ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ծառայողները, համագործակցելով ՀՀ քննչական կոմիտեի քննիչներին հետ, իրականացնելով հսկայածավալ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ, պարզել են նոյեմբերի 8-ին Արարատի մարզի Նոր Խարբերդի բնակիչ 17-ամյա Դավիթ Տ.-ի սպանության դեպքի որոշ հանգամանքներ։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, քրեական և համայնքային ոստիկանները 20-ից ավելի հասցեներում են եղել, այդ թվում Երևանում և Արարատի մարզում, ապա իրականացնելով հսկայածավալ ճիշտ և օպերատիվ աշխատանքներ, պարզել են, որ վիճաբանություն-ծեծկռտուքը, որն ավարտվել է սպանությամբ, տեղի է ունեցել Նոր Խարբերդի գերեզմանների մոտ և վիրավորը թոքի մասում ստացած սուր կտրող-ծակող առարկայի հարված է ստացել ու տեղափոխվել «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղ էլ գիտակցության չգալով մահացել է։
Կայքի տեղեկություններով՝ վիճաբանություն-ծեծկռտուքի, ապա սպանության պատճառը եղել է SMS հաղորդագրություն ուղարկելը, իսկ մահացածը երբևէ քրեական պատմություններով աչքի չի ընկել, եղել է Նոր Խարբերդում համեստ ու խելացի անձնավորություն ու շատերի համար զարմանք է եղել, որ Դավիթին դանակահարել են։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև դանակահարողի ինքնությունը, ում նկատմամբ արդեն քրեական հետապնդում է հայտարարվել։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 8-ին սպանություն էր տեղի ունեցել Արարատի մարզում։
Նյութի աղբյուր