Թուլություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ. ո՞ր շնչառական վարակների հարուցիչներն են շրջանառվում ՀՀ-ում, ինչ անել

Վերջին շաբաթների ընթացքում Հայաստանում սուր շնչառական վիրուսներով պայմանավորված իրավիճակը գնահատվում է միջին ակտիվության։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության բժիշկ-համաճարակաբան Աիդա Հովհաննիսյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է, որ 2024 թվականի 43-րդ շաբաթվա ընթացքում բժշկական կենտրոններ և պոլիկլինիկաներ է դիմել 4490 պացիենտ։ Նախորդ շաբաթվա համեմատ այս թիվը նվազել է 1,1 անգամ։ Դիմելիության 71,6 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են։ Հոկտեմբերի 25-ի դրությամբ հոսպիտալացվել է 393 պացիենտ, որից 93,6 տոկոսը՝ կրկին երեխաներ։

Մասնագետի խոսքով՝ այս ցուցանիշները սպասելի էին. վիրուսների ակտիվությունը սեզոնին բնորոշ է։

«Ծանր սուր շնչառական վարակներով ու թոքաբորբով վերակենդանացման բաժանմունքում 10 հոսպիտալացում ունենք, իսկ նախորդ օրը ունեցել ենք 17, այսինքն՝ օրական կտրվածքով 1,7 անգամ դեպքերը նվազել են։ Հիմնականում թոքաբորբի դեպքեր ունենք, հոկտեմբերի 25-ի դրությամբ թոքաբորբով 235 պացիենտ է բուժում ստանում, որից 65 տոկոսը 0-18 տարեկան երեխաներն են»,- մանրամասնում է նա։

Ներկա դրությամբ ՀՀ-ում գրիպի վիրուսի հարուցիչներ չեն շրջանառում: Շրջանառում են այլ շնչառական վարակների՝ ռինովիրուսի, բոկավիրուսի, կորոնավիրուսային հիվանդության (SARS-Cov-2) հարուցիչներ․ «Բոլոր վիրուսների դեպքում ախտանշանները նույնն են՝ ընդհանուր թուլություն, քրտնարտադրություն, արցունքահոսություն, կոկորդի ցավ, ջերմություն, հազ, կարող են աղեստամոքսային հիվանդության ախտանշաններով ուղեկցվել՝ լուծ, փսխում։ Կորոնավիրուսային հիվանդության առումով վերջին 14 օրվա ընթացքում դեպքերը նվազել են 1,4 անգամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նույն պատկերն է եղել»:

Հովհաննիսյանը նկատում է՝ կորոնավիրուսային հիվանդությունն արդեն դիտարկվում է որպես սուր շնչառական վարակ, ախտանշանները նույնն են դարձել։ Սակայն, ըստ նրա, եթե դիտարկենք 2020 թվականից մինչև այժմ, ապա կորոնավիրուսային հիվանդության դեպքում սեզոնայնություն չկա։

«Սուր շնչառական վարակները ունենում են նաև գաղտնիության շրջան, երբ հիվանդը վարակակիր է և վարակում է շրջապատին, դրա համար ձմեռային եղանակին հաճախակի պետք է օդափոխություն ապահովել, հագնվել եղանակին համահունչ, պահպանել հազի, փռշտալու վարվելակարգը, շատ հեղուկներ օգտագործել, հետևել անձնական հիգիենային»,- խորհուրդ է տալիս նա։

Իսկ ինչո՞վ է պայմանավորված, որ սուր շնչառական վիրուսներով վարակվածությունը հաճախ հենց երեխաների մոտ է արտահայտվում, մասնագետը սա պայմանավորում է նրանով, որ երեխաների շրջանում դժվար է կիրառել կանխարգելիչ միջոցները․ «Վիրուսներով հաճախ վարակվածությունը երեխաների մոտ կապ ունի առաջինը անատոմիական կառուցվածքով, կանխարգելիչ միջոցառումները երեխաների շրջանում կիրառելը մի փոքր ավելի դժվար է, օրինակ՝ ձեռքերի հիգիենային հետևելը, դրա համար երեխաները միշտ համարվում են ռիսկի խումբ»։

Վերջինս շեշտում է՝ խորհուրդ է տրվում նախնական ախտանշանների դեպքում մնալ տանը, խորհրդատվություն անցկացնել տեղամասային բժշկի հետ, իսկ եթե ախտանշանները բարդանում են, ջերմությունը տևում է երեք օրից ավելի, այդ դեպքում դիմել բժշկական կենտրոն։

«Ինքնաբուժությամբ պետք չէ զբաղվել, դա կարող է բարդացնել վիճակը, չպետք է օգտագործել հակաբիոտիկներ, դրանք ցուցված չեն սուր շնչառական վիրուսային հիվանդությունների ժամանակ։ Որպես կանխարգելիչ միջոցառում անհրաժեշտ է պատվաստվել գրիպի դեմ, նաև պետք է խուսափել հիվանդների հետ շփումից, եթե հիվանդ են, պետք է մնալ տանը, չպետք է հաճախել դպրոց, աշխատանքի, մանկապարտեզ»,- ընդգծում է Հովհաննիսյանը։

Ըստ նրա՝ դպրոցներում նոյեմբեր ամսից կսկսվի կիրառվել ֆիլտրացման պրոցեսը, որի ժամանակ մուտքի մոտ բուժքույրը կստուգի բոլոր երեխաների ախտանշանները. եթե առկա լինեն ջերմություն, քրտնարտադրություն, ապա երեխան կմեկուսացվի, ծնողը կտեղեկացվի, որպեսզի երեխային դպրոցից տանեն ու դրանով նպաստեն վարակի կանխարգելմանը։

Ընդհանուր առմամբ մեզ մոտ առկա ՍՇՎ վիճակը անհանգստացնող չէ, վստահեցնում է համաճարակաբանը: Նրա խոսքով՝ քանի դեռ գրիպի հարուցիչներ չեն շրջանառվում, պատվաստումը ամենարդյունավետ միջոցն է վարակից խուսափելու համար։

Նշենք՝ գրիպի ռիսկային խմբում են քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք, 6 ամսականից 5 տարեկան երեխաները, 65 և բարձր տարիքի անձինք: Այս խմբում ներառված են նաև փակ հաստատություններում (երեխաների խնամքի և պաշտպանության հաստատություն, խնամքի տուն և այլն) գտնվող անձինք, բուժաշխատողներն ու հղիները:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *