Մոսկվան եւ Թեհրանը Բաքվին «հաճելի» անակնկալ մատուցեցին

Հունվարի 17-ին կայացել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի մի քանի ամիս առաջ անոնսավորված պաշտոնական այցը Մոսկվա:

Ռուսաստանը եւ Իրանը գրեթե միջազգային մեկուսացման մեջ են, եւ այդ մակարդակի հանդիպումը հավասարապես կարեւոր են երկու կողմի համար: Ռուս-իրանական բանակցությունների արդյունքում վերջապես ստորագրվել է համապարփակ ռազմավարական համագործակցության մասին պայմանագիրը, որ բանակցվել է շուրջ երեք ու կես տարի:

Նախապես ծրագրված էր, որ կստորագրվի 2024 թ. հունիսին: Բայց մայիսի 19 –ին Հոդափերինի ջրամբարի մոտ Ադրբեջանի եւ Իրանի նախագահների բանակցություններից մեկ ժամ անց Իսլամական հանրապետության նախագահ Էբրահիմ Ռեիսիի ուղղաթիռը ենթարկվեց աղետի, որի հետեւանքով նա եւ արտաքին գործերի նախարար Աբդոլահիանը զոհվեցին: Իրանում նշանակվեցին նախագահի արտահերթ ընտրություններ: Ակնկալվում էր, որ պայմանագիրը կստորագրվի նոյեմբերին՝ Կազանում ԲՐԻԿՍ-ի գագաթաժողովի շրջանակներում, բայց իրանական կողմը նպատակահարմար տեսավ, որ նախագահ Փեզեշքիանն առանձին այցով մեկնի Մոսկվա եւ փաստաթուղթը վավերացվի ավելի հանդիսավոր պայմաններում:

Ռուս-իրանական պայմանագիրն արդեն ստորագրված է եւ, ամենայն հավանականությամբ, խորհրդարանական վավերացումը բարդություններ չի հարուցի: Ճիշտ է, կողմերը ռազմական համագործակցության ոլորտում ձեռնպահ են մնացել ագրեսիայի դեպքում փոխադարձաբար զինված աջակցություն ցուցաբերելու պարտավորությունից, բայց պայմանագիրը հատկապես տնտեսական եւ կոմունիկացիոն նպատակների առումով շատ ավելի ընդգրկուն եւ առարկայական է, քան մինչ այդ ստորագրվածը:

Ռուս-իրանական համապարփակ ռազմավարական համագործակցության հեռանկարը հետաքրքրում է ոչ միայն միջազգային քաղաքականության ազդեցիկ կենտրոններն, այլեւ Հարավային Կովկասի երկրներին, որովհետեւ տարածաշրջանը պատմականորեն գտնվել է երկու՝ ռուսական եւ պարսկական կայսրությունների երկարամյա մրցակցության ասպարեզ եւ ներկայումս էլ զգալիորեն կախված է Մոսկավյի եւ Թեհրանի հարաբերություների մակարդակից:

Այս առումով չափազանց ուշագրավ է Բաքվի մամուլի արձագանքը: Մոսկվայում Ռուսաստանի եւ Իրանի նախագահները հայտարարել են Ռուսաստանից Իրան գազատարի կառուցման եւ տարեկան շուրջ 50 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազ Իրան արտահանելու համաձայնության մասին:

Ադրբեջանական պաշտոնական աղբյուրներն այդ տեղեկությունը դեռեւս չեն մեկնաբանել:

Ռուսական կողմն, ընդհակառակը, պարզաբանել է, որ գործարքի բոլոր մանրամասնությունները համաձայնեցված են, բանակցությունները շարունակվում են միայն գազի գնի շուրջ: Ավելի վաղ ռուսական կողմը քննարկել է Կասպից ծովում ստորջրյա գազամուղ կաոռւցելու տարբերակը, սակայն դա եւ ծախսատար է, եւ ոչ այնքան անվտանգ, ուստի ընտրվել է ցամաքային խողովակաշար անցկացնելու տարբերակը:

Ադրբեջանցի փորձագետները գտնում են, որ գազի տարանցման դիմաց կարելի է տնտեսական շահ ունենալ: Ադրբեջանը պարտավորված է երկու տարի հետո Եվրամիություն առաքվող գազի ծավալները կրկնապատկել, բայց արդյունահանման հնարավորությունները սուղ են:

Բացառված չէ, որ Ռուսաստան-Իրան տարանցումն ապահովելու դիմաց Բաքուն գազի լրացուցիչ պաշարներ կստանա:

Այդուհանդերձ, գործարքին Ադրբեջանի մասնակցությունը քաղաքական առումով բավական ռիսկային է, որովհետեւ Ռուսաստանը եւ Իրանը միջազգային պատժամիջոցների են ենթարկվում եւ այդ երկրների հետ էներգետիկ համագործակցության դեպքում առաջանում է ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից «երկրորդական սահմանափակումների» բախվելու իրական սպառնալիք:

Դա է, թերեւս, պատճառը, որ Բաքուն չի մեկնաբանում իր տարածքում գազամուղ կառուցելու մասին ռուս-իրանական համաձայնությունը: Հավանականությունը, որ դա Ալիեւի համար անսպասելի է, նվազ է, բայց ամեն դեպքում գործարքի հրապարակայնացումը, այն էլ մի իրավիճակում, երբ կանխատեսվում է, որ ԱՄՆ ընտրված նախագահ Թրամփը պաշտոնն ստանձնելուց հետո Իրանի նկատմամբ ավելի կոշտ քաղաքականություն է վարելու, «հաճելի» անակնկալ է Ադրբեջանի նախագահի համար:

Ալիեւն, իհարկե, հրապարակային դժգոհություն չի հայտնի, բայց հնարավոր ամեն ինչ կանի, որպեսզի այդ գործարքից իր վնասը հասցնի նվազագույնի: Որքանո՞վ դա նրան կհաջովի՝ պարզ կլինի Իրանի նկատմամբ ԱՄՆ նոր վարչակազմի քաղաքականությունից: Բայց, ինչպես ասում են՝ աշխարհագրությունը ճակատագիր է. Ադրբեջանը սեղմված է Ռուսաստանի եւ Իրանի միջեւ, ուստի երկու շատ ազդեցիկ հարեւանների դեմ կտրուկ որեւէ քայլ ձեռնարկել չի կարող: Այլ բան է, որ նա Մոսկվային եւ Թեհրանին մատուցախ տրանզիտային ծառայությունները ձգտելու է փոհատուցման արժանացնել Հայաստանի հետ հարաբերություններում:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *