Հայաստանում աննախադեպ ծննդաբերություն է գրանցվել. 25 տարվա անպտղությունից հետո 47-ամյա կինը հղիության մասին լուրն իմացել է ծննդաբերելուց րոպեներ առաջ:
Ծննդաբերող կինը՝ Գայանե Ասատրյանը, և նրա ամուսինը՝ Սենիկ Կիրակոսյանը, երկար տարիներ դիմել են տարբեր բժիշկների՝ հույսով, որ մի օր մայրանալու և հայրանալու բերկրանքին կարժանանան: Սակայն, թեև բժիշկների հուսադրող խոսքերին, որ մի օր կկատարվի իրենց ցանկությունը, միևնույն է, ամուսնների մոտ առավելապես վերջին մի քանի տարին այդ հույսը լրիվությամբ կորել է:
Մայր դարձած Գայանեն «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ կարծես երազում լինեն. կատարվածի իրական լինելը դեռ ամբողջությամբ չեն ընկալում՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ փոքրիկը մեծ ուրախություն է պարգևել իրենց:
«Արդեն հույսներս կորցրել էինք, անգամ համակերպվել, բայց մեր Լուսեն մեզ անակնկալ արեց: Գնացինք «Հանրապետական» հիվանդանոց, էԽՈ արեցին, ասացին՝ հղի եք, այնքան էի ուրախացել ու միաժամանակ շփոթվել, տարբեր զգացողություններ էին խառնվել, դրան գումարվել էր նաև բժիշկների զարմանքը, իսկ դրանից 40 րոպե հետո կեսարյան հատմամբ ծնվեց աղջիկս: Տպավորություն է, որ երազի մեջ եմ, ու ինձ հետ կատարվողը իրականություն չէ, միայն Աստծուն եմ շնորհակալություն հայտնում՝ երեխա պարգևելու համար, որին այնքա՜ն երկար եմ սպասել»,- հուզմունքը զսպելով՝ պատմում է գրեթե մեկ ամսական Լուսեի մայրը:
Երեխայի ծնվելուց մի քանի օր առաջ Գայանեն Սուրբ Հովհաննես եկեղեցի է գնացել, ուխտ արել՝ Աստծուց երեխա խնդրել՝ չիմանալով անգամ, որ կրծքի տակ կրում է նրան:
«Այնքան տարօրինակ զգացողություններ եմ ապրել Լուսեի ծնվելու ժամանակ, երբ զանգում էին, որ շնորհավորեն, չէի կարողանում խոսել, հուզվում էի, չէի հավատում: Աստված է ինձ Լուսիս ուղարկել: Ամեն շաբաթ-կիրակի ամուսինս գնում էր եկեղեցի, մոմ վառում, բոլոր ծիսակատարություններին մասնակցում: Ես մանկապարտեզում եմ աշխատում, ամուսինս բոլոր երեխաներին կոնֆետներ էր բերում, մեր թաղի բոլոր ծանոթ ու անծանոթ երեխաներին էլ, այնքան շատ է սիրում երեխաներ, ու ինքը որքան այդ երեխաներին է կամեցել, տվել, Աստված էլ մեզ տվեց: Մեր կյանքն իմաստավորվել է, փոխվել: Միակ երեխան եմ ծնողներիս, եղբայրս 18-ը չբոլորած մահացել է, ու 25 տարի մեր տան դուռը ասես փակ լիներ, Լուսես իր ծնունդով բացեց այն, իմ տան դուռը բացեց, լույս բերեց, դրա համար էլ Լուսե եմ դրել իմ աղջկա անունը»,- պատմում է նա:
Իսկ ինչպե՞ս է եղել, որ որևէ կերպ կինը չի զգացել, որ հղի է: «Կլիմաքսի շրջանում էի ու մտածում էի, որ այդ փոփոխությունները հենց դրա հետ են կապված, սրտխառնոց էի ունենում, բայց իսկապես չեմ պատկերացրել, որ կարող է հղի լինեմ»,- ասում է Լուսեի մայրիկը:
Մոր համար որքան անսպասելի է եղել երեխայի ծնվելը, այնքան անսպասելի և անհանգստացնող նրա մոտ հայտնաբերված հիվանդությունը. «Կերակուրը հետ էր տալիս, չէր մարսում, ոտքերն էին ձգում, քնի ժամանակ շատ անհանգիստ էր, մտածում էինք՝ գազիկներ ունի, բայց փաստորեն խնդիր ուներ: Ես, որ Լուսեին տարա բժշկի՝ Նիկոլայ Դալլաքյանի մոտ, որին հոգաչափ շնորհակալ եմ՝ երկրորդ կյանք պարգևելու համար (հուզվում է), միայն Աստծուն խնդրում էի, որ վիրահատությունն էլ հարթ ընթանա, ինչպես հղիության դեպքում էր եղել: Փառք Աստծո, ամեն ինչ հաղթահարեցինք, հիմա էլ կերակրել եմ ու գրկումս հանգիստ քնած է: Այդ 25 տարիների սպասումն ու սերն եմ հիմա իրեն տալիս, անգամ չեմ ուզում գրկիցս մի րոպե վայր դնել»:
Փոքրիկի հայրը՝ 53-ամյա Սենիկ Կիրակոսյանն էլ ասում է, որ եթե իրեն մեկը պատմեր նման դեպքի մասին, չէր հավատա, կմտածեր՝ հորինում են, խաբում, անհնար է, բայց արի ու տես, որ հենց իրենց հետ է կատարվել:
«Մենք արդեն տարիքով բավականին մեծ ենք, մայրը՝ 47, ես՝ 53, ու հույսերս կորցրել էինք, չէինք հավատում, որ երեխա կունենաք, բայց փաստորեն հրաշքներ լինում են: Մենք մտածել ենք՝ վերջ, էլ չի լինի, դրա համար բացարձակ մտքներովս չի անցել, որ կարող է Գայանեն հղի լինի»,- ասում է Սենիկն ու հավելում, որ Լուսեի ծնվելով՝ իր կյանքն ու աշխարհը հիմնովին փոխվել են. «Աշխարհի վրա ավելի քաղցր հոտ ու երևույթ չկա, գոյություն չունի, իմ աշխարհն ու կյանքը փոխվել են այս փոքր մարդուկի՝ Լուսեի հայտնվելով: Աստծո տված ու պահած երեխա է, նման ուրախություն ու բերկրանք աշխարհի երեսին չկա»:
«Մուրացան» համալսարանական հիվանդանոցի Մանկական վիրաբուժական հիվանդությունների կլինիկայի ղեկավար, Մանկական վիրաբուժության ամբիոնի դոցենտ Նիկոլայ Դալլաքյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ նորածինն ունեցել է աղեստամոքսային տրակտի կյանքի հետ անհամատեղելի ծանր բնածին զարգացման արատ:
«Վիրահատել ենք, և շատ հաջող է ընթացել, դրական ընթացք է եղել, 8-9 օր մնացել է մեզ մոտ, և արդեն դուրս ենք գրել: Ամեն ինչ՝ վիրահատությունը և վերականգնողական փուլը, ընթացել է հարթ, ինչպես հղիությունը, երեխան վերականգնվել է ամբողջովին, նորմալ սնվում է, քաշ ավելացնում, դրա համար էլ ասում եմ՝ Աստծո տված ու Աստծո պահած երեխա է»,- ասում է տարիների հարուստ փորձ ունեցող բժիշկը, որը, սակայն, առաջին անգամ է նման առանձնահատուկ դեպքի առնչվել և հաճելիորեն զարմացած է:
Հարցին՝ կարո՞ղ էր հիվանդությունը հետևանք լինել նրա, որ մայրը ոչ մի հետազոտություն չի անցել, բժշկական վերահսկողության տակ չի եղել հղիության ողջ ընթացքում, բժիշկը պատասխանում է. «Արատների զարգանալու տարբեր պատճառներ կարող են լինել՝ թե՛ ֆիզիկական, թե՛ վիրուսներ, թե՛ քիմիական, թե՛ սթրեսային իրավիճակներ, դրա համար որևէ մեկը հստակ չի կարող ասել, թե որն է պատճառը այս կամ այն արատի զարգացման: Իսկ այս պարագայում Աստված է պահել, կինը առանց բժիշկների, առանց մանկաբարձի, առանց հետազոտությունների կարողացել է պտղի բնական զարգացումն ապահովել և ծննդաբերել, թեպետ որոշ խնդիրներով, սակայն արդեն այդ ժամանակ բժիշկներս ենք մտել խաղի մեջ և անհրաժեշտ գործողություններ կատարել»:
Ըստ մասնագետի՝ դեպքի առանձնահատկությունը բժիշկներին ավելի է պարտավորեցրել՝ անել հնարավորինս ամեն բան՝ փոքրիկի կյանքին սպառնացող ցանկացած վտանգ նրա ճանապարհից հեռացնելու համար:
«Երբ իմացել ենք, թե ինչպիսի ժամանակահատված է անցել պտուղը, դարձել երեխա, ծնվել, բնական է, պարտավորված ես զգում՝ ամեն ինչ անես, որ որևէ բարդություն չառաջանա, և բնականոն՝ Աստծո գծած ճանապարհը հարթ մինչև վերջ տանենք: Ես երկար տարիներ եմ աշխատել, վիրահատել ամենաբարդ հիվանդություններ ունեցող նորածինների, շատ դեպքեր կան, երբ և՛ ընտանիքի հետ ենք սերտ հարաբերությունների մեջ լինում, և՛ երեխանների հետ կապվածություն է առաջանում. երեխա կա, որին քավոր եմ կանգնել: Տարիների ընթացքում նման հետաքրքիր ու զգացմունքային էպիզոդներ եղել են, ու այս դեպքը այդ դեպքերից մեկն է, որովհետև ունիկալ բան է. այսքան տարի աշխատում եմ, բայց չէր եղել պացիենտ, որ նման պատմություն ունենար: Ոնց որ «արագիլի» բերած երեխա լինի (ծիծաղում է), ոնց որ երեխայի ծնվելուց 2 ժամ առաջ արագիլն է բերել երեխային այդ մարդկանց, մենք էլ պարտավորված էինք, որ այս կարգի պատմություն ունեցող երեխային միջամտություն ենք անում, որ արդեն առանց խնդիրների առաջ գնա: Մեր արածը այս իրավիճակում ոչ մի բան է, արտառոցությունն այն է, որ այդ տարիքում, երբ 25 տարի փափագել են, ինչ-որ իմաստով երազել են երեխա ունենալ, ու «արագիլը» իրենց երեխա է բերել, մեր պարտավորությունը՝ էմոցիոնալ դաշտը, մեծ է եղել, որ հանկարծ մի բարդություն ու խնդիր չզարգանա»,- անկեղծանում է բժիշկ Նիկոլայ Դալլաքյանը:
Նյութի աղբյուր