Ահա, թե ինչից է տագնապում Ադրբեջանը

ՀՅԴ Բյուրոյի հայ դատի կենտրոնական գրասենյակը ներկայացրել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլիի հատուկ հայտարարությունը, որ Կանադայի ԱԳՆ ղեկավարն արել է Արցախում էթնիկ զտման եւ Արցախի հայության բռնի տեղահանման տարելիցի առիթով: Այդ հայտարարության մեջ Մելանի Ժոլին անում է կարեւոր ձեւակերպում, նշելով, որ Կանադան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի քաղաքական լուծմանը:

Իհարկե, մանրամասնելով իր պատկերացումը, Ժոլին ըստ էության հարաբերական է դարձնում իր ձեւակերպումը, սակայն այյդուհանդերձ այն ունի նվազագույն կարեւոր արձանագրում՝ Կանադայի արտաքին գործերի նախարարը փաստացի խոսում է այն մասին, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը չի ստացել լուծում եւ խնդիրը գոյոթյուն ունի: Ինչ խոսք, Կանադան մի կողմից լինելով Մեծ Յոթնյակի անդամ, մյուս կողմից իհարկե համաշխարհային քաղաքականության որոշիչ սուբյեկտներից չէ, որի հայտարարությունը կարող է եղանակ ստեղծել միջազգային օրակարգում:

Այդուհանդերձ, տվյալ պարագայում բուն հարցն այն է, որ Մեծ Յոթնյակի անդամ պետության արտաքին գործերի նախարարի հայտարարությունը հավաստում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծված չէ, Արցախի թեման փակված չէ: Սա է նաեւ, որ անհանգստացրել է Ադրբեջանին, որն արդեն իսկ իր դժգոհությունն է հայտնել Ժոլիի հայտարարության կապակցությամբ: Սակայն, տվյալ պարագայում իհարկե պարզ է, որ հենց լոկ Կանադայյի ԱԳ նախարարի ձեւակերպումը չէ, որ անհանգստացնում է Բաքվին:

Բաքվին անհանգստացնում է այն, որ այսօր այդ ձեւակերպումը օգտագործում է Կանադայի ԱԳ նախարարը, վաղը կարող է դրան վերադառնալ միջազգային քաղաքականության եղանակ ստեղծող առավել ազդեցիկ որեւէ դերակատարի արտգործնախարար, վաղը այդ հարցը կարող է դառնալ միջազգային քաղաքականության առավել որոշիչ գործընթացների մաս: Այսօր այդօրինակ դիտարկումները կարող են թվալ երեւակայական, բայց որքան հնարավոր չէ համոզված լինել այդպիսի հեռանկարի հարցում, նույնքան էլ դժվար է համոզված լինել հակառակի հարցում: Ավելին, Ադրբեջանն ինքը համոզված չէ այդ հարցում, ու հենց դրա համար է, որ պայման է դարձնում Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը կամ այլ կերպ ասած՝ մինչ այժմ գոյություն ունեցող Հայաստանի հանրապետության իրավա-քաղաքական հենքի փոփոխությունն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ու համանախագահության լուծարումը:

Ադրբեջանն օգտվել է համաշխարհային պղտորված ջրից ու ուժի կիրառումով օկուպացրել Արցախը, ենթարկել էթնիկ զտման ու բռնի տեղահանման, բայց միջազգային պղտոր ջուրը ամենեւին զուլալված չէ, եւ նույնիսկ շարունակում է «պղտորվել», այսինքն միջազգային հարաբերությունների վերանայման, աշխարհակարգի վերանայման խորքային պրոցեսը շարունակում է ծավալվել դեպի անորոշություն ու անկանխատեսելիություն:

Իսկ այդ պարագայում նույնպիսի անկանխատեսելիություն է նաեւ Լեռնային Ղարաբաղի խնդրի հեռանկարի առումով: Բաքվի տագնապն այն է, որ համաշխարհային այդ «մշուշի» մեջ հանկարծ կարող է բախվել այդ խնդրին: Ամբողջ հարցն այն է, որ այդ առնչությամբ պաթետիկ պատրանքների փոխարեն, արցախահայությունից, հատկապես նրա այսպես ասած ինստիտուցիոնալ ներկայացուցիչներից, նաեւ Հայաստանից եւ ընդհանրապես հայկական կազմակերպություններից լայն իմաստով պահանջվում է հանդարտ, հետեւողական, ռացիոնալ աշխատանք:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *