Երբ նախկին իշխանության օրոք որևէ մեկը հանդգնում էր «շեղվել» «տարածաշրջանի ամենամարտունակ բանակ»-ի մասին քարոզչական դոկտրինից ու մի կիսաթթու խոսք ասել զինված ուժերում տիրող բարքերի, ախտերի՝ կոռուպցիա, հովանավորչություն, «ատկատներ» «բարդակ», «դեդովշչինա» և ամենասարսափելին՝ մահեր, բանակի պաշտպանությունը կուրորեն իրականացնող «քարոզչական բուլդոգները» միանգամից հարձակվում էին «շեղյալների» վրա՝ նախատելով՝ «թուրքը լսում, ուրախանում ա»։ Բանակը այն գերզգայուն ոլորտն է, որը բոլոր իշխանությունների օրոք ենթարկվել է հիբրիդային հարձակումների, և այսօր էլ, ի դեպ, այդ հարձակումները շարունակվում են թե արտաքին շահագրգիռ՝ հակառակորդ պետությունների, թե ներքին շահագրգիռ ուժերի կողմից։
Եվ եթե արտաքին շահառուների նպատակը հասկանալի է՝ ի դեմս ՀՀ-ի տեսնել ոչ թե 44-օրյա պատերազմից հետո սխալներին առերեսված, մեջքը շտկող, վերականգնվող ու ժամանակակից սպառազինությամբ զինվող բանակ, այլ՝ թույլ ու խոցելի, երկրի ինքնիշխանությունն ու անվտանգությունը հոգալ չկարողացող կազմավորում, որի «հարցերը լուծելը» մեկից մեկ է, ապա անհասկանալի է ներպետական որոշ սուբյեկտների (ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներ, իրենց ընդդիմադիր համարող կուսակցություններ) մոտիվացիան։ Արդյոք նրանց գործողությունների նպատակը սեփական երկրի զինված ուժերի հեղինակազրկումն ու բարոյազրկումը չէ՞, ՀՀ քաղաքացիների տեղեկատվական իմունիտետը քայքայելը՝ տպավորություն ստեղծելով, թե գործող իշխանությունները ոչինչ չեն անում իրենց պաշտպանության ուղղությամբ, բանակն էլ բարեփոխումների ֆիկտիվ գործընթացի տակ մտադիր են տանել «վերջնական ջախջախման»։
«Թշնամու ջրաղացին ջուր լցնողների», «թուրքին ուրախացնողների» մասին ժամանակին բավականին կոշտ էր արտահայտվում, ընդհուպ՝ այդպիսիններից զզվում էր նաև պաշտպանության նախկին նախարար, նախկին նախագահ Սերժ Սարգսյանը։ «Ներողություն բառիս համար, ես ընդհանրապես կտրուկ բառեր քիչ եմ օգտագործում, բայց զզվում եմ բոլոր այն մարդկանցից, ովքեր փորձում են բանակի հաշվին քաղաքական դիվիդենդներ շահել»,- 2010-ին այսպես էր արձագանքել «բանակը պախարակողներին» Սերժ Սարգսյանը՝ հավելելով՝ «բանակը հասարակության հայելին է, և այն թերությունները, այն խնդիրները, որ գոյություն ունեն հասարակության մեջ, այս կամ այն չափով, իհարկե, միշտ գոյություն են ունենալու բանակում՝ լինի դա Հայաստանում, Միացյալ Նահանգներում, Հնդկաստանում, թե այլուր»։
Այսօր՝ նախագահի «պոստը» թողնելուց հետո, սակայն, Սերժ Սարգսյանը, նրա թիմի որոշ ներկայացուցիչներ, ինչպես նաև նախկին իշխանության շատ հայտնի դեմքեր ցուցաբերում են նույն այն վարքագիծը, որից ժամանակին, ինչպես հիշեցրինք, զզվում էր ինքը՝ նախկին նախագահը։ Ինչն է ցավալին ու միաժամանակ նողկալին, որ իր՝ նախարար և նախագահ եղած տարիներին բանակը ներսից ու դրսից լավ իմացած, պատերազմի վետերան Սերժ Սարգսյանը ՀՀ ԶՈՒ կազմավորման 33 ամյակը շնորհավորելիս չի խուսափել իր բնորոշմամբ՝ հասարակության հայելին հանդիսացող այդ ինստիտուտի հասցեին դառնաղի խոսքեր նետել։ Այսպիսի վարքի դրդապատճառն, անշուշտ, մեկն է՝ ՀՀ ԶՈՒ-ում կատարվող հսկայածավալ աշխատանքները, բարեփոխումներն ու արդիականացման գործընթացը կասկածի տակ դնելով «քաղաքական դիվիդենդներ» հավաքել՝ հարվածելով գործող իշխանությանը, հանրության մոտ էլ տպավորություն ստեղծելով, թե խաղաղության գործընթացի մասին խոսող փաշինյանական կառավարությունը բանակը շարունակում է «կազմաքանդել», ինչպես դա արեց 2018-ին՝ «հեղինակազրկելով բանակի գեներալիտետին»…
«Բարեփոխման անվան տակ Հայաստանի կառավարիչներն այժմ էլ բանակի «կերպափոխում» կոչվող տարակուսելի գործընթաց են սկսել, ինչն իրականում բանակը սեփական կերպին նմանեցնելու փորձ է՝ որպես բանակի վերջնական ջախջախման արար: Դա ամեն գնով պետք է կասեցնել»,- իր «շնորհավորական» ուղերձում ազդարարել է ՀՀԿ նախագահն ու հավելել՝ «Հայաստանի Հանրապետության զինված ուժերը կարող են և պարտավոր են վերականգնել երբեմնի փառքն ու գրել հաղթանակների նոր և փառավոր տարեգրություն՝ նաև որպես հարգանքի տուրք հանուն Հայրենիքի իրենց կյանքը զոհաբերած մեր հերոս եղբայրների ու քույրերի, որդիների և դուստրերի անմահ հիշատակին»։ Սերժ Սարգսյանը երևի ակնարկում է, որ իր նկարագրած այդ կարգավիճակին հասնելու, նոր հաղթանակների տարեգրության համար բանակը պետք է վերադառնա այն ժամանակների կերպարին ու կարգավիճակին, երբ ինքը՝ Ս. Սարգսյանն էր նախագահում, քրեական հետապնդման ենթարկվող Սեյրան Օհանյանը, ՌԴ քաղաքացի, այդ երկրում ծվարած Միքայել Հարությունյանն էլ պաշտպանության նախարարներն էին։ Հիշեցման համար ասենք, որ Սեյրան Օհանյանի՝ պաշտպանության նախարար եղած ժամանակներին առնչվող քրեական գործերը Հակակոռուպցիոն դատարանում են։ Պաշտպանական գերատեսչության թիվ մեկ պատասխանատուն նաև ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով պատասխանող է։
Հետևապես Սերժ Սարգսյանի և Սեյրան Օհանյանի կերպարի հետ ասոցացվող բանակը կոռուպցիայի և, ինչպես նախօրեին Հ1-ի եթերում նշեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, «բանկա-բութուլկայով» կահավորված առաջնագծի վերհուշն արթնացնող բանակն է։ Բանակ, որը քայքայող ախտերին, մակաբույծներին (այդ թվում և զինվորական մունդիրի և ուսադիրների տակ ծպտված) հասարակությունն առերեսվեց մասնավորապես 2016-ի քառօրյա պատերազմի ժամանակ։ Ի դեպ, զինված ուժերում բարեփոխումների կամ, «կերպափոխության» մասին. Սերժ Սարգսյանը որպես նախագահ իր պաշտոնավարման ավարտին էլ նախաձեռնեց բանակի արդիականացման 7- ամյա ծրագիր, նախքան այդ էլ՝ ապրիլյան քառօրյայից որոշ ժամանակ անց, գործողության մեջ դրեց «Ազգ-բանակ»-ի և «Ազգ-այգեպան»-ի հայեցակարգը։ «Խաղաղ պայմաններում մենք ազգ-այգեպան ենք, իսկ վտանգի պահին դառնում ենք ազգ-բանակ: Ահա սա է մեր երկրի տերերի, երկրի մշակների և երկրի պաշտպանների հայեցակարգը»,- 2017-ին ազդարարում էր բանակը 5 մատի պես իմացող Սարգսյանը, որը, փաստորեն, երկիրը շուրջ 10 տարի կառավարելուց հետո միայն՝ 2017-ի վերջին որոշեց վերջապես լրջորեն «զբաղվել բանակով»՝ ձեռնամուխ լինելով «ոտքից գլուխ» բարեփոխելու միջոցառումներին։ Իսկ արդեն 2018-ի մարտին դեպի վարչապետի աթոռը սլացող Սերժ Սարգսյանը ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ հանդիպմանը ստիպված էր սեփական շուրթերով ակնարկել ՀՀ ԶՈՒ-ում առկա, այդպես էլ չհաղթահարված չարիքի՝ կոռուպցիայի մասին՝ խոսելով դրա անթույլատրելիության մասին։ «Ամեն մի դրամի կորուստ կամ չարաշահում ուղիղ հարված է ոչ միայն բանակի հեղինակությանը, այլև մարտունակությանը: Կոռուպցիայի դեմ հետևողական և անհանդուրժողական պայքարն այսուհետ պետք է լինի ձեր ծառայության անբաժանելի մասը: Այս գործընթացը երբևէ հնարավոր կլինի հարյուր տոկոսով վերահսկել, եթե յուրաքանչյուր զինծառայող հոգու խորքում ունենա մի յուրատեսակ «տաբու»՝ բանակի և պետության միջոցների յուրացումն աններելի է, դավաճանությանը հավասար հանցագործություն է: Ուզում եմ, որպեսզի մեկ անգամ ևս բոլորի համար շատ հստակ լինի՝ մեր զինվորների, կրտսեր սպայակազմի կողմից անվստահությունը ղեկավար կազմի և ընդհանրապես մեր բանակի և պետության հանդեպ առաջին հերթին դրսևորվում է հենց կոռուպցիոն երևույթներով: Սա բոլորիս համար պետք է շատ հասկանալի լինի: Բայց հասկանալի լինելը շատ քիչ է, բոլորս պետք է պայքարենք այս երևույթի դեմ: Սա դարձել է չարիք՝ չարիք պետության համար, չարիք բանակի համար»:
Ասել, որ Սերժ Սարգսյանն իր նախագահության միայն վերջին մի քանի ամիսներին է տեղեկացել «չարիքների» մասին, նշանակում է ասել, որ Սերժ Սարգսյանը չի տիրապետել պետության անվտանգության երաշխավորի «կլինիկական պատկերին»՝ ցուցաբերելով հանցավոր անգործություն։ Եվ սա այն դեպքում, երբ, իր խոստովանությամբ, ԼՂ խնդրի կարգավորման շուրջ ընթացող բանակցությունները մտել էին «փակուղի», և ինքն էլ գիտեր, որ Ալիևը խնդրի կարգավորման միակ ելքը համարում է պատերազմը։ Ի դեպ, 2018-ին նույն այդ՝ վերոհիշյալ միջոցառման ժամանակ «բանկա-բութուլկաների» էպոխային վերջ դնելու, բանակի արդիականացման «պոյեզից» 10 տարի ուշացած Սարգսյանը միաժամանակ շեշտում էր՝ «մեր բանակը եղել է, կա և լինելու է Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հիմնական գործոնը»։
Այսօր էլ, փաստորեն, կարգավիճակի բերումով լինելով անգործ, զրկված լինելով ՀՀ ԶՈՒ-ում իրականացվող բարեփոխումների ընթացքի վրա ազդելու լծակներից, եթե կուզեք՝ չհաշտվելով իր պաշտոնավարման շրջանից որակապես էապես տարբերվող՝ բարձր ստանդարտների հավակնող, արդիական զինված ուժեր ունենալու, այլ՝ ՌԴ-ից բացի, գործընկերներից սպառազինություն ձեռք բերելու մտքի հետ՝ զբաղված է զզվելի գործով՝ բանակը պախարակելով։
Նրա ու նրա թիմակիցների (ինչպես նաև մեկումեջ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի) կռիվը 2018-ից այս կողմ մեկն է՝ ապացուցել հասարակությանը, որ իրենք հաջորդ իշխանությանը ժառանգել են «չարիքներից մաքրված»՝ չկոռումպացված, մարտունակ ու էտալոնային, ընդհուպ՝ «Իսկանդեր» ունեցող բանակ, իսկ նոր իշխանությունն, ահա, եկավ, բանակը «վարի տվեց»՝ բարեփոխումների մակարդակը իջեցնելով զինվորներին «կլուբնիկ կերցնելու», «մայկա-տռուսիկ» մատակարարելու մակարդակի, հեղինակազրկեց գեներալիտետին, ինչի հետևանքով էլ բանակը պարտության մատնվեց 44-օրյա պատերազմում, այժմ էլ, ահա, մեկ բանի է լծված՝ վերջնականապես ջախջախել իրենց օրոք արած-դրածը, ձևած-կարածը, եփած-չկերածը, կարճ ասած՝ հաղթանակած բանակը…
Հ.Գ. Սերժ Սարգսյանին այդքան «մրմռացրած» ՝ «Բանակի կերպափոխման հայեցակարգ»-ի հիմնական ուղենիշներին հարգելի ընթերցողը կարող է ծանոթանալ հետևյալ հղումով:
Նյութի աղբյուր