Երկրորդ ուշագրավ տեղեկությունը Լոնդոնից՝ Փաշինյան-Ալիեւից հետո

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ գլխավոր շտաբի պետ Էդուարդ Ասրյանը Լոնդոնում մասնակցել է Ցամաքային պատերազմավարման հարցերին նվիրված ամենամյա համաժողովին։ Ըստ տեղեկության, համաժողովը կազմակերպվել է Միացյալ Թագավորության Արքայական միավորված ԶՈՒ տեսակների ինստիտուտի (RUSI) հովանու ներքո, իսկ նպատակը եղել է պատերազմավարման ցամաքային տիրույթում առկա սպառնալիքները, դրանց դիմագրավման հնարավոր ուղիները ուսումնասիրելը, ինչպես նաեւ այդ ուղղությամբ գործընկերային լուծումներին և ռազմաքաղաքական ու արդյունաբերական վերջին զարգացումների վերաբերյալ իրազեկումը:

Սա ըստ էության վերջին օրերին երկրորդ ուշագրավ տեղեկությունն է Լոնդոնից՝ Եվրոպական քաղաքական համայնք նախաձեռնության գագաթնաժողովի օրերին Փաշինյան-Ալիեւ չկայացած հանդիպման պատմության ֆոնին, որը եղել էր Բրիտանիայի վարչապետի նախաձեռնությամբ: Անշուշտ, երկու իրադարձությունները չունեն անմիջական շաղկապվածություն, սակայն ըստ էության «միեւնույն թեմայի» մեջ են: Դա է հուշում պարզ տրամաբանությունը:

Որտեղի՞ց է Հայաստանի ցամաքային սպառնալիքը: Իհարկե ոչ միայն ցամաքային, բայց՝ նաեւ ցամաքային: Հազիվ թե հնարավոր է ռացիոնալ տարբերակով մատնանշել այդպիսի սպառնալիքի այլ աղբյուր, քան Ադրբեջանը: Արդյո՞ք Բրիտանիան կարող է լինել ադրբեջանական սպառնալիքների դեմ Հայաստանի ցամաքային դիմադրունակության հարցում ընդգրկուն գործընկեր: Ադրբեջանի հետ բրիտանական շատ ավելի խորքային ու ընդգրկուն գործընկերությունը դրան խոչընդոտ չէ՞:

Ինքնին այն, որ Հայաստանի վարչապետը Լոնդոնում խուսափել է Բրիտանիայի վարչապետի հովանու ներքո Փաշինյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու առաջարկից, հուշում է, որ այդ առաջարկը Երեւանը դիտարկել է մեղմ ասած անարդյունավետ: Որքանո՞վ արդյունավետ կլինի գլխավոր շտաբների միջեւ գործակցությունը, հաշվի առնելով Հայաստանի սպառնալիքի աղբյուրի հանգամանքը: Այդ հարցը մի կողմից կարող է հնչել հռետորական, մյուս կողմից՝ միանգամայն առարկայական: Սա անշուշտ բոլորովին չի նշանակում գործակցության մերժում: Ինչպես նշել եմ բազմիցս, Հայաստանը պետք է ձգտի առավելագույն գործակցության ռեժիմ ձեւավորել միջազգային անվտանգային միջավայրի բոլոր առանցքային խաղացողների հետ, դնելով այդ ամենից իր համար առավելագույնը քաղելու խնդիր:

Իհարկե, այդ խաղացողներն էլ իրենց հերթին Հայաստանի հետ գործակցության հարցում դնում են իրենց համար քաղաքական առավելագույնին հասնելու հարց: Լոնդոնում չկայացած հանդիպումը հուշում է, որ Հայաստանի եւ Մեծ Բրիտանիայի միջեւ քաղաքական «առավելագույնների» հարցում մեղմ ասած կա անհամադրելիություն: Սա նշանակում է, որ հայ-բրիտանական պաշտպանական գործակցությունը պահանջելու է Հայաստանից բավականին հմուտ, ըստ էության ոսկերչական կառավարում, այդտեղ Հայաստանի համար թեկուզ ոչ առավելագույն, բայց մնայուն արդյունք ստանալու համար:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *