Հայաստանի ԱԳՆ օգոստոսի 30-ին հայտարարել է, որ Երեւանն ու Բաքուն «այսօր ստորագրել են» սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը: Ըստ հաղորդագրության, այժմ այդ փաստաթուղթը սկսել է ներպետական գործընթացների փուլը: Այդ կանոնակարգը, ըստ ապրիլի 19-ի հայ-ադրբեջանական հայտնի հայտարարության, պետք է հաստատվեր մինչեւ հուլիսի 1-ը:
Սակայն, ինչպես տեսնում ենք, կանոնակարգի ստորագրումը տեղի է ունենում երկու ամիս անց: Թե ինչն էր այդ երկամսյա ձգձգման պատճառը, հայտնի չէ, սակայն հատկանշական է, որ կանոնակարգի ստորագրումը տեղի է ունենում ՌԴ նախագահ Պուտինի հեռախոազանգերից հետո՝ Երեւան եւ Բաքու, որոնք էլ հաջորդում են օգոստոսի 19-ին Բաքու կատարած նրա այցին: Բաքվում Պուտինը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստակամ է օգնել թե խաղաղության պայմանագրի գործընթացին, թե սահմանագծմանն ու սահմանազատմանը, թե հաղորդուղիների ապաշրջափակմանը վերաբերող փոխադարձ ընդունելի համաձայնությունների հասնելուն, «եթե կողմերը դեմ չեն»:
Բաքում նա հայտարարեց, որ Ալիեւի հետ խոսակցության մասին կիրազեկի Փաշինյանին: Օգոստոսի 23-ին՝ ի դեպ Հայաստանի Անկախության հռչակագրի ընդունման տարեդարձի օրը, տեղի ունեցավ Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը: Չորս օր անց՝ օգոստոսի 27-ին, Պուտինը հեռախոսազրույց ունեցավ Իլհամ Ալիեւի հետ, որտեղ վերստին խոսել էր հայ-ադրբեջանական գործընթացին երեք ուղղություններում աջակցելու պատրաստակամության մասին: Բավականին նկատելի էր, որ Ալիեւի հետ Պուտինի նոր խոսակցությունն ըստ էության զգալիորեն կապակցված է լինելու Փաշինյանի հետ զրույցին:
Փաստորեն, երկու օր անց Երեւանը հայտարարում է սահմանազատման եւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի կանոնակարգը ստորագրելու մասին: Դա կապվա՞ծ է Պուտինի զանգերի հետ, թե՞ ոչ: Միարժեք պնդել իհարկե հնարավոր չէ, սակայն ժամանակագրական հանգամանքը՝ հատկապես այն ֆոնին, որ կանոնակարգի հաստատումը եւ ստորագրումը ձգվում էր երկու ամիս, տալիս է առնվազն այդպիսի ենթադրության շոշափելի հիմք:
Եթե գործ ունենք այդ տարբերակի հետ, ապա դա նշանակում է այսպես ասած միանվա՞գ համաձայնություն կանոնակարգի մասով, թե՞ ավելի երկար ժամանակ ու տարածություն ենթադրող համաձայնություն, առնվազն սահմանազատման եւ սահմանագծման հարցում: Միաժամանակ, առանցքային է հարցը, թե ի՞նչ սկզբունքներ են կանոմակարգի հիմքում, որ ստորագրել են Երեւանն ու Բաքուն Պուտինի զանգերից հետո:
Նյութի աղբյուր