Իմիշլիում պահանջում են Իլհամ Ալիևի հրաժարականը

Հունվարի 18-ին Ադրբեջանի Իմիշլի բնակավայրում արտակարգ պատահար է տեղի ունեցել: Ըստ ՆԳՆ պաշտոնական հաղորդագրության՝ ճանապարհային ոստիկանության մեքենան, որպեսզի խուսափի հանդիպակաց հայտնված տրանսպորտային միջոցի հետ բախումից, փողոցի երթևեկելի հատվածից դուրս է եկել և հարվածել կողնակում գտնվող մի քանի երեխայի:

Բախման հետևանքով երկու երեխա տեղում մահացել է, երքը՝ հոսպիտալացվել: Ըստ դեռևս չճշտված տեղեկությունների՝ նրանցից մեկը հիվանդանոցի ճանապարհին նույնպես մահացել է, մյուս երկուսի մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, նրանք գտնվում են շրջանային բուժկենտրոնի վերակենդանացման բաժնում:

MeydanTV-ն, որ գործում է Եվրոպայում, հղելով տեղի աղբյուրներին, հայտնում է, որ վրաերթի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ է ստացել նաև մի կին, որի մասին պաշտոնական տեղեկություն չի տարածվել: Վնասվածքներ է ստացել նաև ճանապարհային ոստիկանության պարեկային մեքենայի վարորդը:

Համացանցում և սոցիալական մեդիայում տարածվել են տեսանյութեր, որ պատկերում են ոստիկանության աշխատակիցների և իմիշլիցիների բախումները: Հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են դեպքի վայրում, վնասել, ապա գլխիվայր շրջել ոստիկանական մեքենան: Այդ առթիվ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ մի խումբ անձինք խուլիգանական մղումներից դրդված փորձել են անկարգություններ հրահրել: Մի քանի անձ ձերբակալվել է, հարուցվել է քրեական գործ:

Ըստ երևույթին՝ բողոքի ակցիայի մասնակիցների ձերբակալություններն ավելի են սրել իրավիճակը: Մի շարք թելեգրամ-ալիքներ հաղորդում են, որ Իմիշլիի կենտրոնական հատվածը, որտեղ շրջանային գործադիր իշխանության նստավայրն է, փակ է և հսկվում է ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից:

Հարակից մի քանի փողոցներում հարյուրավոր ցուցարարներ վանկարկել են հրաժարականի պահանջ: Նրանց նկատմամբ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել: Տուժածների մասին առայժմ տեղեկություն չկա: Անկախ աղբյուրները պնդում են, որ ճանապարհային ոստիկանության մեքենայի վարորդը գտնվել է անսթափ վիճակում:

Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր Գյուլթեքին Հաջիբեյլին ֆեյսբուքյան գրառում է կատարել: «Իմիշլիից ստացվող պատկերները մարդու երակներում արյուն են սառեցնում: Դուք սպանել եք նրանց երեխաներին և հարկադրում, որ մարդիկ չբողոքե՞ն, էլ ի՞նչ եք ուզում այս ժողովրդից»:

Ընդդիմադիր Ժողովրդական ճակատ կուսակցության «Ազադլըգ» թերթի խմբագիր Գանիմադ Զահիդովը գտնում է, որ ոստիկանության ամենաթողությունը հրահրում է անձամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: «Այդ նա է հայտարարել, որ երկրում ոչ ոք չի կարող քննադատել ոստիկանին»,- ֆեյսբուքի անձնական էջում գրել է Զահիդովը և ավելացրել, որ վերջին հինգ տարիներին Ադրբեջանում առաջին անգամ հրապակային հնչել է «հրաժարական» բառը, որ «համաժողովրդական պահանջ է»:

Զահիդովի կարծիքով՝ Իլհամ Ալիևի «բռնապետության ժամանակն այլևս սպառվել է, նա և իշխող ընտանիքը պիտի հասկանան, որ կամավոր հեռանալու պահը հասունացել է»: Ընդդիմությունը, իհարկե, ցանկացած երկրում նման առիթը բաց չի թողնում: Իրականում ի՞նչ է կատարվում Իմիշլիում՝ դեռևս պարզ չէ:

MeydanTV-ի աղբոյւրներն ասել են, որ տեղական իշխանությունները խիստ զգուշացած են, որ ՃՏՊ հետևանքով սպանված երեխաների թաղման արարողությունը կարող է զանգվածային բողոքի ակցիայի վերածվել և ոստիկանությունը ստիպված կլինի ուժ կիրառել:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *