Վերնագիրն ընթերցելուց հետո, շատերը կկարծեն, որ այս մեկնաբանության թեման Փարիզի ամառային օլիմպիական խաղերի ընթացքում արդեն բավականին աղմկոտ դարձած պատմություններն են՝ գենդերային թեմաների, օլիմպիադայի բացման գեղարվեստական միջոցառման աղմկահարույց դրվագների եւ այլնի վերաբերյալ: Ոչ, ՄՕԿ ամոթն ու խայտառակությունն այլ է, մասնավորապես այն, որ Միջազգային օլիմպիական կոմիտեն Ադրբեջանից ներողություն է խնդրել Ֆրանս 2 հեռուստաալիքի մեկնաբանի արտահայտությունների համար, որ մեկնաբանն արել է հեռուստաընկերության եթերում՝ օլիմպիադայի բացման արարողությունը մեկնաբանելիս: Հիշեցնեմ, որ հայկական պատվիրակության երթի ժամանակ մեկնաբանը օգտագործել է «մեր հայ բարեկամները» արտահայտությունը, հիշեցնելով Լեռնային Ղարաբաղում հայ ժողովրդի հետ կատարված բռնությունն ու էթննիկ զտումը:
Այլ կերպ ասած, ֆրանսիացի մեկնաբանը ընդամենը արձանագրել է այն, ինչ եղել է, կատարվել աշխարհի աչքի առաջ՝ ավելի քան երեք տարի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի հանդեպ իրականացված հետեւողական ագրեսիա, ընդ որում թե ռազմական ուժի, թե նաեւ այսպես ասած հակամարդկային այլ գործիքների, մասնավորապես տոտալ բլոկադայի կիրառումով: Ադրբեջանին բնականաբար դուր չի եկել ֆրանսիացի մեկնաբանի արտահայտությունը: Դե, դա Ադրբեջանի գործն է, Բաքվին բնականաբար դուր չի գա, երբ իրերը կոչվեն իրենց անունով: Բայց, ամոթ ու խայտառակություն է, երբ Միջազգային օլիմպիական կոմիտեն ներողություն է խնդրում Ադրբեջանից այն բանի համար, որ ֆրանսիացի մեկնաբանը իրերը կոչել է իրենց անունով:
Ներողություն է խնդրում մի երկրից, որը ռազմական ագրեասիայի է ենթարկել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությանը, ենթարկել նրանց տոտալ բլոկադայի՝ ըստ էության հասցնելով իրավիճակը մարդասիրական աղետի, եւ հետո դարձյալ ռազական ագրեսիայով էթնիկ զտման ենթարկել Արցախը: Որեւէ մեկը Միջազգային օլիմպիական կոմիտեից չի ակնկալում, որ հնչեն այդ իրողությունները դատապարտող հայտարարություններ: Ավելին, Հայաստանի հանրապետությունը ՄՕԿ առաջ հարց էլլ չի բարձրացրել՝ օլիմպիական շարժմանը ոչ հարիր պետական քաղաքականության համար պատժամիջոց կիրառել Ադրբեջանի հանդեպ:
Թե ինչու Հայաստանը չի բարձրացրել այդպիսի հարց, այլ խոսակցության նյութ է: Բայց, երբ ՄՕԿ պաշտոնապես ներողություն է խնդրում ավելի քան 120 հազար մարդու հանդեպ բառի բուն իմաստով ահաբեկչական քաղաքականություն վարած երկրից այն բանի համար, որ ֆրանսիացի մեկնաբանը պարզապես արձանագրել է այդ փաստը՝ ընդ որում զգալիորեն ավելի մեղմ ու զուսպ բնորոշմամբ, դա, դարձյալ մեղմ բնորոշմամբ՝ Միջազգային օլիմպիական կոմիտեի ամոթն է ու խայտառակությունը:
Դա ցույց է տալիս, թե որքան է ՄՕԿ-ը գտնվում քաղաքական կաղապարների ազդեցության ներքո, իր վարքագիծը համապատասխանեցնելով այսպես ասած միջազգային քաղաքական տրենդներին: Ի դեպ, դրա վկայություն էր նաեւ ՄՕԿ լղոզված ու անդեմ պատասխանը ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի կոչին, որը կազմակերպությանը կոչ էր արել օլիմպիական շարժման ներուժն օգտագործել Բաքվի բանտում պահվող հայ գերիներին ու պատանդներին ազատ արձակելու գործին նպաստելու համար: ՄՕԿ պատասխանել էր, թե չի զբաղվում քաղաքականությամբ: Չգիտես ինչու, նույնը չի պատասխանել Ադրբեջանին, հիշեցնելով, որ Ֆրանս 2 հեռուստաընկերությունն ու դրա մեկնաբանը ՄՕԿ անդամ չեն:
Նյութի աղբյուր