Եվրամիությունը կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած օրինագիծը կառույցին անդամակցության գործընթաց սկսելու մասին և հարցը կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ։ Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով գլխավոր խոսնակ Անիտա Հիպերը։ Նախօրեին Երևանում համանման արձագանք էր տվել նաև ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը:
Թե՛ Հիպերը, թե՛ Մարագոսը նաև հիշատակել են Հայաստանի հետ ԵՄ ներկայիս գործընկերային ծրագրերը և դրանց տարողունակությունը: Սա բավականին բազմիմաստ արձագանք է: Արդյո՞ք եվրոպացի գործընկերները համարում են, որ այս շրջափուլում բավարար է փոխհարաբերության ներկայիս իրավաքաղաքական բազան: Համենայն դեպս, հարկ է նկատել, որ Հայաստանի կառավարության որոշումից հետո Եվրամիության գործադիր իշխանության արձագանքը բավականին զուսպ է:
Թեև Նիկոլ Փաշինյանը դեռևս նոյեմբերի իր ծավալուն հարցազրույցում էր ազդարարել, որ կառավարությունը դրական կարձագանքի չորս կուսակցությունների հայտնի նախաձեռնությանը, այդուհանդերձ, տպավորություն է, որ Եվրամիությունը չէր սպասում, որ պաշտոնական Երևանը դրական եզրակացությամբ գործընթացն այսպես ասած «կպաշտոնականացնի» այդքան վաղ: Դրա մասին է գուցե վկայում այն, որ Բրյուսելից արձագանքներն առայժմ դեսպանի և խոսնակի մակարդակով են, չնայած անցել է արդեն մի քանի օր:
Իհարկե, Հայաստանի որոշումը ողջունել է Եվրախորհրդարանում Հայաստանի հարցով մշտական զեկուցող Միրիամ Լեքսմանը, սակայն նա գործադիր իշխանության ներկայացուցիչ չէ, իսկ քաղաքականությունն իրականացնում է գործադիր իշխանությունը: Այստեղ արձագանքը թողնում է տպավորություն, որ Հայաստանի կառավարությանը կան հարցեր:
Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում որոշումը դրական եզրակացության համատեքստում հայտարարել էր, թե Հայաստանի կառավարությունն անում է իր քայլը և մնացյալ անելիքները կախված են Եվրամիությունից: Արդյո՞ք Եվրամիությունում կարծում է, որ Երևանը դեռ ունի անելիքներ:
Նյութի աղբյուր