Ադրբեջանը հարվածել է.

Ադրբեջանում 13 տարվա ազատազրկման է դատապարտվել այդ երկրի քաղաքացի, լրագրող Նազաքետ Մամեդովան: Ադրբեջանի դատախազությունը նրան մեղադրել է Ռուսաստանի օգտին լրտեսության համար՝ իր լրագրողական, քաղաքագիտական գործունեության ներքո: Ըստ դատախազության մեղադրանքի՝ Մամեդովան գումար է ստացել Ռուսաստանի հատուկ ծառայություններից: Դատարանը մեղադրանքը համարել է ապացուցված և ազատազրկել նրան 13 տարի:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովան, որ «մասնագիտացել» է Հայաստանում արևմտյան դավադրություններ բացահայտելու գործում, որևէ ձայն կհանի՞ Ադրբեջանում վերը նշված գործի կապակցությամբ: Կամ նրա ղեկավար Լավրովը, որը պարբերաբար խոսում է նույն բանի մասին, որևէ ձայն կհանի՞ Ադրբեջանում «Ռուսաստանի լրտես» բացահայտելու և դատապարտելու առնչությամբ: Օրեր առաջ ՌԴ հետախուզական ծառայությունն էր տարածել մի հայտարարություն, թե Արևմուտքը Հայաստանին մղում է «ազգային ինքնասպանության»:

Այդ ծառայության ղեկավարը Սերգեյ Նարիշկինն է, այն, որ կմկմում էր ի տես ամբողջ աշխարհի, երբ ՌԴ նախագահ Պուտինը հարցնում էր, թե արդյո՞ք պետք է ճանաչել Դոնբասի ու Լուգանսկի անկախությունը: Ի դեպ հետաքրքիր է, որ Կրեմլը չէր «մոնտաժել» այդ կմկմոցը և չէր զլացել ի տես ամբողջ աշխարհի խայտառակ անել սեփական երկրի արտաքին հետախուզության ղեկավարին: Տարիներ առաջ եղան լրագրողական հետաքննություններ, որոնք պարզել էին Նարիշկինի բիզնես կապերը Ռուսաստանում ծագումով ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի, նրա միջոցով էլ Ադրբեջանի փոխվարչապետի հետ:

Նարիշկինի ղեկավարած կառույցը որևէ հայտարարություն կտարածի՞ Բաքվում «ռուսական գործակալի» բացահայտման ու դատապարտման առնչությամբ: Թե՞ հենց իր կառույցն էլ այսպես ասած օգնել է Բաքվին բացահայտել նրան՝ այն ներգերատեսչական պայքարի, կամ այսպես ասած՝ «Կրեմլի աշտարակների» միջև պայքարի բովում, որի մասին ոչ միայն խոսվում է, այլ որը ծավալվում է իհարկե բավականին ակնառու և շատ վաղուց: Ի վերջո, Նարիշկինին խայտառակ դրության մեջ պատկերող այդ հայտնի տեսանյութը՝ ՌԴ ԱԽ 2022 թվականի նիստից, նաև հենց այդ պայքարի վկայություններից մեկն էր:

Իհարկե, հնարավոր է, որ Նարիշկինի կառույցը, Ադրբեջանին օգնելով բացահայտել ռուսական գործակալ, վրեժխնդիր է լինում Կրեմլի աշտարակներից որևէ մեկից: Իհարկե, դա իբրև վարկած, որովհետև հնարավոր է նաև, որ Ադրբեջանը պարզապես գնացել է այդ քայլին՝ Մոսկվայի հետ որևէ սակարկության թեմա բացելու համար: Ի վերջո, Բաքուն իրեն թույլ է տվել բացահայտ և ցինիկ կերպով գնդակահարել Արցախում ադրբեջանցի զինվորականների անմարդկային գործողությունների ականատես եղած ռուս խաղաղապահներին, իսկ հետո դրա դիմաց ընդամենը ներողություն խնդրել և խոստացել ընտանիքների փոխհատուցում: Դա բավական է եղել հարաբերությունների հետագա անամպ շարունակության համար: Ինչ խոսք, անամպ բնորոշումն այստեղ, այդուհանդերձ, հարաբերական է, և Ռուսաստանը պարզապես Ադրբեջանից ունի կախվածության այնպիսի աստիճան, որ իրեն չի կարող թույլ տալ չներել Բաքվի հանդգնությունները:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *