«Մենք քանի անգամ ենք կրկնել՝ կան կարմիր գծեր, որոնց հատումն ուղղակի անհնարին է, ես նույնիսկ չեմ ուզում քննարկել ու մեկնաբանել այդ տերմինը, չի լինելու նման բան, ուղղակի չի լինելու: Հայաստանը շարունակաբար կրկնել է, որ ցանկանում է ու պատրաստ է ապաշրջափակման շատ պարզ, բայց դոգմատիկ կանոնների ներքո՝ ինքնիշխանության ու իրավազորության ներքո»,-դեկտեմբերի 18-ին հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին:
Մհեր Գրիգորյանը հաստատել է, որ Երևանն առաջարկներ է արել Բաքվին, սակայն չի մանրամասնել, թե ինչ առաջարկների մասին է խոսքը: Գրիգորյանը հայտնել է, որ Ադրբեջանը դեռ չի պատասխանել դրանց:
Նկատենք մի ուշագրավ հանգամանք՝ ռուսաստանյան պրոպագանդիստ Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում Իլհամ Ալիևը գործնականում որևէ էական անդրադարձ չի կատարում ռեգիոնալ հաղորդուղիների ապաշրջափակման թեմային, և հետաքրքիր է, որ այդ թեման չի արժանանում նաև Կիսելյովի ուշադրությանը՝ կոնկրետ հարցի տեսքով:
Այդ «բացակայությունը» նշանակո՞ւմ է արդյոք, որ հարցը առնվազն ռուս-ադրբեջանական օրակարգի մասով ակտուալ չէ: Թե՞ դա կարող է լինել լռություն փոթորկից առաջ: Իհարկե, պետք չէ բացառել և այն, որ այդ հարցը ակտուալությունը կորցնում է ընդհանրապես, նաև Վաշինգտոնի համար, հաշվի առնելով Թրամփի նախագահությունը: Թրամփի առաջնահերթություններն այլ են և բացառված չէ, որ նրա վարչակազմը չդրսևորի այն ակտիվությունը, որ Միջին միջանցքի առումով ցուցաբերում էր դեմոկրատական վարչակազմը: Միևնույն ժամանակ, սակայն, պատկերն այստեղ բոլոր դեպքերում հարաբերական է:
Հնարավոր է, որ հարցը ոչ թե կորցրել է ակտուալությունը, այլ ենթարկվում է այսպես ասած վերադասավորման, այն նոր քննարկումների, բանակցությունների, հնարավոր սակարկությունների համատեքստում, որ արդեն իսկ ծավալվում են Թրամփի վերադարձով՝ թեև նա դեռ չի զբաղեցրել Սպիտակ տունը: Դա նշանակում է, որ 2025 թվականին հաղորդուղիների ապաշրջափակման հարցը կարող է և վերադառնալ «ակտուալ» օրակարգ, բայց գուցե նոր շեշտադրումներով՝ կախված այն «մեծ առևտրի» տրամաբանությունից, որ նախապատրաստում է Թրամփը իր պաշտոնամուտով:
Նյութի աղբյուր