Ալեն Սիմոնյանի կոշտ ակնարկը Փաշինյանին

«Ինձ մի առանձնացրեք, ես առանձին վարկանիշ չունեմ, իմ վարկանիշը դա «Քաղաքացիական պայմանագրի» և Նիկոլ Փաշինյանի վարկանիշն է», խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նաագահ Ալեն Սիմոնյանը, երբ նրան հարցրել են սոցհարցման տվյալի մասին, որտեղ իր վարկանիշը երկու տոկոս է: Ըստ էության, Ալեն Սիմոնյանի պատասխանը բավականին բազմիմաստ և թափանցիկ ակնարկ է վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ակնարկի ակնառու տողատակն այն է, որ Սիմոնյանը Նիկոլ Փաշինյանին ըստ էության զգուշացնում է, որ իրեն «խորտակելու» փորձի պարագայում, ինքն իր հետ «կխորտակի» ամբողջ նավը:

Ասել կուզի, հնարավոր չէ «խորտակել» իրեն, քանի որ բոլորը կապված են մի թելով: Թե որքանով է այդ զգուշացումը Փաշինյանի համար լինելու ազդեցիկ, բարդ է ասել, քանի որ դրա համար հարկ է տիրապետել ներիշխաննական փոխհարաբերությունների ամբողջ պատմությանն ու հետագծին: Սակայն, Սիմոնյանն այդ իմաստով թերևս բավականին փորձառու է այդպիսի «պատահական» ակնարկ չանելու համար:

Հետևաբար, եթե նա չունի տեղեկատվություն, որ՝ թե սոցհարցումը, թե դրանով պայմանավորված հարցադրումները զգալիորեն գալիս են հենց իշխանության ներսից, ոչ առանց Փաշինյանի գիտության, ապա առնվազն օգտագործել է առիթը՝ արտահայտվելու և իրեն հուզող խնդիրը բարձրաձայնելու, այդ առնչությամբ ակնարկ հնչեցնելու համար:

Դա նշանակում է, որ Ալեն Սիմոնյանն ունի որոշակի տեղեկություններ իշխանության ներսում իր դերակատարման, իր շուրջ հնարավոր խմորումների վերաբերյալ, որոնց էլ թերևս արձագանքում է սոցհարցման տվյալի և վարկանիշի մասին լրագրողական հարցի առիթն օգտագործելով: Հատկանշական է, որ դա տեղի է ունենում մի ժամանակաշրջանում, երբ հանրությունն ականատես է լինում ներիշխանական սկանդալների միմյանց հաջորդող դրվագների, որոնք ակնհայտորեն վկայում են կառավարող համակարգի ներսում բաժանարար գծերի խորացման մասին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *