«Մենք ենք մտել Ղարաբաղ, մենք էլ կորոշե՞նք»

Հուլիսի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը հերթական անգամ հիշեցրել է, որ Թուրքիան «մտել է Լիբիա եւ Ղարաբաղ»: Այդ հայտարարությունը նա արել է՝ չբացառելով, որ Թուրքիան «կմտնի նաեւ Իսրայել»: Նախօրեին «Թուրան» գործակալության մեկնաբանը կարծիք էր հայտնել, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացների պայմանավորված հանդիպումը հետաձգվում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի «պահանջով»:

Թուրքական մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Թուրքիայի եւ Հայաստանի հատուկ բանագնացներ Սարդար Քըլըչը եւ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 30-ին կհանդիպեն հայ-թուրքական սահմանին: Ընդսմին, բանակցություններն առավոտյան կսկսվեն Հայաստանի տարածքում, ապա կշարունակվեն Թուրքիայի տարածքում: Այս տեղեկատվությունը փոխանցելով՝ Բաքվի իշխանական լրատվամիջոցը հավելում է, որ «հանդիպումը ծրագրված էր դեռեւս հուլիսի 3-ին»:

Անցած օրերին, որքանով դիտարկվում է, թուրք-ադրբեջանական պաշտոնական շփումներ չեն եղել: Համենայն դեպս, այդ մասին հրապարակային տեղեկություն հայտնի չէ: Էրդողանն ինչու՞ է եւս մեկ անգամ հիշեցրել, որ Թուրքիան է «մտել Ղարաբաղ»: Ընդ որում, հայտարարությունը հնչել է ադրբեջանական կողմի այն տեղեկատվության ֆոնին, որ Իլհամ Ալիեւը «այցելել է «Հաղթանակի այգի» համալիրի շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին»:

Ալիեւը մշտապես խոչընդոտել է հայ-թուրքական կարգավորմանը: Ցյուրիխյան արձանագրությունների նախաստորագրման շրջանում նա նույնիսկ պատերազմի զոհերի մայրերի մի խումբ էր գործուղել Անկարա, կանայք մտել էին Աթաթուրքի դամբարան, ոգեկոչել «բոլոր թուրքերի հորը» եւ աղերսել, որ նա «Ադրբեջանին չդավաճանի»:

Չափազանց դժվար է ասել՝ Ռուբինյան-Քըլըչ բանակցությունների մասին թուրքական մամուլի տեղեկությունը որքանո՞վ է հավաստի կամ ի՞նչ արդյունք կտան բանակցությունները: Եթե Քըլըչը հատելու է սահմանը, իսկ Ռուբինյանն է անցնելու Թուրքիա, ապա դա խորհրդանշական արարողակարգ է:

Բայց օրակարգում երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար հայ-թուրքական սահմանի բացման խնդիրն է: Եւ եթե անգամ կողմերը հասնեն պայմանավորվածության իրացմանը, ապա դա կունենա միայն «բարի կամքի արտահայտության» իմաստ:

Ավելի կարեւոր է, թե Ռուբինյան-Քըլըչ հանդիպման մասին ե՞րբ եւ որքանո՞վ է տեղեկացվել Իլհամ Ալիեւը: Էրդողանն ընտրել է «մենք ենք մտել Ղարաբաղ, մենք էլ որոշում ենք» դիրքորոշումը, թե՞ հատուկ բանագնացների հանդիպումը հայ-ադրբեջանական բանակցությունների շուրջ լարվածությունը գոնե քարոզչա-տեղեկատվական տիրույթում մեղմելու նպատակ ունի:

Պետք է, թերեւս, դիտարկել նաեւ հանգամանքը, որ Էրդողանը նախապատրաստվում է Պուտինի հետ հանդիպմանը: Հայ-թուրքական սահմանը հսկում է ՌԴ ԱԴԾ-ն, եւ այն բացելու հարցում կողմերը հավանաբար չեն կարող անտեսել կամ հաշվի չառնել Մոսկվայի դիրքորոշումը: Փորձագիտական կայուն տեսակետ կա, որ Ռուսաստանը նույնպես շահագրգռված չէ հայ-թուրքական սահմանի բացմամբ:

Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ բանագնացների հանդիպման մասին տեղեկատվությունը նախորդում է Իրանի նախագահի պաշտոնամուտի արարողությանը, միաժամանակ՝ համընկնում Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմից «հինգ րոպե պակաս» իրավիճակին: Հայ-թուրքական կարգավորման որեւէ առաջընթաց Էրդողանին «խաղաղարարի» կերպար կտա՞: Իսկ Ալիեւը կընդունի՞ այդ «խաղը»: Թե դա թուրք-ադրբեջանական է:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *