Կարևոր տեղեկություն․ ՀՀ-ն և ԱՄՆ-ն ստորագրեցին ռազմավարական գործընկերության փաստաթուղթը

Հայաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթ ստորագրեցին։

փաստաթուղթը ստորագրեցին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Փաստաթղթի ստորագրման արարողությունը տեղի ունեցավ Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարարի և ԱՄՆ պետքարտուղարի հանդիպման շրջանակներում։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ընդգծեց, որ փաստաթղթի ստորագրումը Հայաստանի և ԱՄՆ հարաբերություններում նշանակալի հանգրվան է:

«Մենք ստեղծում ենք ԱՄՆ-Հայաստան ռազմավարական գործընկերության հանձնաժողով: Այն մեզ հնարավորություն է տալիս ընդլայնել համագործակցությունը տարբեր ոլորտներում՝ տնտեսական հարցերում, անվտանգության և պաշտպանության ոլորտում, ժողովրդավարության, արդարադատության հարցերում…»,–ասաց Բլինքենը:

«Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության կանոնադրությունը ձևավորում է ամուր հիմք և մեր համագործակցությանը դարձնում ավելի հավակնոտ։ Այն ընդգրկում է բազմաթիվ ոլորտներ, այդ թվում՝ տնտեսական և էներգետիկ կապերի ամրապնդում, հաղորդակցություններ, պաշտպանության և անվտանգության համագործակցության խորացում, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդում, արդարադատության և օրենքի գերակայության խթանում, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների զարգացում, ինչպես նաև մարդկանց միջև շփումների ընդլայնում»,– նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Միրզոյանն ընդգծեց՝ Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերությունները՝ հիմնված ընդհանուր արժեքների և փոխադարձ շահերի վրա, վերջին տարիներին նշանակալի զարգացում են ապրել։ «Դրանք հասել են այնպիսի մակարդակի, որի դեպքում ռազմավարական գործընկերության հաստատումը ոչ միայն համապատասխանում է ներկայիս իրողություններին, այլև էական նշանակություն ունի բարդ աշխարհաքաղաքական պայմաններում գործելու համատեքստում»,–հավելեց նա:

Հայաստանի ԱԳ նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ պետքարտուղարին և իր թիմին` երկու երկրների համագործակցությունը նոր մակարդակի բարձրացնելու ուղղությամբ ներդրված ջանքերի համար:

ՀՀ-ԱՄՆ հարաբերությունները 2024 թվականին նշանավորվել էին ակտիվ քաղաքական երկխոսությամբ և արժեքավոր ձեռքբերումներով։ Ապրիլի 5-ին տեղի էր ունեցել ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպումը։ Հունիսի 11-ին Երևանում կայացել էր ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը և ուրվագծվել էր հարաբերությունների խորացման տեսլականը՝ միտված երկկողմ երկխոսության կարգավիճակը ռազմավարական գործընկերության բարձրացնելուն: 

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *