«Ես Սամվելն եմ, բայց Գրիշի թոռ գիտեն ընձի։ Չնայած արդեն 30 տարի է՝ պապը չկա, բայց մեր տան տեղն էլ սաղը որպես Գրիշենց տուն գիտեն»։
«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ներկայանում է Սամվելն ու շարունակում․ «Քյավառցի մէ 5 կնիգ եկան, 4-ը ֆայտոնի մեջը նստան, 5-րդը եկավ կողքս։ Մեկ էլ, թե՝ քշա բաղնիք, քեֆերն էլ լավ էր։ Քշի բաղնքի դուռը կայնա, ըսի՝ հասանք, իջնի՞նք։ Ըսին, վարպետ, դու էլ ես գալի՞ս, ու հռհռանգը։ Տո ըսի՝ ընչի խառնվաք, ես տռուսիկով կլողնամ»։
Գյումրուց անբաժան ֆայտոնը հենց այս գերդաստանի շնորհիվ է մինչ օրս ապրում, գլորում պատմության անիվը քաղաքի փողոցներով, հին ու նոր պատմություններ պատմում հյուրերին ու տեղի բնակիչներին։
Ինչպես ֆայտոնը մտավ Գրիշի հայաթ, և երբ նույն հայաթը մնաց առանց ֆայտոն
Հիշողության անիվը 30 և ավելի տարի հետ է պտտում Սամվելը, պատմում, որ 98 տարեկանում մահացած պապը, որը մինչև 96-ը կնուտը վայր չի դրել, նախքան վախճանվելն է ձիերն ու ֆայտոնը վաճառել։
«98 տարեկան պապը մեռավ։ Մինչև 95-96 տարեկան ֆայտոն քշեց, հետո ըսավ՝ Սամո, էլ չեմ կռնա։ էդ էլ ընձի համար լավ էր։ Կնախատեին, թե՝ էդ տարիքին պապդ ընչի կաշխատի, պապին էլ կսեի՝ կնեղենար, կսեր՝ նստիմ, աշեմ, թե ե՞րբ բդի մեռնիմ, քանի կռնամ, կաշխատիմ, ու աշխատավ»,- պատմում է Սամվելը:
Ունեվորի տղա է եղել ֆայտոնչի Գրիշը, բայց լավ կյանք չի տեսել. կուլակաթափն ու աքսորը նաև այս գերդաստանին չի շրջանցել ժամանակին։
«Պատերազմը կսկսվի (նկատի ունի 2-րդ համաշխարհայինը -խմբ․), գուկան ձին տանելու։ Պապս էլ ձին մե օրմ առաջ ծախած կեղնի։ Կըսե՝ չկա, ծախել եմ։ Պապիս կըսեն՝ դու ուրեմն գիտեիր, որ պատերազմ բդի էղնի, ձին ծախել ես, որ քեզնից ձի չտանինք։ Պապս էլ կդառնա, թե՝ Ստալինը չիդեր, որ պատերազմ բդի էղնի, ե՞ս ուրդից բդի իմանայի։ Ըդի Ստալին բառի համար 8 տարի Սամարղանդ են ղրկել։ Ու դե պատերազմի ժամանակ նստած կեղնի։ Կմնան առանց հսկողի, սաղ գաղութը ուռուցվորին, սովից կմեռնին։ Պապս գելնի, կամվոյ չկա, բան չկա, կամացին կհասնի Տաշքենդ։ Մե գինեգործիմ մոտ ֆուրղունջի կաշխատի, հետո էդ գինեգործը կսե, որ գինի տամ կծախե՞ս։ Պապս կսե՝ ընչի չեմ ծախե։ Տանի, գինին կդնե մե ծառիմ տակ, կսկե ծախել։ Գուկան կողքից՝ խաղողս դնեմ ծախե, եմիշս, կառտոլս, ու կամացից պապս կդառնա բազառնիկ։ Բայց մամս գնացել, բերել է։ Էդ վախտ 7 երեխա են ունեցել արդեն»,- ասում է զրուցակիցը:
Գյումրի մտնել, սակյան, Գրիշին թույլ չեն տվել, ասել են՝ պատժի ժամանակը չի լրացել։ Գյումրեցի ֆայտոնչին Վրաստան է մեկնել. «Քանիմ վախտ մնացել է, մինչև Ստալինն էլ մեռել է, ամնիստիա է եղել, եկել է տուն։ Բայց քաղաքականի համար նստածին ով էր գործ տվողը։ Առաջ չուլ հավաքելու տեղ կար, ոսկոր, պղինձ, ստիպված ըդտեղ է աշխատել, հետո զակոզեռնոն ֆուրղունչի»։
Բավական մեծ տարիքում մի պատահական զրույցի ժամանակ է Գրիշը որոշել կրկին ֆայտոն ունենալ։
«Օրըմ նստած խորատա կենեն, կըսե՝ տղեք, ֆայտոնըմ չհանե՞մ։ 55 թիվն է եղել, ու ֆայտոն չկար էդ ժամանակ։ Կըսեն՝ չես կռնա, պռինցիպի ընկավ, 61-ին հանեց։ Գնաց, Թիլվիզից զապչաստ բերեց, ստեղ արհեստավորներ գտավ, սարքել տվեց ֆայտոնը։ Առաջի ֆայտոնը, որ հանեց, դարդու Արամը փետի գործը էրավ, Դավոյենց Վահանը Երևանից եկավ, էդ վախտ ես արդեն 10 տարեկան տղա էի, վեռխը քաշեց, ձի էլ կար, պապը լծեց, ու ֆայտոնը ելավ քաղաք։ Պապից հետո Կարոն հանեց, Կիրանցվանեց Խաչոյի տղեն ահագին վախտ քշեց պապի հետ»,- հիշում է Սամվելը:
Ինչպես Սամվելը դարձավ ֆայտոնչի
«Ես ձին կսիրեի, պապիս էլ շատ կսիրեի։ Պապիս հետ էի միշտ, մանկությունս, երիտասարդությունս։ Ինքը շատ ժամանակ ձիերն ընձի չէր տա քշելու, որ կհիվընդնար, կամ գործեր կունենար, ուրիշ, 2 ընկեր ունիր, ըդոնց կուդար, որ ֆայտոնը հանեին։ Բայց ես միշտ հետն էի։ Պապից հետո ես շարունակեցի, չնայած պապի ֆոյտոնն էլ էինք ծախել, ձիերն էլ, բայց ես սարքի հանի, ըմբես էր, որ պապից հետո ինչխոր գուկային թուքումուր կուտային, թե պապից հետո ընչի չլծիր, ընչի ֆայտոն չկա հայաթը»,- նշում է նա:
Կյանքում ամեն աշխատանք արած Սամվելը նաև անկեղծանում է՝ տարիքի հետ հասկացավ, որ այլ աշխատանքով զբաղվել չի կարող, իսկ ֆայտոնն իր մանկության ընկերն է ու հենց դրանով է պահելու ընտանիքը։ Այս հարցում վճռական նշանակություն են ունեցել նաև ֆայտոն ունենալու, Գյումրու հյուրերին ֆայտոնով դիմավորելու առաջարկությունները:
«Պալկովնիկ Անանիկյան կար ու Հասմիկ Կիրակոսյանը՝ մշակույթի բաժնի պետը։ Եկան մեր տուն, թե 2 հատ ֆայտոն լծե, քեզի տարազ բան տամ։ Մերս, կնիկս կպան, թե ամոթ է, ելնիս էս տարիքիդ նիստիս ֆայտոնին։ Ես տարազը չհագա, բայց ֆայտոնը սարքեցի, որ ժամանակ պետք գուկար՝ կլծեինք։ Բայց հետո տեսա, որ ավելի լավ է, որ որպես գործ նայեմ ես ֆայտոնին։ Հասկցա, որ ուժս կպատե։ Ընկեր ճարեցի, որ ձիերին պահե, տարածք առա։ Ախուրյան կպահեմ կենդանիներին, 10 հատ ձի ունիմ, մե հատմ էլ էշ։ Շատ դժվար է ձիերին պահել, նայել, կերցնելը, անվտանգությունն էլ չըսեմ»,- ասում է Սամվելը։
Վերջինս հիշում է՝ նախկինում, երբ քաղաքում մեքենաները քիչ են եղել, իր գործն էլ է հեշտ եղել։ Ավելի հանգիստ է կարողացել փողոցներով երթևեկել։ Այժմ և՛ մեքենաներն են շատ, և՛ բարձր երաժշտությամբ ու անկանոն ձայնային ազդանշաններով երթևեկողները։ Կենդանիները վախենում են և՛ դրանցից, և՛ պոլիէթիլենային տոպրակներից, փուչիկներից։ Ամեն հարցում պետք է զգույշ լինել, որ և՛ կենդանին անվտանգ լինի, և՛ մարդիկ։
«Շատ դժվար է, ավտո չէ, որ գազ տաս, նախադու անցնիս, ես էլ կզգամ, որ խանգարեմգը ավտոներին, բայց մարդիկ ձեն չեն հանե, ճամփա կուտան։ Ընձի նեղեցնող չկա, բայց դե կենդանիները ծախսատար են։ Առավոտ 7։30 ձիերին կկերակրեմ, կջրեմ, մինչև չուտեն, ես ձիուն վար չեմ բերե։ Ճիշտ է, ուժեղ են, բայց շատ էլ նազուկ են։ Ավտոն մարեցիր, կկայնի՝ ո՛չ հաց, ո՛չ ջուր, ըսիգ կայնավ՝ ավելի շատ կուտե։ Էս է, սեզոնը կայնավ, պրծավ արդեն։ Ձիերը կանցնին խոտի, ու վերջ։ Էս տարվա խոտն էլ կես գցեցին արդեն, էս տարի շուտ չորցավ դաշտը, ու սաղ ձմեռ իրանք բդի գարի ու խոտ ուտեն։ Կեղնի, որ տարվա մեջ մե ձիմ կառնինք։ Ամեն ձի չի լծվի, բդի խելոք էղնի, ավտոներից չխրտնի, փուչիկներից չվախենա»,- ասում է ֆայտոնչին։
Ֆայտոնիս անունը փոխեմ, աստղանավ բդի դնեմ․ ովքեր են նախընտրում ֆայտոն նստել
Սամվելն ասում է՝ գյումրեցիները գրեթե բոլորը նստել են, սակայն երեխաներ կան, որոնք ծնողներին ստիպում, ամեն օր հասցնում են հրապարակ, որ թեկուզ մի պտույտ ֆայտոնով անեն։
Ֆայտոնը վերջին տարիներին մեծապես քաղքի հյուրերին ու զբոսաշրջիկներին է գրավում։ Ըստ նրա՝ բարձր գին չի ասում, որ բոլորին հարմար լինի, ինքն էլ գործ ունենա։
«Տուրիստներով կաշխատինք հմի։ Լավ է, որ էդ էլ եղավ, բացվավ, թե չէ ձիերս չէին կշտանա։ Բայց արդեն սկսել է ցրտել, տուրիստը քչնալ։ Մեր գործն էլ կպրծնի, ստեղ էլ երկար է ձմեռը, 7-8 ամիս ձիերը կուտեն առանց եկամտի, պահելը դժվար է, բայց թարգել չկա»,- ասում է Սամվելը։
Զբոսաշրջիկներից ու հյուրերից բացի, ֆայտոնով իրենց երեխաներին առաջին դասարան տանող ընտանիքներ էլ կան, նորապսակներն էլ են նախընտրում ֆայտոնով երթևեկել, նաև կնունք-ծնունդի առիթներին է հարգի գյումրվա ֆայտոնը, ինչպես նաև պաշտոնական շատ միջոցառումների անբաժան մասն է։ Այդպես միշտ է եղել։
«Դրսից, որ մարդ գուկար, էն վախտ Դոնարան էր, պապին կկանչեին դիմավորելու, նստեին, չնստեին, ֆայտոնը դեմից կերտար։ Հմի մեր մարզիկներին էլ կերտանք կդիմավերոնք ֆայտոնով։ Հմի ես կսեմ, թե էս ֆայտոնիս անունը բդի աստղանավ դնեմ, էս թազա աստղերը սաղ գուկան ստեղ կնկարվինգը»,- կատակում է գյումրեցին։
Չնայած Սամվելը իր ձիերին անգիր գիտի, ու երբեք խնդիրներ չեն եղել պաշտոնական միջոցառումների ժամանակ, այնուամենայնիվ, 2018-ին դրանցից մեկը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը, մեծ լարվածության պատճառ է դարձել։
«Եկան, թե ֆայտոնով դիմավորենք, հա, ֆայտոնով դիմավորենք։ Ըսի՝ հնարավոր չէ, ըդքան մարդու մեջը ձին չի կայնի, փախցնել կեղնի, վերջը ես ըսի՝ չէ, իրանք, թե՝ արի, հա արի։ Վերջը, մինչև Նիկոլը եկավ, քանիմ անգամ խմբերով եկան, թե ահան՝ կհասնի, ահան՝ կհասնի, էդ ձեները, սիգնալները, ձիերն արդեն վախից լարվել էին։ Հետո էլ եկավ, հա՛մ դեմը ճամփեն չէին բանա, հա՛մ կըսեին՝ բեր ֆայտոնը։ Մե կերպըմ մինչև վարչապետը նստավ, կինն էլ նստավ, էն ֆրանսիացի դերասանն էլ, էլ օպերատորը չհասցրեց նստի, ձիերը ֆայտոնը փախցրին էն ձևի, որ տեյ բոշի սադ։ Հմի Փաշինյանը կսե, թե՝ վարպետ ջան, մեզի հրապարակ բդի տանիս։ Ըսի՝ կտանիմ, հլը սուսեք։ Ձիերն ըմբես կերտային, որ ավտոները հետևներից չէին հասցնե։ Լավ էր, անփորձանք բերի տեղ հասցրի»,- արդեն ժպիտով պատմում է ֆայտոնչին։
Նյութի աղբյուր