«Կյանքս անցյալում է մնացել. երկու որդիներս էլ Եռաբլուրում են, մի օր չգնացի՝ երազիս Արսենս ասաց. «Մամ, այսօր չե՞ս գալու»». Ալլա Աբրահամյան

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմից հետո, երբ Ադրբեջանն ամբողջովին օկուպացրել էր Մատաղիսը, Ալլա Աբրահամյանը երկու որդիների՝ Սամվելի և Արսենի հետ տեղափոխվեց Մարտակերտ՝ մտածելով, որ կապրեն Արցախում այնքան ժամանակ, մինչև հարմար ժամանակի կազատագրեն օկուպացված տարածքները և կվերադառնան Մատաղիս։

Տիկին Ալլան երկար տարիներ ծառայել է ՊԲ-ում, որդիներին էլ սովորեցրել է՝ հողը փոքր երեխայի նման պետք է պահես, փայփայես, խնամես, որ հողն էլ քեզ պահի։

2023 թվականի սեպտեմբերին տիկին Ալլան կորցրեց և՛ այդքան փայփայած հողը, և՛ այդքան սիրելի որդիներին՝ Սամվելին ու Արսենին։

2020 թվականից հետո Սամվելը որոշեց, որ պայմանագրային պետք է դառնա, այդպես և՛ Արցախին օգտակար կլիներ, և՛ ժամկետային զինծառայող եղբոր կողքին կլիներ, քանի որ որոշ ժամանակ անց Արսենը պետք է զորակոչվեր բանակ։

Տիկին Ալլան հպարտացել է ավագ որդու որոշմամբ, քանի որ միշտ ասել է՝ տղան պիտի ծառայի, հատկապես՝ Արցախում։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության դեմ, 21-ամյա Սամվել Ստեփանյանը Մարտակերտի դիրքերում էր՝ որպես պայմանագրային, 19-ամյա եղբայրը ժամկետային զինծառայող էր՝ Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ գյուղի դիրքերում, իսկ տիկին Ալլային իր զորամասից իջեցրել էին գյուղ. հրաման էր եղել՝ բոլոր կանանց իջեցնել դիրքերից։

«2023 թվականի սեպտեմբերի 1-ից արձակուրդում էի, լավ չեմ հիշում՝ սեպտեմբերի 7-ն էր, թե՞ 8-ը, ինձ կանչեցին զորամասից, թե՝ վիճակը լարված է, ամբողջ ՊԲ-ին «համար 1» է տված։ Ինքս դիվիզիոնի կապավոր էի, ամեն մեկս մեր աշխատանքները տարանք։ Սեպտեմբերի 18-ին զորամասի հրամանատարի հրամանով կանանց դիրքերից իջեցրեցին։

Հաջորդ օրը թշնամու առաջին հարվածից հետո զանգահարեցի Արսենին, ամբողջ ճանապարհին զանգահարելով հասա Մարտակերտ, մեր փողոց։ Այստեղ ասացին, որ թշնամին արդեն Ճանկաթաղ գյուղը գրավել է, զարմացա, ասացի՝ Արսենս այնտեղ է։ Հետ գնացի զորամաս, ներքին համարով զանգահարեցի Սամվելին, Սամվելս ասաց, որ խոսել է Արսենի հետ, ամեն ինչ լավ է, հանգիստ զգացի ինձ, մտածեցի՝ իրավիճակը խառն է, դրա համար էլ անհասանելի է, չէի ուզում վատ բաներ մտածել։

Սեպտեմբերի 19-ին մինչև ժամը 20։10-ը Սամվելի հետ խոսել եմ, ասում էր՝ ամեն ինչ լավ է, միայն դու Արսենով հետաքրքրվիր։ Ասացի՝ Սամ, իջիր, գնանք Արսենին գտնենք, ասաց՝ մամ, ես իմ գործն ունեմ այստեղ, ինչպե՞ս թողնեմ՝ իջնեմ։ Խնդրեց, որ չզանգեմ խանգարեմ, միայն զանգահարեմ, երբ Արսենից որևէ լուր իմանամ։ Ժամը 20։10-ին կապով հաղորդեցին, որ Սամվելենց դիրքերի վրա թշնամին ուղղաթիռ է ուղարկել, զանգահարեցի, ասացի՝ զգույշ լինի, ասաց՝ տեղյակ է։ Երկրորդ նման լուրը հաղորդելուց հետո զանգահարեցի, որ կրկին զգուշացնեմ, Սամվելի հեռախոսահամարն արդեն անհասանելի էր…»,- 168.am-ի հետ զրույցում վերհիշելով նախորդ տարվա սեպտեմբերի 19-ի ողբերգական օրը՝ պատմում է տիկին Ալլան։

Թշնամու երկրորդ հարվածից հետո Սամվելն արդեն զոհվել է, տիկին Ալլան ողջ գիշեր նստած, պարբերաբար զանգահարել է մե՛կ Արսենին, մե՛կ Սամվելին՝ անարձագանք։ Առավոտյան գնացել է զորամաս, հրամանատարին խնդրել է, որ Սամվելին դիրքերից իջեցնի, որպեսզի մայր ու տղա փնտրեն Արսենին, հրամանատարը պատասխանել է, թե՝ գնա, առավոտյան Սամվելին կբերեմ։

Տիկին Ալլան հետո է հասկացել հրամատարի խոսքի իմաստը, քանի որ առավոտյան արդեն որդուն տարել են Մարտակերտի դիահերձարան։

«Հաջորդ օրը՝ սեպտեմբերի 21-ի առավոտյան, Արսենիս նկարը տեղադրել եմ համացանցում, որ լուր ունեցողներն ինձ գրեն, իսկ Սամվելից արխային էի, թե լավ է, կիջնի դիրքերից, կգնանք Արսենին կգտնենք։ Մայրս առավոտյան ինձ ասաց, որ Սամվելին վիրավոր տեղափոխել են հիվանդանոց, արդեն խելագարվում էի, գնացինք հիվանդանոց։ Բայց այնտեղ մեզ ներկայացրեցին զոհվածների ցուցակ, երկու ցուցակում որդուս անունը չկար, աշխարհն իմն էր, երրորդ ցուցակում բուժքույրը երեք անուն կարդաց ու չշարունակեց, ասացի՝ այդքա՞ն էին, աղջիկը չպատասխանեց, էլ ի՞նչ, արդեն գնացինք դիահերձարան…

Արդեն սեպտեմբերի 22-ի վաղ առավոտյան զանգահարեցին ու ասացին, որ Արսենս զոհվել է…,  մի 20 րոպե հետո այլ մարդ զանգահարեց, ասաց, թե չի զոհվել, վիրավոր է, մի ծառ կա, այդ ծառի հատվածում է մնացել, չեն կարողանում հանել, բայց խաբում էին։ Գնացինք ռուսական ռազմաբազա, ասացինք, որ նման տեղեկատվություն ունենք, թող մտնեն՝ վիրավորներին հանեն, ասացին՝ նման իրավասություն չունենք։

Սեպտեմբերի 23-ին մեզ Մարտակերտից տարհանեցին, գյուղապետն ասաց՝ Սամվելին չհուղարկավորես Մարտակերտում, թող, կտանես Հայաստանում կհուղարկավորես։ Քանի որ Արսենին չէինք գտնում, ոչ ոք վստահ չէր, որ ողջ է, եղբորս ասացի՝ դու Սամվելին տար Հայաստան, ես կմնամ Արցախում, եթե Արսենին գտա, ես էլ կգամ, եթե չէ, երեխուս հետ կմնամ Արցախում։ Սեպտեմբերի 25-ին Սամվելի դին դիահերձարանից ուղարկել էին Գորիս, եղբայրս հետս մնաց Արցախում։ Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիներն ասել էին, որ մտնենք դիրքեր, դիերը հանենք։ Արսենենց դիրքերից երեք դի էին հանել, Արսենն էլ կար։ Եղբայրս ասաց՝ կգնանք Գորիս, Արսենին այնտեղ են տարել։ Սեպտեմբերի 28-ին դուրս եկանք Արցախից…

Գորիսում Արսենիս դին չկար, Երևանում՝ Հերացիում, չկար, մեկ շաբաթ է պահանջվել, որ երեխուս դին գտնեմ՝ Ավանի դիահերձարանում էր, մի փոքր խուց է եղել, 5 դիակ էին դրել ու մոռացել էին։ Եթե ես չհետաքրքրվեի, երեխեքը այդպես էլ կմնային այնտեղ։ Հոկտեմբերի 9-ին հուղարկավորել եմ, երկու որդիներս էլ Եռաբլուրում են, նոյեմբերին Արսենս կդառնար 20 տարեկան»։

Տիկին Ալլան այսօր միայնակ վարձով բնակվում է Երևանում, օրը երկու անգամ՝ առավոտյան ու երեկոյան, գնում է Եռաբլուր, որդիների մոտ, ասում է՝ մի օր չի գնացել, Արսենը երազին եկել ու հարցրել է. «Մամ, այսօր չե՞ս գալու»։

Որդիների զոհվելուց ու Արցախը կորցնելուց հետո տիկին Ալլան ասում է, որ ապագայի հետ կապված այլևս որևէ նպատակ ու ծրագիր չունի, միայն շատ կցանկանար, որ փոքր տուն ունենար, որի մի անկյունում կդասավորեր որդիների լուսանկարները, ստացած պարգևները, անձնական իրերը, և այդ տունը կունենար մի փոքր այգի, որը կանվաներ որդիների անունով, որպեսզի գոնե գալիք սերունդները նրանց հիշեն։

Նաև շատ է ցանկանում օծանելիքի փոքր խանութ բացել որդիների անունով, քանի որ ավագ որդին՝ Սամվելը, օծանելիքների մեծ սիրահար է եղել, նպատակ է ունեցել Արցախում բացել օծանելիքի խանութ։

Տիկին Ալլայի համար Արցախի հետագա ճակատագիրը պարզ է դարձել 2022 թվականի Փառուխի դեպքերից հետո, հասկացել է՝ ռուս խաղաղապահը որևէ բան չի անելու, իսկ Հայաստանը, որն Արցախի անվտանգության երաշխավորն է՝ ձեռքերը լվացել է: Բայց չէր մտածում, որ այն ամբողջովին կօկուպացվի։

«Սամվելը լավ նկարում էր, երբ դպրոցից գալիս էր, Մատաղիսում կամուրջ ունեինք, այնտեղ նստում ու նկարում էր դիմացի սարերը։ Մեծանալուց հետո ասացի` բալես, նկարչական բաժին դիմիր, ասաց՝ մամ, Արցախում նկարելն ի՞նչ պիտի անենք, պետք է այնպիսի բան անեմ, որ տունը պահեմ։

Իմ հետագան չեմ պատկերացնում, որովհետև կյանքս մնացել է անցյալում, ուղղակի լույս է՝ բացվում է։ Մենք երեքով միշտ միասին ենք եղել, միասին ենք մեծացել։ Արսենիս երբեմն ասում էի՝ Արսեն, իմ պահողը դու ես, ասում էր՝ մամ, եթե նույնիսկ մեռած լինեմ, կպահեմ քեզ։ Հիմա իրենք են ինձ պահում, իրենց թոշակը ստանում, տանս վարձն եմ տալիս, չգիտեմ՝ մինչև երբ…»։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *