Պուտինը ի՞նչ է ասելու Փաշինյանին և Ալիևին. Ուշակովի ակնարկը

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի ամբողջ սև աշխատանքը արվել է Մոսկվայում»,- հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Ուշակովը, որն ազդարարել է նաև հոկտեմբերի 8-ին Պուտին-Փաշինյան և Պուտին-Ալիև հանդիպումների մասին: Իսկ Պուտին-Փաշինյան-Ալիև հանդիպում հնարավոր է, թե ոչ, Ուշակովը չի ասել, թեև կարծես թե դրա վերաբերյալ հարց նրան չի էլ հղվել: «Սև աշխատանքի» մասին նրա հայտարարությունն առաջացնում է հարցեր, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ աշխատանքը, համենայն դեպս դատելով մամուլին մատուցվող իրականությունից, իրականացվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև «դիվանագիտական խողովակների» միջև փոխանցումներով, որոնց թիվը կարծես թե անցնում է տասնյակից:

Հարցը, թե որն է եղել այդ խողովակը, չի ստացել ստույգ պատասխան: Այժմ Ուշակովի հայտարարությունն արդյո՞ք նշանակում է, որ այդ «խողովակը» եղել է Մոսկվան: Մյուս կողմից, իսկ ինչե՞ր են քննարկվել այս ամբողջ ընթացքում Բեռլինում, Վաշինգտոնում, Նյու Յորքում, Աստանայում: Թե՞ ՌԴ նախագահի օգնականը նկատի ունի, որ այն ամբողջ ընթացքում, երբ թվում է, թե բանակցային գործընթաց ասվածը եղել է Ռուսաստանի տիրույթից դուրս, իրականում ծավալվել է Ռուսաստանի «անտեսանելի ձեռքի» կառավարմամբ:

Իրավիճակն առավել ամբողջական գնահատելու և Ուշակովի ակնարկը «ախտորոշելու» համար հարկավոր է տեղյակ լինել խաղաղության պայմանագրի տեքստին, թեկուզ այն համաձայնեցված 13 կետերին, որ առկա են՝ համաձայն Երևանի հավաստիացումների:

Ի դեպ, երբ Հայաստանը կոչ է անում ստորագրել այդ 13 կետերը, արդյո՞ք դա Մոսկվայի «սև աշխատանքի» կապիտալիզացիայի կոչ չէ, թե՞ Ուշակովը հենց դա նկատի ունի, երբ ասում է, որ ԱՄն և արևմտյան այլ գործընկերներ ձգտում են «սեպի նման» խրվել: Իհարկե հնարավոր է, որ ՌԴ նախագահի օգնականը նկատի ունի այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի գործընթացի «սև աշխատանքը» այն փուլն է, երբ նոյեմբերի 9-ի հայտարարության և հետագայում ՌԴ հովանու ներքո այլ եռակողմ համաձայնությունների միջոցով իրականացվել են որոշակի քայլեր, օրինակ ապաշրջափակման հարցերի, սահմանազատման և սահմանագծման հարցերի հանձնաժողովների ստեղծում:

Ուշակովը գուցե ակնարկում է, որ հետո արդեն Արևմուտքն այսպես ասած «վերցրել» է նախաձեռնությունը: Տևական ժամանակ Ռուսաստանը չի բարձրաձայնել այդ մասին, բայց հոկտեմբերի 8-ին Պուտինի՝ Փաշինյանի և Ալիևի հետ հանդիպումներից առաջ Ուշակովը հանկարծ որոշում է հիշեցնել «Խաղաղության պայմանագրի» նախագծի հարցում ՌԴ «հեղինակային իրավունքի» մասին: Դա նշանակում է, որ Պուտինը Մոսկվայում առաջարա՞րկ ունի Փաշինյանին և Ալիևին, թե՞ նախազգուշացում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *