Հունվարի 29-ին Ադրբեջանում տեղի են ունեցել այսպես կոչված «մունիցիպալ ընտրություններ»: Իլհամ Ալիևը ցուցադրաբար մասնակցել է քվեարկությանը: ԿԸՀ պաշտոնական տեղեկատվությամբ՝ մասնակցությունը կազմել է 31 տոկոս: «Մուսավթ» կուսակցության կենտրոնական շտաբի վկայությամբ, սակայն, Բաքվում քվեարկությանը մասնակցել է գրանցված ընտրողների միայն 5 տոկոսը:
«Մուսավաթը» հանդես է եկել մունիցիպալ ընտրությունների վերաբերյալ նախնական հայտարարությամբ, որ աչքի է ընկնում կոշտ ձևակերպումներով: Ընդդիմադիր կուսակցությունը պահանջել է չեղյալ հայտարարել քվեարկության արդյունքները և նշանակել նոր ընտրություններ՝ խոստանալով հրապարակել հազարավոր փաստական հիմնավորումներ:
Ադրբեջանում տեղական ինքնակառավարումը ձևական բնույթ է կրում: Այդ մասին օրենք ընդունվել է Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո՝ որպես ստանձնած պարտավորությունների կատարման վկայություն: Սահմանադրությամբ գործադիր իշխանությունը պատկանում է նախագահին, նա է նշանակում քաղաքների և շրջանների ղեկավարներին, իսկ վերջիններս լիազոր ներկայացուցիչներ ունեն բոլոր «մունիցիպալիտետներում»:
Այդուհանդերձ, հունվարի 29-ի «ընտրությունները» բավական սուր քննարկումների տեղիք են տվել: Եվրոպայում ադրբեջանական վտարանդիության աղբյուրները հայտնում են, որ իշխանությունները քվեարկության օրը բոլոր տեղամասերում դիտորդների և լրագրողների նկատմամբ բռնություններ են գործադրել, հետապնդվել են մունիցիպալ խորհրդի անդամի ոչ իշխանական թեկնածուները:
Այս ֆոնին հունվարի 30 -ին և 31-ին տեղեկություններ են տարածվել ճանապարհատրանսպորտային պատահարի և պայթյունի հետևանքով սպանվածների մասին: Առաջին դեպքում խոսքը վերաբերում է Իմիշլիի շրջանի գործադիր իշխանության ներկայացուցչին, որ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել գյուղամիջյան ճանապարհի երթևեկելի մասից և հայտնվել կոյուղատարի բաց ջրափոսում: Նա և երկու անչափահաս երեխա մահացել են:
Երկրորդ դեպքը տեղի է ունեցել Աղջաբեդիի շրջանի Հինդարխ գյուղի բնակելի տներից մեկում: Պայթյունի հետեւանքով տեղում սպանվել է հինգ մարդ, երկուսը՝ ծանր վիճակում տեղափոխվել շրջանային հիվանդանոց: Պայթյունի պատճառների մասին Ադրբեջանի գլխավոր դատախազության տարածած հաղորդագրությունը ոչինչ չի ասում, միայն նշվում է, որ Աղջաբեդիի շրջանային դատախազությունը փաստի առթիվ հետաքննությունն է իրականացնում։
«Թուրան» գործակալության տեղեկացվածությամբ՝ պայթյունի պատճառ է հանդիսացել «մարտական նռնակի հետ անզգույշ վարվելը»: Ի՞նչ հանգամանքներում է մարտական նռնակը հայտնվել Հինդարխ գյուղի բնակելի տներից մեկում, ո՞վ է «անզգույշ վարվել», ովքե՞ր են սպանվածները և վիրավորները՝ ոչ մի տեղեկություն այդ մասին հայտնի չէ:
Ավելին, պայթյունի մասին տեղեկությունը կարճ ժամանակ անց Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցների կայքերից հեռացվել է: Ամենայն հավանականությամբ՝ պատկան մարմինների հանձնարարությամբ, ինչից կարելի է ենթադրել, որ կամ տեղի է ունեցել անձնական հաշվեհարդար, ինչ-որ մեկը նռնակ է նետել և սպանել մի ընտանիքի անդամների, կամ ոստիկանությունն է գրոհել բնակելի տունը և, հանդիպելով զինված դիմադրության, նռնակ է գործածել և ոչնչացրել հետապնդվողներին:
Մոտ մեկ շաբաթ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Իմիշլի շրջկենտրոնում. Ճանապարհային ոստիկանության պարեկային ավտոմեքենան փողոցի ոչ երթևեկելի հատվածում հարվածել է դպրոցից տուն վերադարձող մի խումբ երեխաների: Երկու դպրոցական մահացել է տեղում, երրորդը՝ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին: Հարյուրավոր երիտասարդներ բողոքի ակցիա են կազմակերպել, տասնյակ անձ ձերբակալվել է և մեղադրվել «խուլիգանության» մեջ: Բացառված չէ, որ նռնակի գործածումը կապված է այդ ակցիայի մասնակիցների որոնման հետ: Իմիշլիի ինքնաբուխ հանրահավաքում հնչել է «հրաժարական» բառը: Ադրբեջանում դա նշանակում է ոտնձգություն անձամբ Իլհամ Ալիևի դեմ: Մի քանի օր առաջ Լենքորանում իր տանը ոստիկանության կողմից գնդակահարվել է թմրանյութի մաքսանենգության մեջ կասկածվող 20-ամյա մի երիտասարդ: Ոստիկանական ռեժիմի և ադրբեջանական հանրության միջև «քաղաքացիական պատերազմ է» սկսվել:
Նյութի աղբյուր