Ե՞րբ կսկսվեն տեղումները… ի՞նչ եղանակ սպասել փետրվար ամսին. Գագիկ Սուրենյան

Ինչպես կանխատեսվել էր, հունվարն ավարտվում է խիստ սակավատեղում և բավականին տաք:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը՝ հավելելով, որ տեղումների քանակը այսօրվա դրությամբ հանրապետությունում միջինում կազմում է ամսական նորմայի ընդամենը 15-20 տոկոսը, իսկ հանրապետությունում կան հատվածներ՝ Լոռիում, Տավուշում, Սյունիքում, ամսվա ընթացքում ընդհանրապես տեղումներ չեն գրանցվել:

«Օդի ամսական միջին ջերմաստիճանը այսօրվա դրությամբ գրեթե բոլոր մարզերում նորմայից բարձր է մոտ 2-3 աստիճանով: Կան մի շարք լեռնային շրջաններ, որ նույնիսկ ձյան ծածկը բացակայում է»,- նշում է նա:

Ըստ Սուրենյանի՝ վերջին տասը տարիների կտրվածքով այս տարի ունեցել ենք ամենաչոր հունվարներից մեկը:

Նա նաև հայտնում է՝ մինչև փետրվարի 4-ը ներառյալ մեր երկիրը գտնվելու է հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում, որը ապահովում է չոր եղանակային պայմաններ:

«Փետրվարի 5-ից սկսած՝ անտիցիկլոնը քայքայվում է՝ իր տեղը զիջելով միջերկրական ծովից ներթափանցող ցիկլոնին, և ակնկալվում է, որ փետրվարի 5-ից սկսած՝ հանրապետության առանձին շրջաններում, իսկ փետրվարի 6-ից շրջանների մեծ մասում կսկսվեն տեղումներ: Օդի ջերմաստիճանը մինչև փետրվարի 4-ը էապես չի փոխվի, սակայն ամսի 5-ից սկսած, հատկապես՝ գիշերային ժամերին, կունենանք օդի ջերմաստիճանի նկատելի անկում»,- մանրամասնում է նա:

Սուրենյանի խոսքով՝ փետրվարի 5-ից սկսած՝ անոմալ չոր ռեժիմը կընդհատվի: Փետրվարի հատկապես 6-ից հետո ցերեկային ժամերին կդիտվի ջերմաստիճանի զգալի նվազում և նաև ավելի տեղումնառատ կլինի հունվարի հետ համեմատած:

«Փետրվարին և՛ օդի ամսական միջին ջերմաստիճանը, և՛ տեղումների քանակը կանխատեսվում է կլիմայական նորմայի սահմաններում: Եթե համեմատելու լինենք հունվարի հետ, փետրվարը կլինի մի փոքր ավելի սառը և ավելի տեղումնառատ, նվազագույն ջերմաստիճանը լեռնային մարզերում՝ Շիրակի, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում, Վայոց ձորի լեռնային շրջաններում առանձին օրերին արկտիկական ցուրտ օդային հոսանքների ներգործման պայմաններում գիշերային ժամերին կարող է իջնել մինչև -17-20 աստիճան, միայն Շիրակի հատվածում՝ մինչև -20-23 աստիճան: Լոռիում՝ մինչև -15 աստիճան, Տավուշում՝ մինչև -12 աստիճան, Արարատյան դաշտում՝ մինչև -10, Սյունիքի հովտային գոտում՝ մինչև -6-10 և Սյունիքի նախալեռնային հատվածներում՝ մինչև -11-16 աստիճան»,- նշում է նա:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *