tert.am/medicine/am-գրում է. Հայ Ամերիկյան Առողջության Կենտրոնի սեքսապաթոլոգ, դոցենտ Սևադա Հակոբյանը ներկայացրել է՝ որոնք են բեղմնականխման անվտանգ մեթոդները:
«Չպլանավորված հղիությունից պաշտպանվելու կամ բեղմնականխման մի շարք մեթոդներ են հայտնի: Իհարկե դրանցից որևէ մեկը չունի բացարձակ արդյունավետություն, սակայն 2 և ավելի մեթոդների համակցման պարագայում խիստ բարձրանում է էֆեկտիվությունը:
Մեխանիկական մեթոդներից ամենատարածվածը և անվտանգը պահպանակն է: Պահպանակը մինչև այժմ մնում է անցանկալի հղիություններից և սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաներից պաշտպանվելու ամենաանվտանգ մեթոդը: Արդյունավետությունն օգտագործման տեխնիկայի ճիշտ պահպանման դեպքում բավականին բարձր է:
Այն հաճախ կարող ենք խորհուրդ տալ այն դեպքերում, երբ կնոջը, բժշկական նկատառումներից ելնելով, հակացուցված է հորմոնալ բեղմնականխիչների և ներարգանդային պարույրների կիրառումը (բեղմնականխման էֆեկտը բարձրացնելու համար կիրառվում են սպերմիցիդ քսուքներ պարունակող պահպանակներ):
Կանաց ներարգանդային պարույրը նույնպես համարվում է բեղմնականխման անվտանգ և արդյունավետ միջոց: Հաճախ այն կիրառվում է նույնիսկ կանանց որոշակի խնդիրների ժամանակ, որպես բուժական միջոց:
Հորմոնալ բեղմնականխման միջոցները կիրառվում են միմիայն բժշկական ցուցումներով և նշանակմամբ՝ օրգանիզմի հորմոնալ ֆոնը հսկողության տակ պահելով:
Հղիության պլանավորման և բեղմնականխման մեթոդների տիրապետումը շատ ցանկալի է նաև այն տեսանկյունից, որպեսզի բացառվի հղիության ընդհատումները՝ պայմանավորված չպլանավորված հղիությամբ»:
Նյութի աղբյուր