Վարչապետ Փաշինյանը բարձրաձայնել է վտանգը. կա՛մ պետք է հեռացվի վարչապետը, կա՛մ վտանգը

«Անկախության հռչակագիրը կարդացել եմ վերջին տարիներին տասնյակ անգամ ու եկել եզրակացության, որ այն սպառնալիք է Հայաստանի պետության գոյությանը»,- խորհրդարանական ամբիոնից հայտարարել է Նիկոլ Փաշինյանն ու ավելացրել, թե դա է մեր ամենամեծ ողբերգությունը: Մի քանի օր առաջ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը նույն խորհրդարանում հայտարարել էր, որ Հայաստանի Անկախության հռչակագրի մասով Ադրբեջանի պահանջը, ըստ էության, սպառիչ պատասխան է ստացել սահմանազատման ու սահմանագծման կանոնակարգի վերաբերյալ Հայաստանի ՍԴ որոշմամբ, և հարցն այդ որոշմամբ փակված է:

Հիշեցնեմ, որ ՍԴ-ն արել էր մեկնաբանություն, որ Հայաստանի Անկախության հռչակագիրը իրավական ուժով չի տարածվում է Հայաստանի Սահմանադրության վրա: Այս պահին թողնենք մի կողմ, թե ՍԴ-ն որքանով է այդ մեկնաբանության հարցում մնացել իր իրավասության և սահմանադրական իրավունքի տրամաբանության ու փիլիսոփայության, ընդհանրապես իրավունքի՝ որպես գիտություն, շրջանակում: Արտգործնախարարը հայտարարել է, որ թեման փակված է ՍԴ որոշումով: Փաստորեն պարզվում է, որ թեման փակված չէ, և Հայաստանի վարչապետն ընդամենը օրեր անց ամբիոնից հայտարարում է, որ Հայաստանի Անկախության հռչակագրի գոյություն սպառնալիք է պետության գոյությանն ու դա «մեր մեծ ողբերգությունն» է:

Նշանակո՞ւմ է դա, որ Ադրբեջանը չի ընդունել այն մեկնաբանությունն ու գնահատականը, որ արտահայտել է Հայաստանի արտգործնախարարը: Դրանից բացի, արդյո՞ք Հայաստանի իշխանության ներսում տարաձայնություն կա Հայաստանի Անկախության հռչակագրի հանդեպ դիրքորոշման առնչությամբ: Հայաստանի իշխանությունը տարբեր առիթներով պարբերաբար հիշեցնում է, որ մենք խորհրդարանական պետություն ենք:

Խորհրդարանական պետության պարագայում առավել ևս էական է հարցը, թե Հայաստանի կառավարող մեծամասնությունն ամբողջությամբ կիսո՞ւմ է հռչակագրի «ողբերգական» ազդեցության մասին վարչապետ Փաշինյանի գնահատականը: Եթե ոչ, ապա պետք է հետևի վարչապետի անվստահության գործընթաց, որովհետև խոսքը պարզապես ինչ-որ փաստաթղթի մասին չէ, այլ Հայաստանի Հանրապետության իրավաքաղաքական հիմնարար ակտի:

Եթե կառավարող մեծամասնությունն ամբողջապես կիսում է վարչապետի կարծիքը, ապա պետք է լինի նախաձեռնություն՝ հռչակագրի հարցում լուծման համար, որպեսզի այն դադարի «սպառնալ» պետությանը, ինչի մասին հայտարարում է վարչապետ Փաշինյանը: Հայտարարությունը հստակ է և աներկբա, ու, եթե դա պարզապես տեղեկատվաքարոզչական մանիպուլյացիա չէ, ապա պետք է հետևի գործողություն՝ «պետությանը սպառնացող» վտանգը չեզոքացնելու համար:

Եթե հնչում է վտանգի մասին հստակ և բարձրաձայն, բարձր մակարդակի գնահատական, ապա պետք է անհապաղ ձեռնարկվի դրա չեզոքացմանն ուղղված կոնկրետ գործողություն: Այլապես կա մեկ այլ վտանգ, որ Անկախության հռչակագիրը գործնականում չի սպառնում ոչնչի, առավել ևս պետության գոյությանը, պարզապես այն հռչակվում է այսպես ասած «քավության նոխազ», ալիբի՝ որևէ հնարավոր զարգացման պատասխանատվությունը հռչակագրի վրա բարդելու նկատառումով:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *