարձրացում ամբողջ աշխարհում՝ համաշխարհային պատերազմի ամբողջ թատերաբեմում: Դա արձանագրվում է ուկրաինական ուղղությամբ, դա արձանագրվում է Մերձավոր Արևելքում, ավելի ու ավելի հաճախ է հղումներ արվում միջուկային դոկտրինաներին: Կառավարելի է այդ խաղադրույքների բարձրացումը, թե ոչ, այլ հարց է, սակայն դա ակնառու է և ըստ ամենայնի Բաքուն էլ իր հերթին է որոշել բարձրացնել խաղադրույքը Հայաստանի հետ գործընթացի առումով: Իսկ ունի՞ խաղադրույքը բարձրացնելու իր ռեսուրսը Հայաստանը:
Նյութի աղբյուր