Լուսանկարի պայծառ աչքերով տղան Ալեքսեյ Ասրյանն է, կամ ինչպես մտերիմներն են նրան դիմում՝ Ալյոշկան…Մենք սպասում էինք հրաշքի, որն այդպես էլ չեկավ․ Ալյոշկան մնաց առանց մեզ, մենք էլ` միայնակ

Լուսանկարի պայծառ աչքերով տղան Ալեքսեյ Ասրյանն է, կամ ինչպես մտերիմներն են նրան դիմում՝ Ալյոշկան։ Ընդամենը 19 տարեկան էր՝ ժամկետային զինծառայող, երբ Ադրբեջանը 2020 թվականին լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի դեմ։ Ալյոշկան Վարանդայի շրջանում էր։ Ծանր մարտերը շարունակվել են շուրջ 44 օր։ Մայրը պատմում է, որ որդու հետ կապն ընդհատվել է պատերազմի 29-րդ օրը՝ հոկտեմբերի 25-ին։ Դրանից հետո Ալվինայի և Արարատի համար սկսվել են մղձավանջային օրեր։

«Մինչև պատերազմի ավարտը որևէ տեղեկություն չունեինք Ալյոշկայից։ Անընդհատ սպասում էինք, որ ինչ որ տեղից դուրս կգա։ Հետո սկսեցինք հույս պահել, որ գերության մեջ կլինի։ Հետո ուշադրությամբ հետևում էինք Արցախի փրկարարների որոնողական աշխատանքներին։ Գիտե՞ք, յուրաքանչյուր ծնողի համար ամենադաժան բանը որդու դիակի նույնականացման համար ԴՆԹ հետազոտության թեստ հանձնելն է։ Դժվարությամբ, բայց այդ քայլին ևս գնացինք։ Ամիսներ շարունակ որևէ տեղից զանգ չէինք ստանում, այդպես ավելի էր մոտենում որդուս ողջ գտնվելու հավանականությունը»,- MediaHub-ին պատմում է Ալվինա Սարգսյանը։

Ալեքսեյի հորաքրոջ՝ Անուշի խոսքով՝ պատերազմի ամբողջ ընթացքում որդին ծնողներին երբեք չի հայտնել իր գտնվելու վայրը։ «Ասում էր, որ իրենց դիրքը նույն վայրում է, նրանք ապաստարաններում են և դուրս չեն գալիս։ Երբ կտրվել է կապը նրա հետ, նույն օրը՝ հոկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը, փաստորեն, նա զոհվել է Վարանդայում։ 10 երկար ու տանջալից ամիսների որոնումների ընթացքում հայրը որդու բազմաթիվ սխրագործությունների մասին է իմացել։ Ամեն անգամ հպարտորեն լսում էր Ալյոշկայի մասին՝ հույս ունենալով, որ կվեադառնա և ինքը կպատմի պատերազմի օրերից»։

10 ամսվա սպասումները, սակայն, 3 տարի առաջ այս օրը փոշիացան։ «Մի կողմից հույս էինք պահում, մյուս կողմից անդադար որոնում և՛ Արցախում, և՛ Հայաստանում։ Ամուսինս Ալյոշկային գտավ Մ․ Հերացու ախտաբանաանատոմիական ծառայությունում։ Մարմինն անճանաչելի էր, բայց Արարատը վստահ էր, որ դա հենց Ալյոշկայի մարմինն է։ Ավելի հավաստիանալու համար՝ ԴՆԹ-ն ուղարկեցինք Մոսկվայի առաջատար լաբորատորիա և հաստատվեց որդուս ինքնությունը»,- արտասվում է մայրը, որ Արցախից բռնի տեղահանվելուց հետո Ստեփանակերտում է թողել ամենաթանկը՝ Ալեքսեյի շիրիմը։

«Հիմա Եռաբլուրում ենք։ Եկել ենք Ալեքսեյի բաժին ծաղիկները խոնարհենք նրա ընկերների գերեզմաններին։ Գոնե այսպես փոքր ինչ մեզ թեթևացած կզգանք»։

Ալեքսեյի ինքնությունը հետազոտությամբ հաստատելուց հետո, ծնողները չեն վարանել նրան Արցախում հուղարկավորելու հարցում։ Ընդ որում, ոչ թե Եղբայրական հուշահամալիրում, այլ ընտանեկան գերեզմանոցում, արցախյան առաջին ազատամարտում զոհված պապի՝ Ալեքսեյ Ասյանի կողքին։

«Այդ ժամանակ որևէ մեկիս մտքով չէր անցել, որ Արցախն ամբողջությամբ կկորցնենք, որ այնտեղ կթողնենք մեր սրբությունները։ Ալյոշկային այնտեղ ենք թողել միայնակ, մենք էլ այստեղ ենք մենակ մնացել առանց իրեն»,- ափսոսում է մայրը, որ այսօր ծաղիկներ գրկած այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն՝ ամեն շիրմաքարի մեջ տեսնելով, գրկելով իր Ալեքսեյին։

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *