Հայաստանը չի միացել ԱՊՀ արտգործնախարարների նիստի ընթացքում ընդունված հայտարարություններից երկուսին, հայտնել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը: Նիստը հոկտեմբերի 7-ին կայացել է Մոսկվայում՝ նախորդելով այսօր կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովին: Հայաստանը ընդունված հայտարարություններից չի միացել երկուսին, որոնք վերաբերում են Եվրասիայում անվտանգության ապահովման սկզբունքներին և միջազգային հարաբերություններում միակողմանի միջոցների անթույլատրելիությանը:
Երևանի այդ որոշումը՝ չմիանալ երկու հայտարարություններին, ըստ ամենայնի՝ պայմանավորված է այն հանգամանքով, որ դրանք կարող էին հարցեր առաջացնել արևմտյան գործընկերների շրջանում, կապված մինչ այդ Հայաստանի արտահայտած դիրքորոշումների հետ: Մասնավորապես, խոսքը տվյալ պարագայում կարող է վերաբերել անվտանգության թեմատիկային, որի առնչությամբ Հայաստանը, ըստ էության, հայտարարում է, որ սառեցրել է անդամությունը ՀԱՊԿ-ին:
ԱՊՀ արտգործնախարարների նիստի հայտարարությունը, իհարկե, ՀԱՊԿ մասին չէ, սակայն դե ֆակտո՝ ԱՊՀ շրջանակը խոշոր հաշվով ընկալվում է այդ տրամաբանությամբ: Դե յուրե ՀԱՊԿ-ից դուրս են միայն Ուզբեկստանն ու Ադրբեջանը: Մյուսը, որ վերաբերում է միակողմանի միջոցների անթույլատրելիությանը, Հայաստանի ընկալմամբ թերևս կդիտարկվեր ԱՄՆ դեմ: Ի վերջո, թեև ԱՊՀ հայտարարության մեջ չկա կոնկրետ անվանում, թե որ երկրի կամ երկրների կիրառած միակողմանի միջոցներին են դեմ, և որ երկրի դեմ կիրառվող միջոցների, այդուհանդերձ, հասկանալի է, որ խոսքը ՌԴ դեմ կիրառվող պատժամիջոցների մասին է, որոնց նախաձեռնողն ու հրամանատարը Միացյալ Նահանգներն է:
Չմիանալով ԱՊՀ հայտարարությանը՝ Երևանը թերևս փորձել է չհայտնվել թեկուզ անուղղակի, սակայն բավականին թափանցիկ տողատակով Միացյալ Նահանգների դիրքորոշումն անընդունելի համարող հայտարարությանը: Ըստ էության՝ Հայաստանը թերևս միևնույն ժամանակ իր այս վարքագծով փորձել է բալանսավորել սեպտեմբերի սկզբին ԵԽ անդամ պետությունների արդարադատության նախարարների հավաքին ընդունված հայտարարությանը չմիանալը, որը վերաբերում էր այսպես ասած ուկրաինական պատերազմում հանցագործություններին և ուղղված էր ՌԴ նախագահի և արտգործնախարարի դեմ:
Ընդ որում՝ Հայաստանի տեղեկատվական դաշտում դա մեկնաբանվեց, իբրև Հռոմի ստատուտից հրաժարում, ինչը, սակայն, հեռու էր իրականությունից, քանի որ ստատուտի վավերացումը բոլորովին այլ գործընթաց և հարթություն է, իսկ Հայաստանը չէր միացել ԵԽ հայտարարությանը, որը ուներ կոնկրետ առնչություն ՌԴ ղեկավարությանը:
Նյութի աղբյուր