MediaHub-ը շաբաթ օրը տեղեկացրեց, որ ցավոք՝ օրեր շարունակ կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջկա կյանքը փրկել չհաջովեց:
Երեխան Վեդիի միջնակարգ դպրոցից Վեդիի ԲԿ էր տեղափոխվել, այնուհետ Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Թե ո՞րն է պատճառը, որ երեխան նման ծանր վիճակում էր հայտնվել, պարզ չէ:
Ավելի վաղ գրել էինք, որ 10-ամյա երեխայի գործով ՀՀ քննչական կոմիտեն նախաձեռնել է քրեական վարույթ անզգուշությամբ ծանր մարմնական վնասվածք պատճառելու հոդվածով։
MediaHub-ը դարձյալ կապ հաստատեց ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ի՞նչ զարգացումներ կան այս գործով։
«Քննություն է իրականացվում, դեռ ոչինչ չեմ կարող ասել, հանգամանքները պարզվում են»,– նշեց Աբրահամյանը։
MediaHub-ի հետ զրույցում աղջնակի հայրը՝ Լևոնը, ավելի վաղ նշել էր, որ խոսակցություններ են շրջանառվում, թե պատուհանից է երեխան ընկել, մեկն ասում է՝ «աստիճաններից բրդել, գցել են երեխային», «վեճ է եղել»։ Իր հերթին, դպրոցի տնօրենը հայտնել էր. «Ուսուցչուհին սովորաբար այդ երեխային մենակ չէր թողնում գնալ։ Երեխան էդ օրը շատ հանգիստ է եղել, նորմալ է եղել, և ուսուցիչը թողել է նրան դուրս գալ։ Մենք ենթադրում ենք, որ ինչ-որ ձայն է լսել ներքևից, կռացել է, որ նայի, կորցրել է հավասարակշռությունը ու ընկել։ Վերևում այդ պահին աշակերտ չի եղել»:
Նյութի աղբյուր