Մինչ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փաստում է Հայաստանի Հանրապետության կողմից վարվող «բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականության» մասին՝ արձանագրելով հարևան երկրների՝ Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքիայի, ԻԻՀ-ի, ինչպես նաև ՌԴ-ի, ԵՄ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Չինաստանի, Հնդկաստանի հետ հարաբերությունների որակն ու մակարդակը, ընդդիմադիր դաշտում սուգ է, ողբ ու կական, խուճապ ու ՀՀ-ին սպառնացող «զուլումի» մասին սրտաճմլիկ կանխատեսումներ։
Այս՝ կարեկցանք հարուցող հոգեվիճակի պատճառը ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև նախօրեին ստորագրված ռազմավարական համագործակցության փաստաթուղթն է, որի ստորագրման փաստն ինքնին կարևոր ազդակ է ՀՀ-ին սպառնացող արտաքին մարտահրավերներին դիմագրավելու, մեր պետության անվտանգային իմունիտետը բարձրացնելու առումով։ Բայց, ահա, նորին պայծառակերպություն ընդդիմությունը, որի դարդն ու ցավը, իբր, երկրիս փրկությունն է «ադրբեջանացումից ու թրքացումից», այդ հանգամանքից բնավ չի ոգևորվել։ Ինչո՞ւ, քանի որ չի ոգևորվել նաև ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ-ն, որի տրամադրությունների արտացոլանքն էլ ինքը՝ ընդդիմությունն է իր օրակարգով ու գործողություններով։
ՀՀ արտաքին քաղաքականության բալանսավորումը, ինչպես գիտենք, Կրեմլը հասկանում է որպես ընդդեմ իրեն արված քայլ, Կրեմլի իջեցրած «մեթոդական ձեռնարկով» առաջնորդվող հայրենի ընդդիմությունն էլ, «կադրային չեկիստներից» մինչև «կադրից դուրս» մնացած աշխուժակներ, գործող իշխանությանը մեղադրում է ՀՀ-ի «արևմտականացման» և այդպիսով սեփական գլխին «ավեր ու աղետ» բերելու մեջ։ Ի դեպ, պետք է շնորհակալ լինել ռուսական շահերի հայաստանյան լոբբիստներին իրենց անկեղծության, ավելի ճիշտ՝ բացբերանության և «աղետ ու ավեր» բերողի կոորդինատները ճշգրիտ հուշելու համար՝ Ռուսաստանի Դաշնություն, Պուտինի ադմինիստրացիա, հեռախոս…
Քաղաքական գործունեության ձախորդ փորձ ունեցող «կադրային չեկիստ» Արթուր Վանեցյանն էլ, միանալով «սգակիր» իր գործընկերներին, որոշել է մասնագիտական կարծիք հայտնել ստորագրված փաստաթղթի մասին։ Բայց քանի որ չեկիստները, որպես կանոն, կարծիք հայտնելու մեջ օրիգինալություն չեն ցուցաբերում, ուստի ԱԱԾ նախկին տնօրենն էլ մեկին մեկ կրկնել է Օվերչուկի, Պեսկովի, Լավրովի և իր մյուս քաղաքական «մենթորների» կարծիքը։ «Ժանրի կանոնների համաձայն, առաջիկայում Նիկոլ Փաշինյանը կհայտարարի Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին: Իր հերթին ՌԴ-ն ըստ էության հայտարարել է, որ Հայաստանը չի կարող օրակարգում ունենալ ԵՄ անդամակցության հարց և մնալ ԵԱՏՄ անդամ: Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը շարունակում է մնալ արկածախնդրության տիրույթում՝ սպառնալով հերթական պատուհասը բերել մեր հայրենիքի գլխին»,- «լավրովապես», «պեսկովավարի» ու «օվերչուկաբար» աղաղակել է Վանեցյանը և, ուշադրություն, շենշող արձանագրում արել. «Պետական ցանկացած որոշման հիմքում պետք է ընկած լինի հայրենիքի շահն ու այդ որոշման արդյունքների և հետևանքների մանրակրկիտ հաշվարկը։ Մինչդեռ այս պարագայում ակնհայտ է այլոց շահերից բխած շտապողականությունը։ Իսկ դա նշանակում է, որ կարող են լինել ծանր հետևանքներ, որոնք կրելու ենք բոլորս՝ առանց բացառությունների»։
