Հայաստան է ժամանում Գերմանիայի արտգործնախարար Անալենա Բերբոքը: Հայաստանում նա հանդիպում կունենա իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ, որին վերջին անգամ հանդիպել է սեպտեմբերին՝ Նյու Յորքում կայացած ՄԱԿ ԳԱ շրջանակում: Բերբոքի Հայաստան այցի մասին չկար նախնական ազդարարում, ինչը տպավորություն է ստեղծում, որ այցը որոշակիորեն հանպատրաստից է: Ինչո՞ւ է Գերմանիայի ԱԳ նախարարը գալիս Հայաստան: Եվ կմեկնի՞ արդյոք Ադրբեջան:
Թե՞ Բերբոքը Հայաստան այցելում է Ադրբեջանի ճանապարհին, ուր գուցե մեկնում է Կլիմայի գագաթաժողովի առիթով, որը շարունակվում է մինչև նոյեմբերի 22-ը: Գերմանիայի ԱԳ նախարարի այցի մանրամասներ չկան: Միևնույն ժամանակ, կան ուշագրավ ֆոնային հանգամանքներ: Մասնավորապես, Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան է գալիս մի պարագայում, երբ այդ երկրի կառավարության համար բարդ իրավիճակ է: Օրեր առաջ փլուզվել է կառավարող կոալիցիան: Բերբոքը Գերմանիայի կոալիցիոն կառավարության կազմում ընդգրկված կանաչների ներկայացուցիչ է: Կոալիցիայի առաջատարը սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն է, որի ներկայացուցիչ է կանցլեր Շոլցը:
Կոալիցիան փլուզվեց այն բանից հետո, երբ Շոլցը հայտարարել էր ֆինանսների նախարարի՝ ազատ դեմոկրատների ներկայացուցչի պաշտոնանկության մասին, ինչից հետո պաշտոնը թողեցին ազատ դեմոկրատների մյուս նախարարները: Կարծես թե կանաչների հետ սոցիալ-դեմոկրատները գոնե առայժմ չունեն խնդիր, բայց դա բավարար չէ կառավարող մեծամասնություն ապահովելու համար: Եվ եթե Բունդեսթագը դեկտեմբերին անվստահություն հայտնի կանցլերին, ինչի հավանականությունը բավականին մեծ է, նախագահ Շտայնմայերը փետրվարի վերջին կնշանակի խորհրդարանի արտահերթ ընտրություն: Այդ բարդ ներքին իրավիճակում որքանո՞վ է կենսունակ Բեռլինն արտաքին քաղաքական իմաստով:
Այստեղ էլ մյուս ուշագրավ ֆոնն է: Օրեր առաջ տեղի ունեցավ կանցլեր Շոլցի հեռախոսազանգը Պուտինին՝ երկամյա դադարից հետո: Զրուցելու պատրաստակամության մասին Շոլցը արտահայտվել էր ԱՄՆ նախագահի ընտրությունից առաջ, սակայն հեռախոսազանգը տեղի էր ունեցել դրանից հետո, երբ արդեն հայտնի էր, որ նախագահ է ընտրվել Դոնալդ Թրամփը: Իսկ այդ ընտրությունը որոշակի նոր մարտահրավեր է Եվրոպայի համար, այդ թվում, մասնավորապես, Գերմանիայի: Շոլցն ու Պուտինը խոսել են մեկ ժամ: Դրանից հետո Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ չունի լավ նորություն ու Ուկրաինայի պատերազմի դադարեցման վերաբերյալ Պուտինի մոտեցումները չեն փոխվել:
Նա, սակայն, ասել է, որ պատրաստ է շարունակել շփումները ՌԴ նախագահի հետ: Պուտինը խաղում է մեր վախերի վրա, նախօրեին հայտարարել է Անալենա Բերբոքը՝ ասելով, որ պետք է ցույց տալ, որ չունեն վախեր: Բերբոքն այդպիսով որևէ ակնարկ է արել Գերմանիայի կանցլերի հասցեի՞ն՝ համարելով, որ Շոլցը «վախից» է շփվում Պուտինի հետ: Գերմանիայի արտգործնախարարը Հայաստան է գալիս Բեռլինի ընդհանո՞ւր արտաքին քաղաքականության շրջանակում, նրա այցը որևէ կերպ պայմանավորված է Շոլցի և Պուտինի հեռախոսազրույցո՞վ, թե՞ ի հեճուկս դրա:
Նյութի աղբյուր