Զելենսկին «մատնեց» Ալիևին

Դավոսում Իլհամ Ալիևի հանդիպումների մասին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքը նրա և Ուկրաինայի նախագահ Զելենսկու բանակցությունների մասին տեղեկատվություն չի տարածել: Բաքվի իշխանական լրատվամիջոցներն ստիպված են եղել այդ հանդիպումը հրապարակայնացնել, երբ տարածվել է այդ մասին Ուկրաինայի նախագահի անձնական սոցցանցային գրառումը:

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը ևս մեկ անգամ ցավակցություն եմ հայտնել «Ադրբեջանական ավիաուղիներ» ընկերության օդանավի խորտակման և մարդկային զոհերի կապակցությամբ: Աղետի վայրից ապացույցներն ակնհայտ են, հարկ է Ռուսաստանի նկատմամբ ճնշում գործադրել, որպեսզի ճշմարտությունը խոստովանի»,- գրել է Զելենսկին և հրապարակել Ալիևի հետ հանդիպման լուսանկարը:

Ուկրաինայի նախագահը նաև բացահայտել է, որ Ալիևի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, ապրանքաշրջանառության ծավալների մեծացման, ինչպես նաև էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունը: «Գնահատում ենք Ուկրաինայի համար Ադրբեջանի ամբողջ օգնությունը»,- ամփոփել է Զելենսկին:

Ուկրաինայի և Ադրբեջանի հարաբերությունները նկատելիորեն բարդ են արդեն շուրջ երեք տարի: Այդ ընթացքում Զելենսկին երկու անձնական ուղերձ է հղել Իլհամ Ալիևին՝ առաջարկելով, որ նա մասնակցի Ուկրաինայում խաղաղության հարցով միջազգային խորհրդաժողովին, որ անցկացվել է Շվեյցարիայում: Ադրբեջանի նախագահի պաշտոնական արձագանքի մասին ոչինչ հայտնի չէ, բայց նա 2024 թվականին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ բացի մարդասիրական օգնությունից՝ որևէ այլ աջակցություն Կիևին չի ցուցաբերի:

Բաքու-Գրոզնի օդանավի աղետից հետո Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հանդես է եկել Ադրբեջանին հետախուզական անհրաժեշտ տեղեկություններ տրամադրելու պատրաստակամության մասին հայտարարությամբ, կայացել է Զելենսկի-Ալիև հեռախոսազրույց: Դավոսում կայացած հանդիպման առանցքային թեման, ինչպես հասկացվում է Ուկրաինայի նախագահի բացահայտումից, ադրբեջանական մարդատար օդանավի աղետի հանգամանքները բացահայտելու հարցում Զելենսկուց Ալիևի ակնկալիքն է եղել:

Օդանավի «սև արկղերի» ձայնագրությունները վերծանված են: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովը հայտարարել է, որ փաստացի նյութերը չեն հաստատում աղետի մասին տարածված վարկածները, որ օդանավը ենթարկվել է արտաքին ազդեցության: Պաշտոնապես նման հայտարարություն հնչեցրել է Իլհամ Ալիևը: Նա «զառանցանք» է անվանել ռուսաստանյան կողմից տարածված տեղեկատվությունը, որ օդանավը բախվել է թռչունների երամի, իսկ դրահում տեղի է ունեցել գազաբալոնի պայթյուն:

Հավելյալ ի՞նչ տեղեկությունների է տիրապետում Ուկրաինայի նախագահը, երբ վստահաբար պնդում է, որ ապացույցներն ակնհայտ են և Ռուսաստանի նկատմամբ պետք է ճնշում գործադրել, որպեսզի խոստովանի ճշմարտությունը: Ադրբեջանական որոշ աղբյուրներ, հղելով Չեչնիայի իրավապահ մարմինների աղբյուրներին, հայտնում են, որ ՌԴ Քննչական կոմիտեի աշխատակիցներին և չեչենական ուժային կառույցներին չի հաջողվել հայտնաբերել ուկրաինական խոցված ԱԹՍ-ի բեկորները:

Բաքվի փորձագետները, ելնելով այդ տեղեկատվությունից, կարծիք են հայտնում, որ ՌԴ ՀՕՊ ուժերն այդ օրը ոչ մի ուկրաինական ԱԹՍ չեն խոցել, բայց դրանց պատճառած վնասների ապացույցներ նույնպես չկան: Դժվար չէ կռահել, որ ադրբեջանական կողմը վարկած է շրջանառում, որ քաղաքացիական օդանավի վայրէջքի գնալու պահին Գրոզնիի օդանավակայանի շուրջ «ուկրաինական ԱԹՍ-ներ չեն եղել»:

Ուկրաինայի նախագահն Իլհամ Ալիևին այդ առումով կարո՞ղ է հավելյալ տեղեկություններ փոխանցել, ի՞նչ հնարավորություններ ունեն ուկրաինական հատուկ ծառայությունները և ռազմական հետախուզությունը: Նրանք ադրբեջանական օդանավի թռիչքը դիտարկե՞լ են: Ակնհայտ է, որ Զելենսկին Ալիևին «մատնել է»՝ բացահայտելով նրա հետ իր առանձնազրույցի ընդգծված հակառուսաստանյան, հակապուտինյան տրամադրվածությունը: Ինչպե՞ս կարձագանքի այս իրողությանը Մոսկվան, որտեղ Ադրբեջանի վերաբերյալ որևէ սուր արտահայտություն դեռևս թույլ չեն տվել: Բայց Զելենսկի-Ալիև հանդիպումն արդեն այն դեպքը չէ: Եթե Մոսկվան նաև այս դեպքը թողնի անարձագանք, ապա իրեն կզրկի որևէ երկրի Ուկրաինայի հետ համագործակցության համար նույնիսկ կշտամբելու իրավունքից:

Նյութի աղբյուր

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *