ԱՄՆ կտրուկ որոշումը. հայ-վրացական ռազմավարական հարաբերության հրամայականը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ դադարեցնում է Վրաստանին ֆինանսական օգնությունը: Բլինքենը հայտարարել է, որ Վրաստանի քաղաքականությունը չի համապատասխանում Եվրամիության ու ՆԱՏՕ-ի անդամակցության չափանիշներին: Անկասկած է, որ ԱՄՆ դիրքորոշումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Թբիլիսին փորձում է չդառնալ Արեւմուտք-Ռուսաստան դիմակայության կողմ: Սա իհարկե ԱՄՆ ու Վրաստանի հարաբերության հարցն է, որն իհարկե էական շերտերով առնչություն է ունենալու Կովկասի գործընթացներին ու ստատուս-քվոյին:

Այյդ հարցերին մենք անդրադարձել ու անդրադառնում ենք պարբերաբար, ընդգծելով այդ ամենում գլխավորը՝ Հայաստանի համար կենսական կարեւորություն ունի Վրաստանում կայունությունը, ինչպես նաեւ հայ-վրացական փոխհարաբերության կայուն զարգացումը, արդեն համահունչ այն ռազմավարական գործընկերությանը, որի վերաբերյալ հռչակագիր Երեւանն ու Թբիլիսին ստորագրեցին 2024 թվականի հունվարին՝ Նիկոլ Փաշինյանի Վրաստան կատարած այցի ընթացքում: Վրաստանի եւ Արեւմուտքի հարաբերության որոշակի սառեցման կամ գոլացման ֆոնին, Հայաստանը խորացնում է հարաբերությունը նույն Արեւմուտքի հետ:

Այստեղ հաճախ է հնչում գնահատական, թե Հայաստանի հանդեպ արեւմտյան ուշադրությունն աճում է, որովհետեւ Վրաստանը փորձում է տարածություն պահել Արեւմուտքից: Գործնականում սակայն, այստեղ «փոխարինման» կամ «փոխատեղման» հարց չէ բոլորովին:

Կա իհարկե Կովկասի ընդհանուր «քեյս», որտեղ սակայն բոլոր երեք պետությունների առնչությամբ կան առանձին հանգամանքներ, շերտեր, մոտիվներ ու ծրագրեր: Սա իհարկե իմիջայլոց, քանի որ բուն խնդիրը, ինչպես նշեցի, հայ-վրացական ռազմավարական գործընկերությանը համահունչ հարաբերության պահպանումն ու զարգացումն է:

Իհարկե, կասկածից վեր է, որ արտաքին քաղաքական եւ անվտանգային հանգամանքները չեն կարող չունենալ այդ հարաբերության վրա իրենց ազդեցությունը: Բայց, նաեւ հենց դրա համար է անհրաժեշտ երկու կառավարությունների ողջախոհությունն ու հեռատեսությունը, նաեւ իմաստնությունն ու հասունությունը, որպեսզի չեզոքացնեն հնարավոր այդ ազդեցությունը: Առավել եւս, որ դա գործնականում կարող է լինել նաեւ երկու երկրների ինքնիշխան կարողության ու ներուժի շոշափելի ցուցիչներից մեկը:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *