Երեկ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ վարորդների իրականացրած գործադուլի ընթացքում համացանցում տեսանյութ տարածվեց, որից պարզ դարձավ, որ Երևանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցը վարում է 61 համարի երթուղին սպասարկող ավտոբուսը։
Ավելին՝ ՀՈԱԿ-ի աշխատակցի խոսքից պարզ է դառնում, որ նրա մոտ չկա վարորդական վկայական, և նա ծանոթ չէ նշված երթուղուն, որով ինքը պետք է վարեր ավտոբուսը։
Այս տեսանյութը համացանցում բազմաթիվ քննադատությունների արժանացավ։ Օրինակ՝ արդյոք տվյալ աշխատակիցը բուժզննում անցե՞լ է, թե՞ ոչ, սթափությունը ստուգվե՞լ է, թե՞ ոչ։ Ի վերջո, ո՞վ է որոշել և ինչ հիմքով, որ կարող է կանաչապատման ՀՈԱԿ-ի աշխատակիցը ավտոբուս վարի։
Oragir․News-ը այս հարցերի պատասխանը ստանալու համար կապ հաստատեց Երևանի «Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի հետ։ Վերջինս ասաց, որ այդ որոշումն ինքն անձամբ է կայացրել՝ հաշվի առնելով Երևանի հասարակական տրանսպորտի շուրջ ստեղծված ճգնաժամը։
«Երբ առավոտյան իմացանք, որ Երևանը կոլապսի է վերածվել տրանսպորտի գծով, մենք որպես նույն կառույցում աշխատող հիմնարկ, մենք մեր ավտոպարկում ունեինք մարդ, ով նախկինում աշխատել է որպես մեծ ավտոբուսի վարորդ, ունի «Դ» կարգ, այժմ մեզ մոտ ջրցանի վարորդ է, չգիտեմ՝ ինչ պատճառով է եկել մեզ մոտ։
Ես խնդրեցի, որ, եթե կան մարդիկ, որ ունեն «Դ» կարգ և ունեն աշխատանքային փորձ, գործուղեմ դեպի «Երևան ավտոբուս» ՓԲԸ, որպեսզի այդ ճգնաժամային պայմաններում, եթե իրենց անհրաժեշտությունը լինի, օգնեն, մեր քաղաքացիներին տուն հասցնեն։
Նյութի աղբյուր