Փաստորեն, ըստ տավարիշչ Վանեցյանի, որին վստահվել է ՀՀ ազգային անվտանգության ոլորտի կառավարումը, ԱՄՆ-ի և ՀՀ-ի միջև բարեկամական և ռազմավարական գործընկերության խորացումը բխում է ոչ թե փոքր, հարևաններից առնվազն երկուսի հետ չկարգավորված ու գերզգայուն հարաբերություններ ունեցող ՀՀ-ի, այլ գերիշխան պետություն ԱՄՆ-ի շահերից։ Այդ գերտերություն Ամերիկան էր, որ ստիպում էր ՀՀ-ին զարգացնել իր ժողովրդավարական ինստիտուտները և դավադրաբար շտապեցնում իր հետ նման փաստաթուղթ ստորագրել՝ ֆիքսելով՝ «ուժեղ, անկախ, ինքնիշխան և ժողովրդավարական Հայաստանը, որն ի զորու է պաշտպանել իր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, առանցքային է տարածաշրջանային տևական անվտանգության և բարգավաճման համար»։ Ռուսը լիներ կասեր՝ «կակայա դոսադա, վեկ վոլի նե վիդած»:
Զավեշտ է, երբ «մանրակրկիտ հաշվարկից», այն էլ՝ արտաքին քաղաքականությանն առնչվող, խոսում է մեկը, որը ի պաշտոնե չի կարողացել հաշվարկել անգամ սեփական հեռախոսազանգերի գաղտնիությունը՝ դառնալով սկանդալային գաղտնալսման թիրախ։ «Մանրակրկիտ հաշվարկ»-ի իր իմացած այդ մոդելով էր երևի, որ պարոն Վանեցյանը, թողնելով ԱԱԾ ղեկավարի պաշտոնը, հայտարարում էր, որ ՀՀ-ում կան դրսից ֆինանսավորվող քաղաքական ուժեր, որոնք ակտիվ քաղաքական գործունեություն են ծավալում՝այդպես էլ չնշելով դրանց անունը (սովետի օրոք դատախազների աշխատանքի մասին իր պատմած անեկդոտը վկա՝ «Главное, в ходе следственных действий не выйти на самих себя»), այդ մանրակրկտ հաշվարկի հիման վրա է, որ ռուս պրոպագանդիստ Սոլովյովի տաղավարում 2021-ի ԱԺ ընտրություններից առաջ, հավակնելով վերցնել ՀՀ-ում իշխանությունը, տրվում էր ռուսական ագիտպրոպի սադրիչ հարցին ու «Կռիմ նաշ» էր ազդարարում։ Վանեցյանի իմացած «մանրակրկիտ հաշվարկը», հաշվի առնելով նրա քաղաքական նախասիրությունները, այն պետք է լիներ, որ ՀՀ-ն շարունակեր մնալ հետքառասունչորսօրյա պատերազմի իրավիճակում, դաշնակցի կողմից դավաճանված ու «քցված», ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմին դեմ հանդիման, սեփական ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը բախտի քմահաճույքին թողած՝ «բրախած», ՀՀ սահմանների տեղը չիմացող ՀԱՊԿ-ի դիտորդների հույսին մնացած, կարճ ասած՝ աբսուրդի ժանրի հայտնի պիեսի սյուժեին հավատարիմ՝ «Գոդոյին սպասելիս»։
Ի դեպ, քանի որ «ժանրերի» թեման բացվեց, ապա «ժանրի կանոնները» հուշում են, որ սեփական երկրի մասին վանեցյանաբար դատող քաղաքական սուբյեկտները, որոնց թիվը, ի դեպ, քիչ չէ, շուտով (ըստ ամենայնի՝ Կոպիրկինի կոնտորայից իջեցված հրահանգով) կմոբիլիզացվեն, ու կտրվի Նիկոլ Փաշինյանին գահընկեց անելու օրակարգով փողոցային պայքարի հերթական մեկնարկը՝ ՀՀ-ին սպառնացող եվրոպա-ամերիկյան «կործանարար ինտեգրացիան» կանխելու սրբազան նպատակով։ Ինչ արած. «Пилите , Шура, пилите…!»։
Նյութի աղբյուր