Ադրբեջանի պաշտպանության նախարար Հասանովը ՊՆ խորհրդակցության ընթացքում կոչ է արել բարձրացնել զորքի մարտական պատրաստվածությունը և «պատրաստ լինել սահմանին ռևանշիստ ուժերի սադրանքների հանդեպ կանխարգելիչ գործողությունների»: Հասանովը կոչ է արել բարձրացնել զգոնությունը, ինչպես նաև փոխանցել է Իլհամ Ալիևի դրած առաջադրանքները: Ի՞նչ առաջադրանք է դրել Ալիևն ադրբեջանական զինուժի առաջ և ի՞նչ «ռևանշիստ ուժերի սադրանքի» մասին խոսում Հասանովը:
Դա այն դեպքում, երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հենց այսօր դարձյալ հայտարարել է, որ Հայաստանը ոչ միայն որևէ հավակնություն չունի Ադրբեջանի տարածքի նկատմամբ, այլ նույնիսկ չունի իր տարածքի ադրբեջանական օկուպացիան ռազմական ուժով հետ մղելու մտադրություն: Ինչպես երևում է Բաքվի գործողություններից, հռետորաբանությունից, Ադրբեջանի համար Երևանի այդ հայտարարությունները, ըստ էության, չունեն որևէ նշանակություն:
Բացառել պետք չէ, որ Ադրբեջանը այդօրինակ հռետորաբանության ցուցադրությամբ փորձում է Երևանի հանդեպ գործադրել հոգեբանական ճնշում և Կլիմայի գագաթնաժողովին ընդառաջ Երևանից կորզել իրենց ձեռնտու շեշտադրումներով «շրջանակային համաձայնագիր՝ «խաղաղության պայմանագրի» համաձայնեցված կետերը ստորագրելու Հայաստանի առաջարկի փոխարեն:
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ու ցամաքային զորքերի հրամանատարը դեռևս սեպտեմբերի սկզբին, ընդ որում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի ստորագրումից ընդամենը մեկ շաբաթ անց, այցելել էին Հայաստանի հետ սահմանի շրջանում ՊՆ զորամասեր, ստուգել զորքերի պատրաստությունն ու հանձնարարել բարձրացնել զգոնությունը:
Նյութի աղբյուր