Ինչի՞ է նախապատրաստվում Իլհամ Ալիևը

Ադրբեջանում պաշտոնից ազատվել է ԶՈՒ ցամաքային զորքերի կորպուսի միանգամից երեք հրամանատար: Պաշտոնանկ են արվել և պահեստազոր արձակվել Բաքվի, Շամքորի և Բեյլագանի կորպուսի հրամանատարներ Բաբաևը, Աբդուլլաևը և Բարխուդարովը: Ի՞նչ պատճառով է երկու գեներալ և մի գնդապետ հեռացվել բանակից, որևէ մեկնաբանություն, բնականաբար, չկա:

«Թուրան» գործակալության զինվորական աղբյուրները, սակայն, հայտնել են, որ կադրային ջարդը նախաձեռնել է պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար Հիքմեթ Միրզոևը:

Նա այդ պաշտոնին նշանակվել է վերջերս, մինչ այդ գլխավորել է հատուկ նշանակության զորամիավորումը: Միրզոևը ապրիլյան քառօրյա մարտերի և քառասունչորսօրյա պատերազմի մասնակից է: Պաշտպանության փոխնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցության Բաքվի լրատվամիջոցներն առաջին անգամ բացահայտել են, որ նրա հրամանատարությամբ զորախումբն առաջինն է մուտք գործել Շուշի:

Մինչ այդ ղարաբաղյան երկրորդ պատերազմի գլխավոր դերակատարի համարում ուներ գեներալ Մայիս Բարխուդարովը՝ որպես 2020 հոկտեմբերի 4-5-ին Ջեբրայիլի ուղղությամբ ՊԲ առաջնագիծը «ճեղքած» կորպուսի հրամանատար:

Մայիս Բարխուդարովի դեպքում պաշտոնանկության պատճառ կարող էր հանդիսանալ այսպես կոչված «Բեյլագանի գործը»: 2017թ. նրա հրամանատարության կորպուսում տեղի է ունեցել զանգվածային ինքնադատաստան, տասնյակ շարքային զինվորներ ենթարկվել են կտտանքների, իսկ մեկը՝ շտաբի պետի կողմից ցուցադրաբար գնդակահարել:

Գորով հանրային դժգոհությունն այնքան մեծ է, որ քառասունչորսօրյա պատերազմից հետո զինվորական դատարանը կրկնակի քննություն է սկսել: Բացառված չէ, որ Բարխուդարովը կանգնի դատարանի առաջ:

Բայց դա հազիվ թե Ադրբեջանի ցամաքային զորքերում կադրային ջարդի հիմնական պատճառն է: Ըստ երևույթին՝ պաշտպանության փոխնախարար Միրզոևը կորպուսի հրամանատարի պաշտոնում առաջ է մղում իր թեկնածուներին: Դա կարող է ունենալ երկու մոտիվացիա: Որոշ փորձագետներ գտնում են, որ պաշտպանության նախարար Հասանովի «ժամանակը սպառվել է»:

Ադրբեջանի զինված ուժերում Հասանովը, թերևս, խորհրդային-ռուսաստանյան զինվորական կրթության «վերջին մոհիկանն է»: Պաշտպանության նախարար նա նշանակվել է ներքին զորքերի հրամանատարի պաշտոնից՝ որպես Բաքվում «կարգուկանոն հաստատող» և Իլհամ Ալիևի հավատարիմ մարդ:

Ըստ երևույթին՝ ցամաքային զորքերի հրամանատար Միրզոևը մոտ ապագայում կփոխարինի Հասանովին, կորպուսի հրամանատարների փոփոխությամբ նա նախարարի պաշտոնում ոտքի տակ ամուր հող է ստեղծում:

Բայց կադրային փոփոխությունները, հավանաբար, պետք է դիտարկել Ադրբեջանի ռազմական դոկտրինի համատեքստում: Քառասունչորսօրյա պատերազմից հետո Բաքուն հետևողականորեն կատարելագործում է ԱԹՍ-ները, մտադիր է արդիականացնել ռազմա-օդային ուժերը, ձեռք է բերում հրթիռային համակարգեր և մշտապես իրականացնում հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժություններ:

Այդ ձեռնարկումներից կարելի է ենթադրել, որ աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում Բաքուն լայնածավալ պատերազմի փոխարեն շեշտը դնում է «հատուկ ռազմագործողություն» իրականացնելու մարտավարության վրա:

Պաշտպանության փոխնախարար, նախարարի ամենահավանական թեկնածու Միրզոևը զինվորական բարձրագույն կրթություն ստացել է Թուրքիայում, որտեղ նաև գործնական պատրաստության դասընթացներ է անցել:

Թուրքիան նույնպես հատուկ կարևորում է «սահմանափակ ընդգրկման ռազմագործողության» նշանակությունը: Որպես կանոն ներգրավվում են ԱԹՍ-ներ, օդուժ, հրետանային միջոցներ և հրթիռներ: Ադրբեջանը, հավանաբար, բանակը բերում է պատրաստության մի աստիճանի, երբ հնարավոր կլինի ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման և թիրախային հարվածներով ուղեկցվող գործողություններ:

Պատահական չէ, որ Բաքվի մամուլը վերջին շրջանում սկսել է կրկնել Հայաստանի «սպառազինվածության սպառնալիքը չեզոքացնելու նպատակով կանխարգելիչ քայլեր ձեռնարկելու իրավունքի» մասին:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *