Ես մանդատ դնելու մտադրություն չունեմ, նման խոսակցություններ էլ չեմ լսել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով մամուլում տարածվող տեղեկատվությանը, թե ընդդիմադիր խմբակցությունում բարձրացվելու է իր՝ պատգամավորական լիազորություններից հրաժարվելու հարցը։
Դիտարկմանը, որ «Հայաստան» խմբակցությունը այդ հարցն է առաջիկայում քննարկելու, և Աղվան Վարդանյանն էլ հաստատել է այդ տեղեկատվությունը, Նազարյանը նշեց․ «Իրենք ո՞նց կարող են քննարկել էդ հարցը»։
Մատնանշեցինք օրինակը, ինչպես եղավ ՔՊ-ի պարագայում, խնդրեցին՝ մանդատը վայր դրեց պատգամավորը, Նազարյանն ընդդիմացավ՝ ասելով, թե «ինձ չեն կարող խնդրել»։
Հիշեցնենք, որ սոցիալական ցանցերում ու մամուլում բավական քննարկվել էր Գեղամ Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի համատեղ նկարը՝ այլ ՔՊ-ականների հետ միասին՝ արված Վիետնամում գործուղման ժամանակ։ «Հայաստան» դաշինքում վաղուց կար խուլ դժգոհություն, որ Նազարյանն ակտիվ համագործակցում է ՔՊ-ի՝ հատկապես իր համերկրացի ու Նիկոլ Փաշինյանի քավոր Վահե Ղալումյանի հետ, սակայն հիմա, ինչպես երևում է, որոշել են հարցը հանրայնացնել։
Նյութի աղբյուր