«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է «Հարկ վճարողների պաշտպանություն» ՀԿ նախագահ Փայլակ Թադևոսյանը
– Պարո՛ն Թադևոսյան, ի՞նչ դրական կամ բացասական ազդեցություն է ունենալու քաղաքացիների վրա «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» օրենքի կիրառումը:
– Ազգային ժողովում հանրային լսումների ժամանակ՝ երկու-երեք տարի առաջ, երբ ուզում էին հայտարարագրման համակարգը ներդնել, հասարակական հատվածից բացառապես բոլորը ներկայացրեցին իրենց պատկերացումներով, թե ինչպես պետք է լինի հայտարարագրման համակարգը, այն համակարգը, որը կա աշխարհի բոլոր երկրներում:
Բայց մեզանում ներդրեցին այսպես կիսատ-պռատ մի բան, ինչու եմ ասում՝ կիսատ-պռատ, որովհետև աշխարհում ընդունված է, որ այդ հայտարարագրման համակարգը այն երկրներում, որտեղ գործում է պրոգրեսիվ հարկման համակարգ, հիմնականում ամեն ընտանիքի անդամի համար կա նվազեցման՝ չհարկվող շեմի հնարավորություն, և հայտարարագիր ներկայացնելու իմաստն այն է, որ այդ նվազեցումները կատարելուց հետո մարդիկ գումար հետ ստանան, մեծ պատկերն այս է:
Մեզանում վերցրին մի մասը, որն իրենց հարմար է, հիմա ունենք մի համակարգ, որը միայն սոցիալական ծախսերի՝ կրթության, առողջապահության ծախսերն է հատուցում, ընդամենը 100 հազար դրամի չափով առավելագույնը: Այսինքն՝ այն բոլոր քաղաքացիները, որոնք, օրինակ՝ ունեն վճարովի սովորող երեխա, այդ հայտարարագիրը ներկայացնելիս հնարավորություն ունեն այդ 100 հազարը հետ ստանալու: Մեծ հաշվով սա է, թե ինչ է տալու քաղաքացիներին:
Համակարգի ներդրման ժամանակ երկու նպատակ էին ասում, մեկը սոցիալական ավելի նպատակաուղղված քաղաքականության համար է արվում, որ կարողանան նույնականացնել մարդկանց եկամուտները, ճիշտ գնահատել, ու սոցիալական ծրագրերը, որ իրականացվում են, ավելի նպատակային լինեն, մյուսն էլ՝ եկամուտների մասին ճիշտ պատկերացում ունենալն էր:
Բայց այն, ինչ հիմա արվում է, այդ երկու նպատակն էլ ջուրն է գցում, որովհետև տարբեր պետական մարմինների կողմից հայտարարվում է, որ տան անդամները միմյանց փող փոխանցելու պարագայում պետք է հայտարարագրեն որպես նվեր, ինչը շատ սխալ մոտեցում է:
Օրինակ՝ ընտանիք, որտեղ կինը ստանում է 200 հազար դրամ, ամուսինը՝ 300 հազար, ընտանիքի ընդհանուր եկամուտը 500 հազար դրամ է: Հիմա ամուսինը կնոջը փոխանցում է գումար տան կարիքների համար, մինչև կինը աշխատավարձը ստանա, օրինակ՝ 100 հազար դրամ, հետո այնպես է ստացվում, որ կինն է ամուսնուն գումար փոխանցում: Ստացվում է, որ դա պետք է հայտարարագրեն, բայց գրեն որպես նվեր:
Ստացվում է, որ ընտանիքի իրական եկամուտը 500 հազար է, բայց այս հայտարարագիր ներկայացնելու արդյունքում պետությունն իմացավ, որ այս ընտանիքի եկամուտը 700 հազար է, որովհետև 100-ն ամուսինը փոխանցեց կնոջը, 100-ը՝ կինը ամուսնուն: Դա չհարկվող է, խնդիրն այդ չէ, բայց ընտանիքի իրական եկամուտը վիրտուալ դառնում է 700 հազար, այսինքն՝ պատկերը վիճակագրական ու սոցիալական տեղում աղավաղվում է միայն սրա արդյունքում:
– Իսկ հայտարարագրման գործընթացի մասով ի՞նչ խնդիրների է բախվելու ֆիզիկական անձը:
– Չասեմ, որ դրանք խնդիրներ են, բայց ասեմ անհրաժեշտ քայլերը: Առաջինը՝ պետք է գնա, հանի ID` նույնականացման քարտ, հետո պետք է գնա իր բջջային օպերատորի մոտ նոր հեռախոսի քարտ ստանա, որով կարողանան նույնականացնել, այսինքն՝ որ այդ ծրագիրն աշխատի հեռախոսի մեջ: Երրորդ՝ էլեկտրոնային ստորագրությունը ակտիվացնելու համար պետք է վճարի 3000 դրամ: Մեծ պատկերով սա է, այսինքն՝ միայն հայտարարագիր լրացնելու համար մոտավորապես պետք է 5000 դրամ ծախսի նվազագույնը:
– Պարո՛ն Թադևոսյան, ի՞նչ է փոխելու սա քաղաքացու կյանքում:
– Դե ասացի, 100 հազար դրամի չափով հետ են ստանալու՝ կրթության ու առողջապահության ոլորտին վերաբերող հարցերում: Խառնաշփոթ է ստեղծելու մարդկանց կյանքում, որովհետև, օրինակ՝ ես իմ կնոջը փոխանցած գումարները կամ ինձ նրա փոխանցածը չեմ հայտարարագրելու, որովհետև աբսուրդ է ընտանիքի անդամների միջև փոխանցումների անունը նվեր դնել:
– Իսկ պետությանն ի՞նչ է տալու:
– Իմ կարծիքով՝ ոչ մի էական բան: Դեռ 3 տարի առաջ ասել են, թե քանի որ հայտարարվել է, որ հայտարարագրման համակարգ են ներդնում, ներդրել են:
– Այսինքն՝ ինքնանպատա՞կ է ընդունվել այս օրենքը:
– Չգիտեմ: Դե, ասում են՝ սոցիալական քաղաքականություն ճիշտ իրականացնելու համար, բայց դրա համար պետք չէր հայտարարագիր ներկայացնել, մեկ է, այսպես, թե այնպես այն բոլոր եկամուտները, որ հայտարարագրում են, ինքնաշխատ արտացոլվում են: Հիմա ես այդ թղթի տակ ստորագրելու եմ, թե չէ՝ դա արտացոլվելու է, դրանք որպես իմ եկամուտներ պետության կողմից նույնականացվում են: Իրենց հուզող հարցերը կարող էին ի մի բերել, մեկ համակարգ ստեղծել ու այդ ամենն անել՝ առանց մարդկանց կյանքը բարդացնելու: Կարծում եմ, որ պաշտոնատար անձինք կամաց-կամաց կփորձեն կատարելագործել համակարգը ու ծառայեցնել այն նպատակին, ինչը ի սկզբանե դրել էին:
Քրիստինե Աղաբեկյան