Ընդդիմադիր քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ ուսուցիչների հասցեին արված ոչ կոռեկտ հայտարարության հետքերով civic.am-ը դիմել է Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեի ղեկավար Արմինե Դավթյանին։ Մասնավորապես խնդրել ենք՝ որպես փորձագետ, որը զբաղվում է ուսուցիչների իրավունքներով, արձագանքել ընդդիմադիր գործչի հայտարարություններին։ Մեր հարցմանը՝ արդյոք թույլատրելի՞ է թիրախավորել ուսուցչական համայնքի ներկայացուցիչներին՝ իրենց քաղաքական հայացքներով պայմանավորված, նրանց անվանարկել՝ շահարկելով վերջիններիս՝ ՀՀ վարչապետի հետ հանդիպումներին մասնակցությունը, տիկին Դավթյանն արձագանքել է. «ՀՀ-ում հարգանքի մշակույթը վաղուց կարելի է դասել «Կարմիր գրքում» գրանցվող երևույթների շարքում, իսկ ուսուցիչներին արատավորող հանրային երևույթների շարքն այսօր ոչ մի լավ բան չի խոստանում։ Կրթության որակը ուղիղ համեմատական է ուսուցչի նկատմամբ հանրության վերաբերմունքին, որի հարցում յուրաքանչյուրս մեր անելիքն ունենք։
Պետական մարմինների վերաբերմունքից սկսած, վերջացրած ծնողների վերաբերմունքով, այսօր ջանք ու եռանդ չի խնայվում ուսուցչի կերպարն արատավորելու համար։ Իհարկե չեմ հերքում, որ որոշ ուսուցիչներ իրենք էլ այդ հարցում անմասն չեն, սակայն եզակի դեպքերով չի կարելի ողջ համայնքի վերաբերյալ վերաբերմունք ու կարծիք ձևավորել։ Քաղաքական այն գործիչը, ով չի դրսևորում ուսուցչի նկատմամբ հարգալից վերաբերմունք, անկախ բացասական դեպքերից, ով երանգավորում է իր քաղաքական հայացների երանգով, ձևավորում համընդհանրական կարծիք մի ամբողջ համայնքի նկատմամբ՝ չմտածելով՝ դա ինչ ազդեցություն կարող է ունենալ երեխաների աշխարհայացքի ու արժեհամակարգի ձևավորման վրա, նա, հետևաբար, չի կարող կրել իր մեջ դրական արժեքներ»։
Դավթյանի խոսքով՝ անկախ ուսուցչական համայնքներում գոյություն ունեցող կոմֆորմիզմի երևույթից, նրանց քաղաքական համոզմունքներից ու վարքից, որոնք յուրաքանչյուր անձի անձնական իրավունքի դաշտին են պատկանում, «քաղաքական գործչին վայել չէ նման գռեհիկ արտահայտություններով որակել անգամ ամենակոմֆորմիստ ուսուցչին, քանի որ դա ոչ թե կոնկրետ անձնավորված է դառնում, այլ մի ողջ պետության համար կարևոր մասնագիտության վրա զանգվածային արատավորող հնչեղություն է ստանում»։
«Իհարկե մեր ազգի, ժողովրդի ու պետականության թշնամիներին հենց դա էլ պետք է, որին ձգտել են հասնել միշտ ու հասել են դարեր շարունակ։ Նախ ոչնչացրել են ուսուցչին, մտավորականին, ապա ոտնձգություն կատարել ազգի գոյության վրա։ Այսօր այդ ոչնչացման զենքերից մեկն էլ դարձել են սոցիալական ցանցերը, իսկ թիրախում ուսուցիչներն են։
Այնքան լավ բաներ կան խոսելու, գրելու, ներկայացնելու համար ուսուցիչների կատարած հերոսական գործերից, սակայն մի սայթաքում, և համացանցը լցվում է ուսուցիչների հասցեին ամենավերջին լուտանքներով։ Ինչո՞ւ… Կարծում եմ՝ այս հարցում մենք մտածելու, խորհելու տեղ ունենք անկասկած։
Իսկ այն քաղաքական կերպարները, ովքեր նման կերպ կամ այլ կերպերով կնսեմացնեն ուսուցչի մասնագիտությունն ու գործը, եթե շարունակեն նման անվայել արտահայտություններով լցնել հանրային տեղեկատվական հարթակները, անձամբ իմ և, կարծում եմ, շատ շատերի համակրանքը երբեք չեն շարժի։ Ուսուցիչը կերտում է անձ, սերունդներ, իսկ ուսուցչին կերտում են հանրությունն ու պետությունը՝ գնահատելով նրան ու արժևորելով։ Սա քաղաքակիրթ մշակույթի ձևավորման առանցքն է։ Մեր ուսուցիչներն առանց այդ էլ վերջիններիս ոչ պատշաճ վերաբերմունքի զոհն են այսօր, վիրավորված ու ստորացված, նսեմացած ու հուսալքված, արժե՞ արդյոք վերքի վրա աղ լցնել, եթե ոչինչ չի արվում բուժելու համար»,- նկատում է Արմինե Դավթյանը։
Նյութի աղբյուր